20:55  ,  31 մայիսի, 2017

Դավիթ Յուրչենկոյի փոխարեն հավաքական հրավիրվեց Արամ Հայրապետյանը

Մախաչկալայի «Անժիի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի փոխարեն Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Մեր ներկայացուցիչը երկու անգամ հանդիպել է նրա հետ, իսկ նա ասում է, թե ոչ մեկ չի զրուցել իր հետ: Հիմա էլ եմ հայտարարում, գրկաբաց սպասում եմ նրան: Եթե Յուրչենկոն ցանկանում է խաղալ հավաքականում, մի մոռացեք, որ մենք ունեցել ենք փայլուն դարպասապահ՝ Ռոման Բերեզովսկի, որը երբեք չի վախեցել լեգեոնական դառնալուց: Նույնը՝ Սարկիսովն ու Կորյանը: Նրանք սրտով ու հոգով հավաքականի հետ են: Արդեն խոսվել է, որ ԵՏՄ կազմի մեջ մտնող երկրների ֆուտբոլիստները լեգեոնական չեն համարվի, եւ Յուրչենկոն շատ լավ գիտի դա: Կա օրենք, որը գրված է: Բոլոր երկրները ստորագրել են դա: Այդ հարցը բարձրացրել եմ ես ու Բելառուսի ֆեդերացիայի նախագահը: Մուտկոն պատասխանել է, սակայն նրա ասածը օրենք չէ: Ոչ էլ իմ ասածն է օրենք: Լեգեոնական լինել չլինելը խնդիր չէ: Ցանկացողը գալիս է հավաքական:

Արսեն Բեգլարյանին ու Յուրչենկոյին չի կարելի համեմատել ֆուտբոլային որակների առումով: Գուցե հետագայում Բեգլարյանը կարող է լինել ավելի ուժեղ, կամ՝ ոչ: Յուրչենկոն հիմա մեզ շատ պետք է առաջիկա 3 ընտրական խաղերին: Եթե նա չգա, հետագայում ոչ ոք չի կարող ինձ արգելել նրան հեռու պահել հավաքականից: Հիմա նա շատ է պետք մեզ: Եթե նա չգա հիմա, հետո այլեւս պետք չէ: Այժմ ունենք արտասահմանում հանդես եկող լավ դարպասապահ, սակայն նա դեռ պատանի է»,- մայիսի 31-ին Երեւանում տեղի ունեցած ասուլիսում ասել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ մեկնաբանելով Յուրչենկոյի հետ կապված իրավիճակը:

Հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ կսկսի մարզական հավաքը: Թիմը կպատրաստավի հունիսի 4-ին Երեւանում կայանալիք Հայաստան - Սենթ Քիթս եւ Նեւիս ընկերական խաղին եւ հունիսի 10-ին Պոդգորիցայում անցկացվելիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա - Հայաստան հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում