12:06  ,  24 մայիսի, 2017

Արաս Օզբիլիսն «Այաքսին» հաջողություն է մաղթել եզրափակիչում եւ հիշել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը խփած գոլը

Ստամբուլի «Բեշիկթաշի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն իր նախկին ակումբ Ամստերդամի «Այաքսին» հաջողություն է մաղթել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում, ինչպես նաեւ անդրադարձել է մայիսի 22-ին «Մանչեսթեր արենա» ստադիոնում Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունին, որի հետեւանքով զոհվել էր 22 մարդ:

«Մտքերով Մանչեսթերում ենք: «Այաքսին» հաջողություն եմ մաղթում եզրափակիչում: Հուսով եմ, որ արդյունքը կլինի այնպիսին, ինչպիսին նախորդ անգամ «Օլդ Տրաֆորդում» էր»,- Instagram-ում գրել է Օզբիլիսը:

Հիշեցնենք, որ 2012-ին «Այաքսը» Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ, իսկ Արաս Օզբիլիսը դարձել էր գոլի հեղինակ:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում