15:24  ,  19 հուլիսի, 2012

Սպորտի նախարար. Հուլիսի 22-ին Հայաստանի դրոշը կբարձրացվի օլիմպիական ավանում

Այս պահին ինձ եւ ՀԱՕԿ-ին հետաքրքրող եւ անհանգստացնող միակ խնդիրը Լոնդոնի Օլիմպիական խաղերն են եւ մեր մարզիկների պատշաճ մասնակցությունը: Այս մասին հուլիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Հուլիսի 27-ին Լոնդոնում կտրվի 30-րդ Օլիմպիական խաղերի մեկնարկը: Արդեն հուլիսի 20-ին Հայաստանի 30 հոգանոց պատվիրակությունը Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ կմեկնի Լոնդոն:

«Հուլիսի 22-ին տեղի է ունենալու Հայաստանի դրոշի բարձրացման արարողությունը, որը կարեւոր իրադարձություն է Օլիմպիական խաղերին մասնակցող յուրաքանչյուր պետության համար։ Բացի Հայաստանի պատվիրակությունից, դրոշի բարձրացման արարողության ներկա են լինելու նաեւ Անգլիայի հայ համայնքի ներկայացուցիչները: 

Ես հուլիսի 20-ին մեկնում եմ Լոնդոն դիմավորելու մեր մարզիկներին։ Նրանց համար բոլոր պայմաններ ապահովված են՝ իրենց լավ զգալու, որեւէ խնդրի առաջ չկանգնելու, ինչպես նաեւ ոգեշնչվելու համար։ Ճիշտ է, օլիմպիական ավանում բոլորի համար հավասար պայմաններ են, բայց մենք մի քիչ հայկական մոտեցում ենք ցույց տվել եւ հայկական շունչ  տվել մեր մարզիկների  կացարաններին։ Օրինակ` բոլոր մարզիկների պատուհաններից եւ անկյուններից կախված է մեր եռագույնը, միջանցնքերում  Հայաստանը հիշեցնող պաստառներ են, լուսանկարներ։ Ստեղծել ենք հայկական միջավայր եւ մթնոլորտ։ Որպեսզի ամեն վայրկյան մեր մարզիկները իրենց զգան՝ ինչպես Հայաստանում»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։

Սպորտի նախարարը նշեց նաեւ, որ այս տարի առաջին անգամ հայ օլիմպիականներին, իրենց ծառայություններն են մատուցելու հոգեբանները։ 

«Մարզիկների եւ մարզիչների բոլոր պահանջները առավելագույն չափով կատարվել են։ Մեր մարզիկներն պատշաճ կերպով մասնակցել են ուսումնամարզական հավաքների եւ միջազգային մրցաշարերի: Բայց մենք այնքան ենք զարգացել, որ միայն հայաստանյան, ավելի ճիշտ ծաղկաձորյան հավաքներով չեն սահմանափակվել. մեր մարզիկները հավաքներ անցկացրել են նաեւ արտասահմանում։ Բացի հավաքներից այս Օլիմպիական խաղերում մեծ ուշադրության ենք արժանացրել մարզիկների բուժօգնության հարցը։ Բոլոր մարզիկներն ապահոված են համապատասխան ժամանակակից, վերականգնող դեղորայքներով եւ վիտամիններով։ Այս տարի առաջին անգամ Օլիմպիական խաղերում մարզիկներին իրենց ծառայությունները կցուցաբերեն հոգեբանները։ «Այգ» հոգեբանական կենտրոնի հետ հոգեբանների խորհուրդ ենք ստեղծել, որոնք յուրաքանչյուր մարզիկի հետ առանձին աշխատանքն են կատարել եւ կշարունակեն կատարել Խաղերի ընթացքում։ Բոլոր տեխնիկական հարցերը լուծված են։ Մեր մարզիկների հետ լինելու է բժիշկ, մերսող, հոգեբան»,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը։

Սպորտի նախարարի զայրացրեց լրագրողներից մեկի հարցը, թե Օլիմպիական խաղերի ձախողման դեպքում հնարավո՞ր է ՀԱՕԿ ղեկավարության կամ սպորտի նախարարի հրաժարականը։

««Եթե»–ներով չենք խոսելու, բայց ինչի՞ պետք է հրաժարական տա ինչ-որ մեկը: Ես պետք է նշեմ, որ անհաջողությունների դեպքում բոլորիս համար էլ ցավալի կլինի։ Եթե մի նախադասության մեջ կա եթե, ուրեմն հարկ չկա այլեւս այդ նախադասությունը կամ միտքը շարունակել։ Ես վստահեցնում եմ, որ մեզ անհրաժեշտ է միայն մարզական հաջողություն։ Մենք պատրաստ ենք թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Ամեն ինչ արված է մեր մարզիկների համար։ Ու այն մարդիկ, ովքեր պեսիմիստորեն են տրամադրված այս Խաղերին, կամ ակնկալում են ձախողում, այդ մարդիկ հաստատ Խաղերի վերջում իրենց վատ կզգան»,- եզրափակեց Հրաչյա Ռոստոմյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս