14:31  ,  26 ապրիլի, 2017

Հակոբ Սերոբյան. Ապրիլի 24-ին Ստամբուլում էինք՝ «Արմենիա» գրությամբ շապիկներով

Ռումինիայից Հայաստան վերադարձանք Թուրքիայով, եւ հենց ապրիլի 24-ին հասանք  Ստամբուլ: Այդ օրը ամբողջ թիմով «Արմենիա» գրությամբ շապիկներով էինք, բոլորս էլ գլուխներս բարձր ու հպարտ: Մեզ անգամ շնորհավորում էին մեդալ նվաճելու կապակցությամբ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ ամփոփելով Ռումիանիայում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները:

«Եվրոպայի առաջնության արդյունքներից գոհ ենք: Մասնավորապես, շատ գոհ եմ Հարություն Մերդինյանից: Չէինք ցանկանում այդ մասին շատ խոսել, բայց Հարությունը վնասվածքով մասնակցեց: Օլիմպիական խաղերից հետո նրա դաստակը շեղ է կպել: Հենց այդ պատճառով նա Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում ընկավ, չկարողացավ լավ կատարել վարժությունը, բայց Եվրոպայում արդեն իրեն արդարացրեց: Նա մեզ պարզերես արեց (ժպտում է): Ռումինիայից Ստամբուլով վերադարձանք, հենց ապրիլի 24-ին հասանք  Ստամբուլ: Այդ օրը ամբողջ թիմով «Արմենիա» գրությամբ շապիկներով էինք եւ բոլորս էլ գլուխներս բարձր ու հպարտ: Մեզ անգամ շնորհավորում էին մեդալ նվաճելու կապակցությամբ:

Արթուր Դավթյանի համար այս Եվրոպայի առաջնությունն ամենաբարդն էր: Բազմամարտում ավելացրեց իր արդյունքները: Նոր կանոնադրության համաձայն՝ Արթուրը հենացատկում երկրորդ ցատկում զիջեց, քանի որ նոր ցատկ չէինք հասցրել սովորել:

Վահագն Դավթյանն արեց այն, ինչ կարող էր: Սա նրա հնարավորությունների առավելագույնն էր այս պահին:

Դժգոհ եմ օղակների վարժությունում երկրորդ տեղով եզրափակիչ դուրս եկած Արթուր Թովմասյանից: Նա ցատկի ժամանակ շփոթվեց, 7-8/10-րդական ուղղակի նվիրեց իր մրցակիցներին:

Դժգոհ եմ Վիգեն Խաչատրյանից: Զարմանալի էր՝ նա չարեց այն, ինչ իրականում կարող էր: Տեսնում էի, ու մտածում, թե այդ ինչ է անում: Այնպիսի սխալներ թույլ տվեց, որ անհասկանալի էր: Եթե այսպես շարունակվի, նա չի ընդգրկվի մեծահասակների հավաքականում: Ես նման մարզիկներին թույլ չեմ տա մտնել հավաքական, եթե միայն մարզումների ժամանակ պետք է լավ կատարեն վարժությունը, իսկ մրցումների ժամանակ վախենան:

Արմեն Պետրոսյանը չէր կարող եզրափակիչ մտնել: Նա էլ արեց այն, ինչն իր հնարավորությունների սահմանում էր»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հավաքականի ավագ մարզիչը նշեց, որ լրագրողների հետ հանդիպմանը եկել էր Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ հանդիպումից:

«Սպորտի նախարարի հետ հանդիպմանը քննարկեցինք Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի վերանորոգման հարցը: Արդեն հայտնել եմ, որ շուտով մեզ կհասնի մոտ 36 հազար եվրո արժողությամբ նոր մարզագույքը, որը նվեր ենք ստացել: Մաքսազերծման հարցը լուծվեց ՀԱՕԿ-ի շնորհիվ: Բայց խնդիր ունեինք այդ մարզագույքը մեր կիսաքանդված դահլիճում տեղադրելու հարցում: Այսօր նախարարը խոստացավ, որ այդ հարցը եւս կլուծի, մարզադպրոցի դահլիճը կվերակառուվի, հատակը կհարթեցվի, որպեսզի հնարավոր լինի նոր ցատկահարթակը տեղադրել: Այլապես ես հայտարարել էի, որ թույլ չեմ տալու թեք հատակին նոր ցատկահարթակը դնել, քանի որ այն շատ շուտ դուրս կգար շարքից: Ես նաեւ բարձրացրեցի հենացատկի փոսի հարցը: Այն եւս կլուծվի, քանի որ Արթուր Դավթյանի համար նոր ցատկ սովորելու համար մեր եղած փոսը հարմար չէ, նույնիսկ վտանգավոր է: Իսկ աշխարհի առաջնության համար մենք պետք է նոր՝ երկրորդ շատ բարդ ցատկ սովորենք, որպեսզի գնանք մեդալի համար պայքարի»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Առաջիկայում մարմնամարզիկներն ունեն մի քանի կարեւոր մրցաշարեր եւ կնախապատրաստվեն աշխարհի առաջնությանը:

«Առաջիկայում ամենակարեւոր մրցաշարը աշխարհի առաջնությունն է, որը կայանալու է սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 9-ը Կանադայում: Կազմն արդեն որոշված է՝ Վահագն Դավթյանը՝ օղակներ, Հարություն Մերդինյանը՝ նժույգի թափեր եւ Արթուր Դավթյանը՝  հենացատկ: Իսկ մինչեւ այդ Արթուր Ավետիսյանը, Ժորա Սմբատյանը եւ Գագիկ Խաչիկյանը կմասնակցեն պատանեկան Օլիմպիական խաղերին: Իսկ ամռանը Համաշխարհային ուսանողական խաղերում կունենանք երկու մասնակից՝ Արթուր Դավթյան եւ ու Արթուր Թովմասյան»,- հայտնեց մարզիչը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար մեդալ նվաճեց միայն Հարություն Մերդինյանը, որը երրորդ տեղը գրավեց նժույգի վարժությունում: Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը գրավել էր չորրորդ, իսկ Արթուր Թովմասյանը՝ 7-րդ տեղը: Արթուր Դավթյանը բազմամարտում 6-րդն էր, իսկ հենացատկում՝ 5-րդը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում