20:48  ,  26 մարտի, 2017

Հայաստան - Ղազախստան. Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց (ֆոտո)

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթանում է  ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի E խմբի 5-րդ տուրի  Հայաստան - Ղազախստան հանդիպումը:

Հայաստանի հավաքականը խաղը սկսել էր 4-1-4-1 տակտիկական սխեմայով: Խաղի առաջին րոպեին Հայաստանի թիմն անցկացրեց վտանգավոր գրոհ, որի ժամանակ Գեւորգ Ղազարյանը բախվեց մրցակցի դարպասապահի հետ եւ չկարողացավ շարունակել հանդիպումը: Պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպանին դաշտից դուրս բերեցին պատգարակով, իսկ նրա փոխարեն խաղացադաշտ դուրս եկավ Տիգրան Բարսեղյանը մակեդոնական «Վարդարից»:

Դաշտի տերերն առաջին վտանգավոր պահը ստեղծեցին եւ չօգտագործեցին 9-րդ րոպեին, երբ Արթուր Սարկիսովը որոշեց միայնակ ավարտին հասցնել գրոհը եւ փոխանցում չկատարել ավելի լավ դիրքում գտնվող Տիգրան Բարսեղյանին: Հյուրերը պատասխանեցին 12-րդ րոպեին, երբ գեղեցիկ գրոհից հետո Արսեն Բեգլարյանը որսաց ոչ այնքան հաջող հարվածը: Սկզբնամասում խաղն անցնում էր հավասար պայքարում: Ղազախները հանգիստ վերահսկում էին գնդակը, իսկ դաշտի տերերը չէին դիմում լուրջ պրեսինգի:

20-րդ րոպեին Հայաստանի հավաքականը տուգանային հարվածի իրավունք ստացավ վտանգավոր դիրքում, սակայն Հենրիխ Մխիթարյանի հարվածը հաջող չստացվեց: 23-րդ րոպեին ստադիոնում հավաքված երկրպագուները միասին «ալիք» բարձրացրին, բայց դա չանդրադարձավ խաղի տեմպի վրա: Հանդիպման տեմպը բարձր չէր, իսկ իրական գոլային պահեր չկային: Տանտերերը հաշիվը բացելու հրաշալի պահ ունեցան 30-րդ րոպեին, երբ Մարկոս Պիզելին չկարողացավ գրավել դարպասը հարմար դիրքից:

Խաղի ամենաիրական գոլային պահը եղավ 37-րդ րոպեին: Հենրիխ Մխիթարյանը, պատ խաղարկելով Մարկոս Պիզելիի հետ, դուրս եկավ հարվածային դիրք եւ կատարեց հարված, որից հետո գնդակի դիպավ դարպասաձողին եւ դուրս եկավ դաշտից: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականն ավելի ակտիվ էր, բայց թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով