19:53  ,  25 մարտի, 2017

Ալեքսանդր Բորոդյուկ. Հայ ֆուտբոլիստները միշտ առանձնացել են լավ տեխնիկայով

Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը Երեւանում կայացած նախախաղային ասուլիսում խոսեց Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության առաջիկա ընտրական հանդիպման մասին:

«Հայաստանի եւ Կիպրոսի հավաքականները նման են տեխնիկայի առումով: Դեռ խորհրդային ժամանակներից այստեղի խաղացողներն առանձնացել են լավ տեխնիկայով: Կիպրոսում կայացած ընկերական խաղում առաջին խաղակեսը լավ խաղացինք, հետո թույլ տվեցինք սխալներ: Այդ խաղն արդեն անցյալում է: Մենք հավաքվել ենք եւ քննարկել այդ խաղը: Հուսով եմ՝ այս խաղում թույլ չենք տա այդպիսի սխալներ եւ կհասնենք ավելի լավ արդյունքի:

Ֆուտբոլ խաղում են 11 խաղացողներ: Ցանկացած թիմում կան առաջատարներ ու աստղեր: Հենրիխ Մխիթարյանը ձեր թիմի առաջատարն է, սակայն դաշտում խաղում է թիմը: Միայն թիմը կարող է լուծել լուրջ խնդիրներ: Պետք է արժանի խաղով ուրախացնենք մեր երկրպագուներին: Թիմի համար կարեւոր են նաեւ նրանք, ովքեր չեն խաղում:

Խաղի ծրագրի մասին չեմ խոսի, քանի որ դա չեն նշում խաղից առաջ: Մեր միակ ծրագիրը հաղթելն է: Տակտիկական նրբությունների մասին քննարկվում է միայն թիմի ներսում:

Չգիտեմ՝ ինչ խաղ սպասել Հայաստանի հավաքականից: Հուսով եմ, որ վաղը 2 թիմերն էլ կցուցադրեն որակյալ ֆուտբոլ, սակայն այսպիսի խաղերում առաջին հերթին ընդգծվում է վարպետությունը: Հուսով եմ՝ վաղը երկրպագուները կտեսնեն հետաքրքիր ու լուրջ հանդիպում:

Այժմ փորձում եմ իմ ֆուտբոլային փորձը փոխանցել խաղացողներին: Ղազախստանի թիմում կան տաղանդավոր տղաներ, որոնք աստիճանաբար կցուցադրեն իրենց լավագույն որակները: Ինձ համար գլխավորն այն է, որ խաղացողները հասկանան՝ հավաքականում պաշտպանում են իրենց երկրի մարզական պատիվը: Մենք հետեւելու ենք Ղազախստանի երիտասարդ ֆուտբոլիստներին: Գրանատկինի մրցաշարը ցույց տվեց, որ ունենք տաղանդավոր երիտասարդներ»,- ասաց ռուս մասնագետը:

Հայաստան - Ղազախստան խաղը կկայանա մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում