Հոլանդիան ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) խոսել է իր առաջիկա մրցակից ամերիկացի Քրիս Վայդմանի հետ մենամարտի մասին: Միջին քաշային կարգի մենամարտը տեղի կունենա UFC 210 մրցաշարում, որը կանցկացվի ապրիլի 8-ին ամերիկյան Բաֆալոյում:
«Վայդմանն ամուր ու փորձառու մարտիկ է, սակայն չի կարելի ասել, որ նա շատ լավն է: Նա մենամարտի դուրս կգա շատ վստահ, իսկ ես կլինեմ ավելի վստահ: Վայդմանն առաջ է շարժվելու եւ մտածում է, որ կարող է ճնշել ինձ, սակայն ես անակնկալ ունեմ նրա համար»,- Մուսասիի խոսքը մեջբերում է mmamania.com-ը:
Հիշեցնենք, որ 32-ամյա Վայդմանը UFC-ի նախկին չեմպիոն է եւ տիտղոսը նվաճել էր 2013-ին: Ամերիկացին խառը մենամարտերում անցկացրել է 15 մենամարտ, տարել 13 հաղթանակ, իսկ նախորդ 2 մենամարտերում պարտվել է: 2016-ին նա անցկացրել է մեկ մենամարտ եւ նոկաուտով պարտվել կուբացի Յոել Ռոմերոյին:
Գեղարդ Մուսասին նախորդ մարտն անցկացրել է նոյեմբերի 20-ին, երբ նոկաուտով հաղթանակ էր տարել ջամայկացի Յուրայ Հոլի դեմ ռեւանշ մենամարտում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում