00:02  ,  26 փետրվարի, 2017

Ռոբերտ Էմմիյան. Լեւոն Աղասյանի ոսկե մեդալը ես հանձնեցի (ֆոտո)

Կապանցի եռացատկորդ Լեւոն Աղասյանը նվաճել է Բելգրադում անցկացված աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնության չեմպիոնի տիտղոսը: 17 երկրների ներկայացուցիչների հետ պայքարում երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, Ռիո-2016-ի մասնակից Աղասյանը եռացատկում ցույց է տվել 16.36 մետր արդյունք:  Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բելգրադից հայտնեց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը:

«8 մասնակից ունեինք տարբեր մրցաձեւերում, բոլորն էլ հրաշալի հանդես եկան, Հայաստանի ռեկորդներ սահմանեցին: Լեւոն Աղասյանը փայլեց եռացատկում, իրեն հավասարը չունեցավ: Մեր թիմը այս մրցաշարից հետո չի վերադառնա Հայաստան, մենք այստեղ կմնանք եւ կանցկացնենք եւս մեկ ուսումնամարզական հավաք մինչեւ Եվրոպայի առաջնությունը, որը կայանալու է մարտի 2-5-ը Բելգրադում: Մինչեւ այսօր Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք ունեին մեր 2 առաջատար մարզիկները, այսօրվա արդյունքներից հետո մասնակիցների թիվը հասավ 5-ի: Մինչեւ առաջնությունը կորոշենք, թե ովքեր եւ որ մրցաձեւերում հանդես կգան: Շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի կապակցությամբ: Լեւոն Աղասյանի մեդալը ես հանձնեցի, հնչեց նաեւ Հայաստանի հիմնը»,- ասաց Ռոբերտ Էմմիյանը:

Հիշեցնենք, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի եռացատկի մրցաշարում Լեւոն Աղասյանը գրանցել էր 15.54 մետր արդյունք եւ չէր կարողացել հաղթահարել որակավորման արգելքը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Ռոբերտ Էմմիյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում