01:40  ,  11 դեկտեմբերի, 2016

Անկրկնելի Սերխիո Ռամոսը «Ռեալին» հաղթանակ բերեց վերջին վայրկյաններին

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Ռեալը» Մադրիդում 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Լա Կորունիայի «Դեպորտիվոյի» նկատմամբ: Մադրիդցիների հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը:

Առանց Կրիշտիանու Ռոնալդուի, Քարիմ Բենզեմայի, Գարեթ Բեյլի ու Լուկա Մոդրիչի խաղացող Արքայական ակումբն առաջին խաղակեսում գրեթե չուներ առավելություն եւ ստեղծեց 1-2 վտանգավոր պահեր, որոնք օգտագործել չհաջողվեց: Առաջին կեսում հաշիվը բացելու հնարավորություն ունեցավ նաեւ «Դեպորտիվոն», սակայն թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան գեղեցիկ հարվածով առաջ մղեց «Ռեալին», որին շուտով սպասվում էր տհաճ անակնկալ: Փոխարինման դուրս եկած իսպանացի հարձակվող Խոսելուն 2 րոպեում դարձավ դուբլի հեղինակ՝ առաջ մղելով հյուրերին: Բաց թողած գոլերից հետո «Ռեալն» ուներ հսկայական տարածքային առավելություն եւ գրեթե չէր հեռանում մրցակցի կիսադաշտից, սակայն իրական գոլային պահեր ստեղծել չէր հաջողվում: Այնուամենայնիվ, վերջնամասում դաշտի տերերը հաղթանակ կորզեցին: 84-րդ րոպեին «Ռեալի» երկրորդ գոլը խփեց փոխարինման դուրս եկած Մարիանո Դիասը, իսկ հաղթական գոլը գրանցվեց ավելացված ժամանակում: Վերջին րոպեներին գոլ խփելու մասնագետ Սերխիո Ռամոսն անկյունային հարվածի խաղարկման արդյունքում աչքի ընկավ գլխի հարվածով:

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 37 միավոր եւ պահպանում է 6 միավորի առավելությունը երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայի» նկատմամբ:

Հիշեցնենք, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Ռոնալդուին ու Մոդրիչին հանգստի հնարավորություն էր տվել Ճապոնիայում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը մեկնելուց առաջ, իսկ Բենզեման ու Բեյլը չխաղացին վնասվածքի պատճառով:

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ռեալ» - «Դեպորտիվո»՝ 3:2

Ալվարո Մորատա, 50, Մարիանո Դիաս, 84, Սերխիո Ռամոս, 90+2 – Խոսելու, 63, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում