17:40  ,  10 դեկտեմբերի, 2016

Բուդապեշտ. Վարշամ Բորանյանն ու Վոլոդյա Ֆրանգուլյանը լքեցին պայքարը

Բուդապեշտում մեկնարկած ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները մեդալ չնվաճեցին:

Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016թ. Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը (71 կգ) եւ ազատոճային Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ):

Բորանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից եւ, հաղթելով իրանցի Աֆշին Բիաբանգարդին (2:2), դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ 0:6 հաշվով պարտվեց մոլդովացի Դանիել Կատարագային: Քանի որ մոլդովացի ըմբիշը հասավ եզրափակիչ, Բորանյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն առաջին սփոփիչ գոտեմարտում 1:5 հաշվով պարտվեց ռուս Ադամ Կուրակին եւ լքեց պայքարը:

Վոլոդյա Ֆրանգուլյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից՝ 0:4 հաշվով պարտվելով իրանցի Բեհնամ Էհսանպուրին: Իրանցի ըմբիշն էլ պարտություն է կրել կիսաեզրափակիչում, եւ Ֆրանգուլյանը զրկվել է բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունն անցկացվում է առաջին անգամ: Հայաստանի հավաքականի կազմում Բուդապեշտ են մեկնել նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ ազատոճային Գրիգոր Գրիգորյանը (70 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն դեկտեմբերի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում