14:34  ,  1 դեկտեմբերի, 2016

Արթուր Պետրոսյան. Ուզբեկստանի հավաքականի հետ խաղալու ընտրությունը պատահական չէ

Ուզբեկստանի հավաքականը գրեթե նույն մակարդակի թիմ է, ինչ մեր ապագա մրցակից Ղազախստանը, հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, որը պատմել է Ուզբեկստանի հետ ընկերական հանդիպում անցկացնելու որոշման մասին:

«Քանի որ փետրվարին ՖԻՖԱ-ի կողմից նախատեսված չէ ընկերական հանդիպումների հատուկ օր, իսկ մենք անպայման ուզում էինք ընկերական հանդիպում անցկացնել, ընտրել ենք այնպիսի ժամանակահատված, երբ մեր գրեթե բոլոր ակումբները կգտնվեն մեկ վայրում, ինչը կհեշտացնի նրանց կողմից հավաքականին խաղացողների տրամադրումը: Այդ նույն ժամանակահատվածում Թուրքիայում է գտնվելու նաեւ Ուզբեկստանի հավաքականը, որը գրեթե նույն մակարդակի թիմ է, ինչ մեր ապագա մրցակից Ղազախստանի հավաքականը: Հետեւաբար, հենց Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական հանդիպում անցկացնելու մեր ընտրությունը պատահական չէ:

Ավելացնեմ նաեւ, որ խաղալու ենք հիմնականում Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներով: Սա մեզ համար շատ լավ հնարավորություն կլինի ազգային հավաքականների մակարդակի հանդիպման ընթացքում գործի մեջ տեսնել այն ֆուտբոլիստներին, որոնք մինչեւ օրս շատ խաղաժամանակ չեն ստացել հավաքականում»,- մարզիչի խոսքը մեջբերում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ուզբեկստանի հավաքականների միջեւ ընկերական հանդիպումը տեղի կունենա փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին, Թուրքիայի Անթալիա քաղաքում: Հայաստանի եւ Ուզբեկստանի հավաքականները նախորդ անգամ հանդիպել են 2010 թվականի մայիսի 25-ին: Երեւանում կայացած ընկերական խաղում դաշտի տերերը հաղթել են 3:1 հաշվով: Դուբլի հեղինակ էր դարձել Էդգար Մանուչարյանը , մեկ անգամ էլ աչքի էր ընկել Հենրիխ Մխիթարյանը: Ազգային թիմերն ընկերական խաղ անցկացրել են նաեւ 2001 թվականի փետրվարի 12-ին, երբ Հայաստանի հավաքականը հաղթել է 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում