09:41  ,  1 դեկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Կարող էինք խփել ավելի շատ գոլեր

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան «Վեստ Հեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում (4:1) 2 գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ոգեւորված եմ իմ ու թիմի ելույթից: Մենք կատարեցինք լավ աշխատանք: Հաղթանակի հասնելու համար փորձեցինք ցուցադրել մեր լավագույն խաղը, քանի որ «Վեստ Հեմի» դեմ նախորդ հանդիպումը հաջող չէր մեզ համար: Կարծում եմ՝ ամեն բան ստացվեց, եւ մենք շատ ուրախ ենք:

Նախորդ խաղում չկարողացանք օգտագործել մեր պահերը, իսկ այսօր ստացվեց: Գուցե այս անգամ արեցինք ավելին, քան պետք է անեինք եւ խփեցինք 4 գոլ: Հնարավոր է, որ կարող էինք խփել ավելի շատ գոլեր, բայց վերջնամասում կանգ առանք: Կարծում եմ՝ անցկացրինք հրաշալի խաղ, որում հիանալի էինք պաշտպանությունից անցնում հարձակման: Պետք է շարունակենք աշխատանքը, որպեսզի պատրաստ լինենք «Էվերտոնի» դեմ հաջորդ խաղին:

Երբեմն շատ հոգնած ես լինում խաղից հետո, սակայն դա շատ լավ է, քանի որ խաղադաշտում ներդնում ես բոլոր ուժերդ: Բոլորը հոգնած են, բայց գոհ են: Իհարկե, միշտ հաճելի է հաղթել, քանի որ այդ դեպքում ավելի արագ ես վերականգնվում, իսկ հանդերձարանում լավ տրամադրություն է: Դա այն է, ինչ փորձում ենք անել»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե եւ «Մանչեսթեր Յունայթեդի» թվիթերյան էջում անցկացված քվեարկությամբ ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ` ստանալով ձայների 78 տոկոսը: «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 4:1 հաշվով, իսկ հաջորդ փուլում կմրցի «Հալ Սիթիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում