01:52  ,  1 դեկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակն ու Հենրիխ Մխիթարյանի 2 գոլային փոխանցումը

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում առավելության հասնելով «Վեստ Հեմի» նկատմամբ՝ 4:1: Հանդիպման մեկնարկից առաջ թիմերն ու երկրպագուները լռության րոպեով հարգեցին ավիաաղետի զոհ դարձած բրազիլական «Շապեկոենսեի» ֆուտբոլիստների եւ մարզիչների հիշատակը: Թիմերը խաղացին սգո սեւ թեւկապերով:

Արդեն երկրորդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կրնկով կատարած փոխանցումից հետո շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բացեց հաշիվը: 35-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարությունը անգլիացի կիսապաշտպան Էշլի Ֆլեթչերի գոլի շնորհիվ:

Ընդմիջումից հետո Հենրիխ Մխիթարյանը աչքի ընկավ երկրորդ գոլային փոխանցումով: Նրա սուր փոխանցումից հետո հաշիվը 2:1 դարձրեց Անտոնի Մարտիալը: Ֆրանսիացին դարձավ նաեւ դուբլի հեղինակ՝ 3:1: 90-րդ րոպեին Մխիթարյանին փոխարինեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը: Ավելացված երրորդ րոպեին իր երկրորդ գոլը խփեց նաեւ Իբրահիմովիչը:

Կիսաեզրափակիչում են նաեւ «Լիվերպուլը», «Հալ Սիթին» եւ «Սաութհեմփթոնը»:

Անգլիական լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 4:1

Զլատան Իբրահիմովիչ, 2, 90+3 Անտոնի Մարտիալ, 48, 62 – Էշլի Ֆլեթչեր, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով