09:11  ,  16 նոյեմբերի, 2016

Լյուիս Հեմիլթոնը գերազանցել է Միխայել Շումախերի ռեկորդը

«Մերսեդեսի» մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնն այս հանգստյան օրերին առաջին անգամ հաղթել էր Ֆորմուլա-1-ի Բրազիլիայի Մեծ մրցանակում: 31-ամյա բրիտանացին դարձել է Ֆորմուլա-1-ի պատմության առաջին մարզիկը, որը հաղթում է 24 տարբեր մրցուղիներում:

Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում է «Ֆերարիի» գերմանացի արշավորդ Միխայել Շումախերին, որը հաղթել է 23 տարբեր մրցուղիներում, գրում է Bild-ը:

Բրազիլիայի Մեծ մրցանակում Միխայել Շումախերը տարել է 4 հաղթանակ:

Հիշեցնենք, որ դա Լյուիս Հեմիլթոնի 9-րդ հաղթանակն էր այս մրցաշրջանում: Ֆորմուլա-1-ի այս մրցաշրջանը կավարտվի Աբու Դաբիի Մեծ մրցանակով, որում հայտնի կդառնա նաեւ չեմպիոնը: Տիտղոսի համար կպայքարեն գործող չեմպիոն Հեմիլթոնը եւ «Մերսեդեսի» մեկ այլ ներկայացուցիչ Նիկո Ռոսբերգը, որն ընդհանուր հաշվարկի առաջատարն է եւ 12 միավորի առավելություն ունի իր թիմակցի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում