18:40  ,  28 հոկտեմբերի, 2016

Ժոզե Մոուրինյո. Մենք հավատում ենք Հենրիխ Մխիթարյանին, ոչ մի խնդիր չի լինի

Մենք հավատում ենք Հենրիխ Մխիթարյանին եւ ոչ մի խնդիր չի լինի, ասել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի նախախաղային ասուլիսում:

«Մխիթարյանը վնասվածք չունի: Անգլերենի նրբություններն են պատճառը, որ ինձ սխալ են հասկացել: Երբեմն ես ոչ այնքան ճիշտ եմ օգտագործում «պատրաստ է խաղին» ձեւակերպումը: Երբեմն ավելի լավ է ասել, որ ֆուտբոլիստը վնասվածք չունի: Պորտուգալերենում այդ ձեւակերպումներն օգտագործվում են այլ համատեքստում: Կրկնեմ՝ Մխիթարյանը վնասվածք չունի, նա մարզվում է թիմի հետ 100 տոկոս ծանրաբեռնվածությամբ:

Կարծում եմ՝ անգլիական ֆուտբոլում որոշ խաղացողների հարմարվելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ: Ոմանց այդ գործընթացը հեշտ է տրվում, մյուսները հարմարվում են ավելի ուշ: Ինտենսիվությունը, ագրեսիվությունը, առանց գնդակի խաղը զգալու եւ ավելի մրցունակ դառնալու համար նրանց ժամանակ է պետք: Մխիթարյանին ժամանակ է պետք: Նա գիտի, որ կարող է դա անել: Վիլիանը վառ օրինակ է: Երբ նա տեղափոխվեց «Չելսի», հարմարվելու հետ խնդիրներ ուներ: Մենք աշխատեցինք նրա հետ, եւ նա դուրս եկավ ամենաբարձր մակարդակի: Նույնը կարող եմ ասել Դի Մարիայի մասին, երբ նա Պորտուգալիայից տեղափոխվեց Իսպանիա:

Մխիթարյանի դեպքում, գործընթացն ընդհատվեց վնասվածքի պատճառով: Մեկ ամսվա ընդմիջումից հետո նա ստիպված է վերադարձնել կորցրածը, հավաքել օպտիմալ մարզավիճակ եւ պատրաստ լինել հաջորդ հանդիպումներին»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի 10-ից:

Անգլիայի առաջնության 10-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարնլի» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում