18:40 28 հոկտեմբերի, 2016Մենք հավատում ենք Հենրիխ Մխիթարյանին եւ ոչ մի խնդիր չի լինի, ասել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի նախախաղային ասուլիսում:
«Մխիթարյանը վնասվածք չունի: Անգլերենի նրբություններն են պատճառը, որ ինձ սխալ են հասկացել: Երբեմն ես ոչ այնքան ճիշտ եմ օգտագործում «պատրաստ է խաղին» ձեւակերպումը: Երբեմն ավելի լավ է ասել, որ ֆուտբոլիստը վնասվածք չունի: Պորտուգալերենում այդ ձեւակերպումներն օգտագործվում են այլ համատեքստում: Կրկնեմ՝ Մխիթարյանը վնասվածք չունի, նա մարզվում է թիմի հետ 100 տոկոս ծանրաբեռնվածությամբ:
Կարծում եմ՝ անգլիական ֆուտբոլում որոշ խաղացողների հարմարվելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ: Ոմանց այդ գործընթացը հեշտ է տրվում, մյուսները հարմարվում են ավելի ուշ: Ինտենսիվությունը, ագրեսիվությունը, առանց գնդակի խաղը զգալու եւ ավելի մրցունակ դառնալու համար նրանց ժամանակ է պետք: Մխիթարյանին ժամանակ է պետք: Նա գիտի, որ կարող է դա անել: Վիլիանը վառ օրինակ է: Երբ նա տեղափոխվեց «Չելսի», հարմարվելու հետ խնդիրներ ուներ: Մենք աշխատեցինք նրա հետ, եւ նա դուրս եկավ ամենաբարձր մակարդակի: Նույնը կարող եմ ասել Դի Մարիայի մասին, երբ նա Պորտուգալիայից տեղափոխվեց Իսպանիա:
Մխիթարյանի դեպքում, գործընթացն ընդհատվեց վնասվածքի պատճառով: Մեկ ամսվա ընդմիջումից հետո նա ստիպված է վերադարձնել կորցրածը, հավաքել օպտիմալ մարզավիճակ եւ պատրաստ լինել հաջորդ հանդիպումներին»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի 10-ից:
Անգլիայի առաջնության 10-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարնլի» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.