15:10  ,  21 հոկտեմբերի, 2016

Աբրահամ Խաշմանյան. Իրեն հարգող ոչ մի լեգեոնական կամ մարզիչ չի գա Հայաստան

Դրսի խաղացողները Հայաստանում չնչին աշխատավարձ են ստանում: Նրանք ոչ մի լավ բան չեն բերում մեր ֆուտբոլին, որովհետեւ ոչ մի իրեն հարգող ֆուտբոլիստ` լեգեոնական կամ մարզիչ, չի գա Հայաստան աշխատելու։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Աբրահամ Խաշմանյանը, որը հրաժարական էր տվել Հայաստանի գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո:

48-ամյա մասնագետն անդրադարձավ հայկական ֆուտբոլի խնդիրներին եւ ներկայացրեց դրանց լուծումների իր տարբերակները:

Պարոն Խաշմանյան, 2014 թվականից գլխավորում էիք «Ալաշկերտը»: Ինչո՞ւ հրաժարական տվեցիք: Ի՞նչը ստիպեց Ձեզ դիմել կտրուկ քայլերի:

Հրաժարականս ակնթարթային որոշում չի եղել. միշտ գալիս է մի պահ, երբ հասունանում է նաեւ հրաժարականը: Ինձ ստիպեց նման որոշում կայացնել ակումբի նախագահի դժգոհությունը Հայաստանի գավաթի խաղարկությունում «Փյունիկի» հետ պատասխան խաղից հետո: Ակումբի նախագահը մտավ հանդերձարան եւ հայտարարեց, որ դժգոհ է խաղից, մի քանի ֆուտբոլիստի հեռացրեց եւ նաեւ արտահայտություն հնչեցրեց, որ առաջնության հաջորդ խաղին թիմին նախապատրաստելու է այլ մարզիչ: Այստեղ իմ որոշումը սպասեցնել չտվեց եւ ես հրաժարական տվեցի: Ես կյանքում ունեմ սկզբունքներ, որոնց երբեք չեմ դավաճանի: Եթե կան մարզիչներ, որ հանդուրժում են նման քայլեր, ես այդ մարզիչներից չեմ: Հուսամ՝ մոտ ապագայում նոր առաջարկներ կունենամ:

Պարոն Խաշմանյան, հայկական ֆուտբոլը հայտնվել է անդունդի եզրին։ Ի՞նչ լուծում եք տեսնում այս իրավիճակում։

Մենք անդունդի եզրին չենք, մենք արդեն վաղուց անդունդում ենք։ Դա ես ասել եմ նաեւ մի քանի տարի առաջ։ Այլեւս տեղ չկա գնալու, անդունդի խորքում ենք։ Եվ պարզ չէ՝ ե՞րբ ու կարո՞ղ ենք արդյոք դուրս գալ այդ անդունդից, թե՝ ոչ։

Հայաստանում ակումբային ֆուտբոլը գնալով անկում է ապրում: Լուծարվում են ակումբներ, Բարձրագույն խմբի առաջնությունն անցկացվում է 6 թիմով։ Որո՞նք են պատճառները։

Աշխարհում չկա որեւէ երկիր, որ 6 թիմով առաջնություն անցկացնի։ Միայն Հայաստանում է այդպես։ 6 թիմ խաղում է Հայաստանի առաջնություն, 6 շրջանով եւ եւս 2 գավաթային, այսինքն՝ տարին 8 անգամ հանդիպում ես նույն թիմին: Արդեն տհաճ է, որ այդքան շատ հանդիպում ես նույն մարդկանց, որոնց անընդհատ տեսնում ես։ Ոչ մի լավ բան սա չի կարող տալ՝ բացասականից բացի։ Ու ցանկանում ենք ունենալ ֆուտբոլային հիմքե՞ր, լավ հավաքակա՞ն։ Իսկ թե ի՞նչն է պատճառը, որ ակումբները գնալով նվազում են եւ ունենք ընդամենը 6 թիմ, եւ թե ինչո՞ւ չեն ձեւավորվում ակումբներ, պատճառը, կարծում եմ, պետք է հարցնել ոչ թե գլխավոր մարզիչներին, այլ հայկական ֆուտբոլի պատասխանատուներին։

Չնայած ֆինանսական ոչ մեծ հնարավորություններին, ակումբերը պարբերաբար հրավիրվում են լեգեոնականների։ Ինչո՞ւ չի օգտագործվում ներքին պոտենցիալը եւ որքանո՞վ է արդարացված ֆինանսական խնդիրների առկայության դեպքում լեգեոնականների հրավիրելը։

Դրսի խաղացողները Հայաստանում չնչին աշխատավարձ են ստանում: Նրանք ոչ մի լավ բան չեն բերում մեր ֆուտբոլին, որովհետեւ ոչ մի իրեն հարգող ֆուտբոլիստ՝ լեգեոնական կամ մարզիչ, չի գա Հայաստան աշխատելու։ Հայաստան գալիս են 4-րդ, 5-րդ կարգի ֆուտբոլիստներ ու մասնագետներ։ Հայաստանի ֆուտբոլի մակարդակն այնքան ցածր է, որ ոչ մի լավ մասնագետ, ֆուտբոլիստ չի գա։ Այսօր Հայաստանում կա 6 թիմ, որոնցից երկուսի կազմի գերակշռող մասը լեգեոնականներ են, այն էլ՝ «փտած» լեգեոնականներ։ Այսինքն՝ մեր ներուժով ունենք 4 հայկական թիմ, այլ ոչ՝ 6։ Արդյունքնում ստացվում է, որ ամբողջ Հայաստանն այսօր ունի 120 ֆուտբոլիստ։ Եվ ի՞նչ ենք ուզում՝ այս քանակով ֆուտբոլ ունենա՞լ, զարգացնե՞լ. անհնար է:

Տարիներ առաջ կային մարդիկ, ովքեր ասում էին՝ Հայաստանի առաջնությունն այդքան էլ կարեւոր չէ հավաքականին ֆուտբոլիստներ տալու համար: Ասում էին՝ մենք ֆուտբոլիստներ դրսից կբերենք եւ հավաքականում կխաղան։ Բերում են դրսից ֆուտբոլիստներ 4-րդ դիվիզիոնից, բերում են մարդկանց, որ ընդհանրապես ֆուտբոլ չեն խաղում։ Հիմա, կարծում եմ, հասկացել են, թե որքան կարեւոր է մեր առաջնությունը, որովհետեւ կանգնել են փաստի առջեւ: Այս ամենը «գրագետ» քաղաքականության պատճառով է: Ինչպե՞ս կարելի է ներքին առաջնությանը բանի տեղ չդնել եւ ուշադրություն չդարձնել։ Եթե ուզում ես ունենալ լավ ազգային հավաքական, առաջին հերթին պետք է ունենաս լավ առաջնություն։ Լավ առաջնությունը նշանակում է՝ շատ թիմեր, մրցունակ առաջնություն, լավ լեգեոնականներ։ Սա ֆուտբոլի պատասխանատուների խնդիրն է եւ հենց պատասխանատուները պետք է որոշեն, թե ինչպես ունենալ լավ առաջնություն, ինչ պայմաններով, ֆինանսներով, որպեսզի լավ հավաքականի հիմք լինի։ Պատասխանատուները պետք է մտածեն այս ամենի մասին, ոչ թե գլխավոր մարզիչները: Այս վիճակը տարիներ շարունակ է եղել եւ տարիներ էլ պետք է՝ 0-ական վիճակին հասնելու համար եւ հետո նոր քայլեր ձեռնարկելու։

Այսինքն, ելք չկա՞, լուծում չկա՞։

Ես միշտ ասել եմ, որ չի կարելի նման վերաբերմունք ունենալ Հայաստանի առաջնության նկատմամբ, չի կարելի մի քանի թիմով առաջնություն անցկացնել, ակումբները պետք է շատանան։ Հայկական ֆուտբոլում պետք են գլոբալ փոփոխություններ, բացի դրանից պետք է հաշվի առնենք նաեւ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը։ Նախկինում ֆուտբոլը տոն էր, ես «Արարատում» էի խաղում, ժողովուրդը ուրախանում էր: Իսկական տոն էր անգամ ամենամիջին խաղը։ 35-40 հազար երկրպագու էր գալիս մեր խաղերը դիտելու։ Հիմա մարդիկ չեն գալիս ֆուտբոլ դիտելու, չեմպիոնի կամ գավաթակրի խաղերն անցնում են դատարկ տրիբունաներով կամ լավագույն դեպքում՝ 100 հանդիսականով։ Առաջընթաց չկա, լույս չկա թունելի վերջում։ Գուցե գլոբալ փոփոխություններից հետո սայլը տեղից շարժվի։ Ես լուծումը տեսնում եմ միայն մի քանի գործոններն իրականացնելուց հետո՝ Հայաստանի առաջնությունը բարձր մակարդակով անցկացնել, այսինքն՝ թիմերի քանակը հասնի գոնե 10-ի, ակումբները լինեն ֆինանսապես կայուն։ Լավ կլիներ, որ ակումբներն ունենային նաեւ պետական աջակցություն, ինչպես դա ընդունված է շատ երկրներում։ Սայլը տեղից շարժելու համար ամենակարեւոր պայմանը վերաբերմունքի փոփոխությունն ու պրոֆեսիոնալների համար կանաչ ճանապարհ բացելն է։

Փոխարինող սերունդն ի՞նչ պոտենցիալ ունի եւ ի՞նչ է արվում մանկապատանեկան ֆուտբոլը լավ հիմքերի վրա դնելու համար։

Ունենք մի քանի դպրոց, 2 ֆուտբոլի ակադեմիա, որոնք, իբր, լավ աշխատանքներ են տանում։ Բայց ես չեմ տեսնում, որ լավ աշխատանքներ են տարվում։ Եթե լավ աշխատանքներ տարվեին, մենք այդ դպրոցներից կունենայիք 2-3 երիտասարդ հավաքականի խաղացողներ։ Այստեղ էլ կրկին ոչինչ չունենք։ Լեզվով լավ աշխատանքներ տարվում են՝ ունենք 2 ֆուտբոլի ակադեմիա՝ «Ավան», «Բանանց», ունենք «Փյունիկի» դպրոց, բայց վերջին տարիներին այս դպրոցներից ի՞նչ համալրումներ են եղել հավաքականներում. ոչ մի։ Միայն դպրոց ու ակադեմիա ունենալը քիչ է, մեզ պետք են կոմպետենտ մարդիկ, պրոֆեսիոնալ մասնագետներ։

Ի՞նչ է պետք անել, որ Հայաստանի ազգային հավաքականը կադրերի պակաս չունենա։

Տարիների աշխատանք է պետք։ Պետք են կոնկրետ քայլեր ու աշխատանքներ: Դպրոցների, ակադեմիաների, ակումբների ղեկավարները պետք է լինեն ֆուտբոլային պրոֆեսիոնալ մարդիկ: Պետք են լիարժեք պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր կունենան լիարժեք լիազորություններ, որպեզի նրանց լծակներն էլ լինեն պրոֆեսիոնալներ ու աշխատանքները սկսվեն 0-ից։

Իսկ մարզիչների գործո՞նը։

Ես ֆեդերացիայում լիազորում եմ մարզիչների։ Այսօր Հայաստանն ունի PRO կարգի 30 մարզիչ։ Ես շատ լավ գիտեմ այդ PRO մարզիչներին, գիտեմ՝ ով, ինչպես է ստացել իր կարգը։ Բայց այդ 30 PRO կարգից գուցե 10 PRO կարգի մարզիչ դուրս գա։ Բայց այդ 10-ին պետք է տեղ տալ, ուշադրություն դարձնել, որ գոնե նրանք էլ չփախչեն Հայաստանից՝ դրսում աշխատանք գտնելու համար։

Որքանո՞վ եք կարեւորում երկրպագուների դերը հայկական ֆուտբոլում։

Երկրպագուները պահանջում են լավ ֆուտբոլ, արդյունք։ Երկրպագուին շատ բան պետք չէ։ Բայց երկրպագուի հետ էլ պետք է աշխատել։ Այսօր բոլորն էլ հասկանում են՝ Հայաստանի ֆուտբոլն ինչ վիճակում է։ Ասում են՝ «դե Հենո ունենք»։ Համաձայն եմ՝ Հենրիխ Մխիթարյանը սուպերֆուտբոլիստ է, բայց Ֆրանսիայի, Անգլիայի  հավաքականներն ունեն 4-5 Հենո, իսկ նրանց հետեւից՝ եկողներ, փոխարինողներ։ Մենք մի Հենո ունենք, եւ ի՞նչ կարող է նա անել միայնակ։ Հենոն սուպերֆուտբոլիստ է, կարող է վնասվածք ունենալ, կարող է նաեւ կարեւոր խաղերին չլինել: Ինչ է, դա նշանակում է, որ Հենոն չկա, ուրեմն հավաքականը պետք է չխաղա՞: Այստեղ գլխավոր մարզիչի գործոնն է, մարզիչը պետք է կարողանա այնպես անել, որ թիմն առանց Հենոյի էլ ֆուտբոլ խաղա: Հիմա Հենրիխ Մխիթարյանը չկա, իսկ վերջին խաղերը ցույց տվեցին, որ մենք խնդիրներ ունենք: Պետք է թիմը խաղա նաեւ առանց Հենրիխ Մխիթարյանի:

Բոլոր մեր ֆուտբոլիստներին՝ դրսի եւ ներսի, պետք է մոբիլիզացնել, կազմակերպված ու միասնական աշխատանքներ տանել։ Այդ ժամանակ նոր մեր ժողովուրդը, երկրպագուն կարող է իրեն մի քիչ լավ զգալ։

Պարոն Խաշմանյան, հայկական ֆուտբոլում, կարծես, Ձեզ «շատ» են սիրում։  Ինչո՞վ է պայմանավորված այս «սերը»։

Երեւի, ուղիղ, ճիշտ խոսելու համար։ Ոչինչ չեմ թաքցնում, երբեւիցե ոչ ոքից կախում չունեմ, չեմ էլ ունենալու։ Ես կարողանում եմ աշխատել եւ որեւէ մեկից կախում ունենալու կարիք չունեմ։ Մենք ունենք պատմություն, արդյունքներ, մեր մասին, մեր աշխատանքի մասին ասելու ու խոսելու կարիք չունենք։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով