15:32  ,  8 սեպտեմբերի, 2016

Դեսպան Էյջի Տագուչի. Շատ ուրախ եմ, որ «Բուդո» փառատոնն առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում

Հայաստանում Ճապոնիայի դեսպանը Երեւանում կայանալիք «Բուդո» փառատոնում կցուցադրի իր հմտությունները ճապոնական կենդո մարզաձեւում:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Սեպտեմբերի 9-11-ը Երեւանում կանցկացվի ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը, որին ցուցադրական ելույթներով հանդես կգան Հայաստանի ձյուդոյի, այկիդոյի, այկիկայի, բուդոշին, JKA Արմենիա եւ կարատեի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները: Փառատոնին ներկա լինելու նպատակով Հայաստան կայցելեն նաեւ ճապոնական կենդո մարզաձեւի մասնագետներ, որոնք երկօրյա սեմինարներ կանցկացնեն Երեւանում եւ Վանաձորում:

«Շատ ուրախ եմ, որ առաջին անգամ «Բուդո» փառատոնը անցկացվելու է Հայաստանում: Այս կիրակի իսկապես մեծ տոն է սպասվում կարատեի սիրահարներին: Այս միջոցառմանը մասնակցում են 6 մարտաոճերի ներկայացուցիչներ: Հիմնական իմաստը բուդո մարտարվեստների մասին հայ հասարակությանը տեղյակ պահելն է: Ես նույնպես մասնակցելու եմ այս միջոցառմանը: Կենդոյի մասնագետ եմ, ունեմ 5-րդ դան: Հայաստանում անցկացվելիք «Բուդո» փառատոնին ցուցադրական ելույթներ կունենամ:

Ուրախ եմ, որ Տոկիո-2020-ին կարատեն ընդգրկված է լինելու օլիմպիական ծրագրում: Սա նշանակում է, որ այս մարզաձեւն իր մարզաոճերով շատ հայտնի է ամբողջ աշխարհում:

Ես եղել եմ Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում, մասնավորապես, Վանաձորում, ծանոթ եմ Հայաստանում արեւելյան մարտարվեստների զարգացմանը: Որքան ես եմ ականատես եղել, այն շատ սիրված ու տարածված է հայ պատանիների եւ երիտասարների մոտ: Ինձ նաեւ ուրախացնում է այն փաստը, որ արեւելյան մարզաձեւերով զբաղվում են նաեւ աղջիկներն ու կանայք:

Այս միջոցառումը նախատեսված է միայն Հայաստանի համար: Աշխարհում մեծ տարածում ունի «Բուդոն», հայտնի միջոցառում է: Իսկ Հայաստանին այն առայժմ անծանոթ է, եւ մենք ցանկանում ենք հայ հասարակությանը եւս ընդգրկել այս միջոցառմանը»,- ասաց դեսպան Էյջի Տագուչին:

Փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան հրավիրված շինջուկու կենդո ֆեդերացիայի սենսեյ Միցունորի Մացումուրայի խոսքով՝ փառատոնը հիմք կլինի հետագայում տարբեր երկրների մարզիկների հետ հայ մարզիկների մասնակցությամբ մրցումներ անցկացնելուն:

«Ես առաջին անգամ եմ եկել Հայաստան դեսպանի հրավերով: Քանի որ նոր է սկսվել նման միջոցառումների կազմակերպումը, կարծում եմ՝ շուտով կստեղծվի մի թիմ, որն ամեն տարի կայցելի Հայաստան եւ կանցկացնի միջոցառումներ, սեմինարներ: Հուսամ՝ այս միջոցառումը կօգնի նաեւ հարեւան երկրներից մարզիկներ հրավիրելուն եւ փորձի փոխանակման հնարավորություն կտրվի հայ մարզիկներին: Հաջորդ տարի լավ կլինի, որ այս միջոցառմանը մասնակցեն նաեւ Վրաստանից եւ Ռուսաստանից: Կիրակնօրյա միջոցառմանը կմասնակցի 10 մարզիկ Վրաստանից»,- նշեց սենսեյ Մացումուրան:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանն էլ վստահ է, որ նմանատիպ մարզական միջոցառումները կնպաստեն կարատեի եւ արեւելյան մարտարվեստների զարգացմանը Հայաստանում:

«Այս միջոցառման կազմակերպման նախաձեռնությունը Հայաստանում Ճապոնիայի դեսպանությանն է: Մենք ուղղակի մեր մասնակցությունն ունենք այս փառատոնին, քանի որ հասկանալի պատճառներով մենք չէինք կարող այսպիսի մեծ մարզական միջոցառում կազմակերպել: Բուդո մարտարվեստները Հայաստանում մեծ մասսայականություն են վայելում, եւ այս փառատոնը կօգնի հայ երեխաներին ավելի ճիշտ ապրելակերպ ընտրել:

Ազգային ֆեդերացիայի կողմից հանդես են գալու 10 տարբեր կազմակերպություների 90 մարզիկներ: Ընդհանուր միջոցառմանը մասնակցելու են մոտ 200 երեխա: Վերջում 30 րոպե հանդես է գալու մեր պատվավոր հյուրը՝ Կենդոյի դպրոցը: Ճապոնիայից մասնակցություն են ունենալու 5 սենսեյներ, ինչպես նաեւ Հայաստանում Ճապոնիայի դեսպանը»,- տեղեկացրեց Գրիգոր Միքայելյանը:

2020թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերում կարատեն ընդգրկված կլինի ծրագրում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով