01:21  +04,  27 օգոստոսի, 2016

Հազարավոր երկրպագուներ «Զվարթնոցում» դիմավորեցին օլիմպիական մեդալակիրներին (ֆոտո)

Նորանկախ Հայաստանի երկրորդ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, փոխչեմպիոններ Միհրան Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը հազարավոր երկրպագուների կողմից հերոսավայել դիմավորման արժանացան «Զվարթնոց» օդանավակայում: Դիմավորողների մեջ էր նաեւ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Երեւանի սիթի-տուրի ավտոբուսով Ռիոյի հայ մեդալակիրները ուղեւորվեցին Հանրապետության հրապարակ:

Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում 1 ոսկե, 3 արծաթե մեդալով Հայաստանը մեդալային հաշվարկում զբաղեցրեց 42-րդ տեղը:

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ նվաճեց 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եզրափակիչում  2014թ. աշխարհի չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկի հետ պայքարում կողմնակալ մրցավարության պատճառով զրկվեց ոսկե մեդալից:

Հայաստանին 2 արծաթե մեդալ պարգեւեցին ծանրորդները: Ռիոյում Հայաստանի առաջին մեդալը օգոստոսի 15-ին նվաճեց 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, որը երկրորդ տեղը գրավեց 105 կգ քաշային կարգում: Գերծանր քաշային Գոռ Մինասյանն էլ արծաթե մեդալակիր դարձավ հաջորդ օրը: 

Հիշեցնենք, որ Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճել էր մեկ արծաթե եւ 2 բրոնզե մեդալ ու Բելգիայի եւ Ֆինլանդիայի հետ 60-63-րդ տեղերն էր բաժանել մեդալային հաշվարկում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: