10:38  ,  25 օգոստոսի, 2016

Սամվել Գեւորգյան. Բաքվից ու Լաս Վեգասից հետո չէինք կարողանում նայել Միհրան Հարությունյանի աչքերին

Վիճակահանությունից հետո Միհրանն ասաց, որ տարբերություն չկա, թե ով է իր ենթախմբում եւ ում պետք է հաղթի: Նա նշեց, որ այսօր մեր օրն է, եւ երբ նա դուրս կգա գորգ, իր մեջ կարթնանա Ալեքսանդր Մակեդոնացին:

Այս մասին հայտարարել է Ռիո-2016-ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի անձնական մարզիչ, հունհռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներից Սամվել Գեւորգյանը, որը մանրամասներ է պատմել Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից: Ռիո-2016-ում մրցավարները հայ ըմբիշին եզրափակիչում թույլ չէին տվել հասնել արժանի հաղթանակի՝ ոսկե մեդալը նվիրելով սերբ Դավոր Շտեֆանեկին:

«Միհրան Հարությունյանին գիտեի դեռ այն ժամանակ, երբ նա հանդես էր գալիս Ռուսաստանի թիմի կազմում: Միշտ հետեւում էի նրան ու նրա մեջ տեսնում հրաշալի մարզիկի: Վերջին 3 տարիներին ավելի հաճախ եմ շփվում նրա հետ, եւ կարող եմ ասել, որ նա ոչ միայն հիանալի մարզիկ է, այլեւ՝ հրաշալի մարդ: Այդպիսիները քիչ են:

Գիտեմ նրա ընտանիքին եւ գիտեմ, թե ինչ ապրումների մեջ են նրանք հիմա: 3 տարի ես եղել եմ նրա անձնական մարզիչը Հայաստանում, 2009-ից Միհրանի անձնական մարզիչն է Ռուբեն Թաթուլյանը եւ առաջին մարզիչն է Արամ Սարկիսյանը: Բաքվում կայացած Եվրոպական խաղերից ու Լաս Վեգասի աշխարհի առաջնությունից հետո բոլորս չէինք կարողանում նայել Միհրանի աչքերին, քանի որ նրա հանդեդ անարդար էին վարվել, իսկ մենք ոչինչ չէիք կարողանում անել: Սակայն նա ուներ այնպիսի կամքի ուժ, որի ինձ խոստացավ հաղթել Օլիմպիական խաղերում եւ պատրաստվել 100 տոկոսով. նա կատերից իր խոստումը:

Օլիմպիական խաղերի վիճակահանության արդյունքում նրա մրցակիցներից աշխարհի չեմպիոն չէր միայն մեկը՝ եգիպտացի ըմբիշը, որն Ասիայի առանության մրցանակակիր էր: Մյուսներն աշխարհի ու օլիմպիական չեմպիոններ էին, Օլիմպիական խաղերի մեդալակիրներ: Անկեղծ ասած, մարզիչներն այնքան էլ գոհ չէին, սակայն երբ մրցումներից առաջ մտա Միհրանի սենյակ, նա ասաց, որ տարբերություն չկա, թե ով է իմ ենթախմբում եւ ում պետք է հաղթեմ: Նա նշեց, որ այսօր մեր օրն է, եւ երբ նա դուրս կգա գորգ, իր մեջ կարթնանա Ալեքսանդր Մակեդոնացին:

Ցանկացած գոտեմարտի նա տրամադրվում էր առավելագույնը, եւ հաղթեց կորեացի ու ադրբեջանցի աշխարհի չեմպիոններին: Գոտեմարտերից հետո ես ու մերսող Թելման Սարգսյանը վերականգնում էինք նրան, մինչեւ գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը գալիս եւ ասում էր, որ գոտեմարտին մնում է մի քանի րոպե:

Եզրափակիչին դուրս եկանք նույն տրամադրվածությամբ, եւ Միհրանին զգուշացրինք, որ մրցակիցը Սերբիայի ներկայացուցիչ է՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավար Նենադ Լալովիչի հայրենակիցը: Միհրանը հստակորեն կատարեց մեր բոլոր ցուցումները: Նա ակտիվ էր ամբողջ գոտեմարտի ժամանակ՝ ոչ մի շանս չտալով մրցակցին ու մրցավարներին: Սակայն նրա մրցակցին ոչ մի անգամ պարտեր չնստեցրեին եւ Միհրանին թույլ չտվեցին ցուցադրել իր հնարավորությունները՝ 2 անգամ տալով զգուշացում ու մեկ միավոր շնորհելով սերբին: Ես վստահ էի, որ եթե սերբ ըմբիշին ծնկած դիրք նստեցնեին, գոտեմարտը կավարտվեր 8:0 հաշվով՝ հօգուտ Միհրան Հարությունյանի:

Գողացան ոչ միայն Միհրան Հարությունյանի մեդալը, այլեւ՝ մեր երկրի ու ժողովրդի, նրա ընտանիքի եւ անձամբ իմ՝ օլիմպիական չեմպիոնի մարզիչի: Մենք բողոքարկեցինք, սակայն փոխարենը ստացանք 3 դեղին քարտ:

Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհն օլիմպիական չեմպիոն է համարում հենց Միհրան Հարությունյանին: Այդ պատճառով մեր երկրին շնորհավորում եմ 2 օլիմպիական չեմպիոն՝ Միհրան Հարությունյան եւ Արթուր Ալեքսանյան ունենալու կապակցությամբ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Սամվել Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ հանրագիր-պահանջների միջազգային change.org կայքում բացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային եւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին հասցեագրված հանրագիր Միհրան Հարությունյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու պահանջով, որին կարելի է միանալ հետեւյալ հղումով change.org:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում