15:14  ,  21 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Գեորգի Կետոեւ, Դավիթ Սաֆարյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին երկու մասնակիցներին:

Գեորգի Կետոեւ, ազատ ոճի ըմբշամարտ, 97 կգ քաշային կարգ:

Ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 11-ին Թբիլիսիում:

Գեորգի Կետոեւը մինչեւ 2016 թվականը հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում: 2007թ. աշխարհի չեմպիոն է, 2008 թ. Եվրոպայի չեմպիոն, Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2009 թ. Եվրոպայի փոխչեմպիոն: 2016 թվականից հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում:

Հայաստանի հավաքականի կազմում անձնական մարզիչն է Արայիկ Բաղդադյանը:

Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է Մոնղոլիայի վարկանիշային մրցաշարում:

Ռիո-2016-ի մրցագորգ դուրս կգա օգոստոսի 21-ին:

Գեորգի Կեոտեւ

Գեորգի, որտե՞ղ ես ծնվել, մեծացել: Պատմիր քո մասին:

Ծնվել եմ Թբիլիսիում, բայց պատանեկությունս եւ երիտասարդությունս անցել է Օսիայում: Թբիլիսիում լավ մարզադպրոց չկար, որոշեցի լավ մարզադպրոց հաճախելու համար տեղափոխվել Օսեթիա, մտածեցի մի որոշ ժամանակ կմարզվեմ, կվերադառնամ Վրաստան, բայց մնացի այնտեղ:

Մանկության տարիներին չափազանց ակտիվ ու շարժուն երեխա եմ եղել, բայց դաստիարակված: Մեր ընտանիքում երկու երեխա ենք՝ ես եւ ավագ եղբայրս: Չնայած ես եմ տան փոքրը, բայց ամենաաշխույժը ես էի:

Ինչպիսի՞ն է եղել քո մուտքը մեծ սպորտ: Ինչո՞ւ հենց ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ:

Հայրս է երիտասարդ տարիներին զբաղվել ըմբշամարտով: Մեզ էլ այդ ուղղությամբ տարավ: Սկզբում որոշ ժամանակ ես ու եղբայրս զբաղվել ենք մարմնամարզությամբ Վրաաստանում 9 տարի: Հետո շարունակեցինք ըմբշամարտով զբաղվել: Ոճերի ընտրությունը պատահական է եղել՝ հենց սկզբից ազատ ոճով եմ սկսել մարզվել ու այդպես շարունակվել է: Թե ինչու հենց ըմբշամարտն ընտրեցի ինձ համար կյանքի մասնագիտություն, չեմ կարող ասել. ուղղակի սկսեցի մարզվել այս մարզաձեւով: Նույն հաջողությամբ կարող էի զբաղվել ֆուտբոլով կամ մեկ այլ սպորտով:

Մուտքս լուրջ սպորտ չեմ հիշում, թե որ մրցաշարով է եղել, միայ հիշում եմ, թե որ քաշային կարգում էի հանդես գալիս՝ 25-26 կգ: Առաջին հաղթանակս այս քաշային կարգում եմ ունեցել, երբ դեռ մարզվում էի Վրաստանում:

Ի՞նչ դժվարությունների ու խոչընդոտների ես հանդիպել մարզական կարեիրայումդ:

Յուրաքանչյուր մարզիկի համար իր ընտրած մարզաձեւը բարդ է: Մեր մարզաձեւն էլ շատ բարդ է, իր դժվարություններն ունի: Երբ մարդ իր համար սպորտը դարձնում է մասնագիտություն, կյանքի ուղեկից, առաջ են գալիս սպորտի դժվարությունները, խոչընդոտները, հիասթափությունները: Բայց դրանք պրոֆեսիոնալ մարզիկի համար չեն:  Չեմ կարծում, թե կհայտնվի մի մարզիկ եւ կասի, որ իր ընտրած մարզաձեւը հեշտ է: Եթե ուզում ես հաջողությունների հասնել, նախ պետք է դժվարությունների միջով անցնես: Մարզիկի կյանքը նման է ռոբոտի կյանքի՝ ամենօրյա մարզումներ հստակ ժամերի, օրը մի քանի անգամ, անձնական քաշ պահելու, գցելու, ավելացնելու խնդիր կա, որն ամենաբարդ գործընթացն է:

Բայց սպորտի ամենամեծ դժվարությունը պարտվելն է, պարտվողի դերում լինելը եւ այդ կոչումը վատ իմաստով կրելը այնքան ժամանակ մինչեւ չես հաղթել: Ես ինքս ծանր եմ տանում պարտությունները:

Ի՞նչ նախասիրություններ ունես սպորտից դուրս:

Սիրում եմ համակարգչային խաղեր խաղալ, ֆիլմեր դիտել, ընկերներիս հետ ուղղակի զբոսնել:

Եթե քո կյանքում չլիներ սպորտը...

Չգիտեմ ես հիմա՝ ուր կլինեի ու ինչ կանեի: Վստահ՝ տանը չէի նստի, ինչ-որ բանով կզբաղվեի: Ես չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր իրենց չեն գտնում այս կյանքում, ինչ-որ բանով չեն զբաղվում՝ կարեւոր չի սպորտում լինի, թե մեկ այլ բնագավառում: Իմ կյանքում եղել է շրջան, որ ես հեռացել եմ սպորտից: Մի քանի տարի դադար վերցրեցի, իմ կյանքում չկար սպորտը: Բայց դրանով կյանքս չավարտվեց: Ես հանգստացա, կտրվեցի ամեն ինչից, սպորտից: Բայց որոշ ժամանակ անց նորից ունեցա մարզվելու ցանկություն ու վերադարձա:

Ինչպե՞ս կբնութագրես ինքդ քեզ:

Լավ, դաստիարակված մարդ եմ՝ ընտանիքիս նվիրված, աշխատանքիս ու շրջապատիս նվիրված սովորական մարդ եմ: Ես շատ հեշտ շփվող մարդ եմ, հատկապես երբ շփման ընթացքում չեմ հիասթափվում մարդկանցից, նվիրվում եմ անսահման: Ես նաեւ ընկերասեր մարդ եմ: Համարում եմ, որ մարդ առանց ընկերոջ մարդ չէ:

Գեորգի դու արդեն փորձառու հայր ես՝ 2 երեխաների: Ինչպե՞ս ես համատեղում ընտանեկան կյանքն ու սպորտը:

Պատվավոր եւ փորձառու հայր եմ, 2 հրաշք երեխաների՝ 5 տարեկան ավագ որդիս է, իսկ կրտսեր որդիս դեռ մեկ տարեկան է: Ապագա օլիմպիական չեմպիոնների հայր եմ (ծիծաղում է): Իրականում կատակ եմ անում: Գուցե իմ երեխաներից ոչ մեկն էլ չցանկանա իմ հետքերով գնալ: Երբեք նրանց չեմ ստիպի սպորտով զբաղվել, մասնավորապես ըմբշամարտով: Եթե գենետիկան իր խոսքն ասի, գուցե նրանցից մեկն ինքնակամ գնա իմ հետքերով: Ես ուղղակի երջանիկ կլինեմ: Եթե նրանցից մեկը գա, խորհուրդ հարցնի, թե որ մարզաձեւն ընտրի իրեն կյանքի ուղի, ես կասեմ՝ ազատ ոճի ըմբշամարտ: Յուրաքանչյուր հայր, եթե նա նույնպես նախկինում մարզիկ է եղել, երազում է, որ իր երեխան նույնպես սպորտով շարունակի եւ հասնի բոլոր այն տիտղոսներին, որոնց ինքը չի կարողացել հասնել:

Իսկ դու լա՞վ հայրս ես:

Այո, շատ: Սիրում եմ հոր դերը, կերպարը: Շատ դժվար է համատեղել սպորտն ու ընտանիքը, լինել հաջողակ եւ սպորտում, եւ ընտանիքում. կարոտում ես երեխաներիդ, կնոջդ, իսկ նրանց հետ եղած ժամանակ սպորտն ես կարոտում: Միայն անսիրտ պետք է լինես, որ ընտանիքիդ չկարոտես, հեշտ տանես երկարատեւ բաժանումները: Իսկ ես սիրտ ունեմ:

Քեզ երջանիկ մարդ համարում ե՞ս:

Իհարկե. ես ամեն ինչով եմ երջանիկ, ունեմ հրաշալի երեխաներ, հիասքանչ կին, ինձ հարազատ եւ սիրելի մարդիկ կողքիս են, առողջ են. էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար: Պարտադիր չէ օլիմպիական չեմպիոն կամ աշխարհի չեմպիոն դառնաս, նոր զգաս երջանկությունը կամ քեզ երջանիկ մարդ համարես: Միայն բավարար է այն, որ ընտանիքումդ առողջությունն ամուր հիմքեր ունեն, բոլորը առողջ ու կողքիդ լինեն:

Դու Հայաստանի նախավերջին օլիմպիականն ես: Ինչպե՞ս ընդգրկվեցիր Հայաստանի հավաքականում եւ ի՞նչ նշանակություն ունի քեզ համար Ռիո-2016-ում Հայաստանը ներկայացնելը:

Ես մեկ անգամ մասնակցել եմ Օլիմպիական խաղերին եւ գիտեմ, հասկանում եմ՝ ինչ են Խաղերը, որի մասին երազում է յուրաքանչյուր մարզիկ: Ես մեծ սիրով համաձայնել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում եւ ցանկանում եմ ամեն ինչ անել՝ Հայաստանի պատիվը բարձր պահելու, ինձ հավատացողների եւ վստահողների սպասելիքները արդարացնելու համար: Կարծում եմ չկա մի մարզիկ, որ մասնակցի Օլիմպիական խաղերին ու ներքուստ օլիմպիական մեդալով իրեն չպատկերացնի, չերազի ու չձգտի այդ երազանքին: Ես նույնպես դրանց շարքին եմ դասվում, ես նույնպես ինձ տեսնում եմ մեդալակրի դերում, հավատում եմ ներքուստ ինքս ինձ: Իմ երազանքն է՝ դառնալ օլիմպիական չեմպիոն: Ես մեկ անգամ արդեն վայելել եմ Օլիմպիական խաղերի մեդալակիր լինելու բերկրանքը՝ բրոնզե մեդալակիր: Հիմա երազում եմ ոսկե մեդալի մասին: Հույս ունեմ, որ երազանքս կիրականանա:

Ես վերջերս եմ համալրվել Հայաստանի ազգային հավաքականը: Ինձ շատ է դուրս գալիս այս թիմը, Ձեր երկիր: Ես ինձ այստեղ լավ եմ զգում: Կփորձեմ մեդալի տեսքով պատասխանել այն լավ ընդունելությանն ու ջերմությանը, որին արժանացա Հայաստանի թիմի անդամ դառնալուն պես: 

Դավիթ Սաֆարյան, ազատ ոճի ըմբշամարտ, 65 կգ քաշային կարգ:

Ծնվել է 1989 թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանի Չերկեսկ քաղաքում:

Անձնական մարզիչն է՝ Աբդուլա Մագոմեդովը:

Մինչեւ 2011 թվականը Դավիթ Սաֆարյանը Ռուսաստանի հավաքականի անդամ է եղել, դարձել է Ռուսաստանի չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն է եղել:

Հայաստանի հավաքականի կազմում 2012 թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր է, 2013 թ. աշխարհի չեմպիոն է: Մասնակցել է Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերին: 2013 թ. ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ: Պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Դավիթ Սաֆարյանը Ռիո-21016-ի ուղեգիր վարկանիշային մրցաշարերում չնվաճեց, բայց նրան փոխանցվեց Սերբիայում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարի եզրափակիչ հասած, ուղեգիր նվաճած, հետագայում դոպինգի համար որակազրկված ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու ուղեգիրը։

Դավիթ Սաֆարյան

«Ռիո-2016-ի ուղեգիր նվաճելս մի փոքր բարդ ստացվեց: Վարկանիշային մրցաշարերում ես ուղեգիր չնվաճեցի: Սերբիայի վարկանիշային մրցաշարից հետո, ուկրաինացի ըմբիշը, ով դարձավ այդ մրցաշարի ոսկե մեդալակիր, որակազրվեց: Սերբիայի մրցաշարում ես նվաճեցի բրոնզե մեդալ: Բայց քանի որ ուղեգիր տրվում էր միայն եզրափակիչի մասնակիցներին, ես բրոնզե մեդալի համար պայքարին արդեն չէի էլ ցանկանում մասնակցել: Մի տեսակ հիասթափված էի, քանի որ նպատակս օլիմպիական ուղեգիր նվաճելն էր: Բայց Արայիկ Բաղդադյանի խորհրդով դուրս եկա մրցագորգ. նա թույլ չտվեց, որ հուսախաբ լինեմ, այլ՝ շարունակ ասում էր, որ թեկուզ ուղեգիր այլեւս չեմ ստանա այս մրցաշարում, միեւնույն է իրավունք չունեմ հետ կանգնելու: Եվ ես նրա խորհրդով գոտեմարտեցի եւ բրոնզե մեդալ նվաճեցի: Ուկրաինացի ըմբիշը որակազրկվեց, եւ նրա ուղեգիրը բաժին հասավ ինձ:  Նշանակում է՝ եթե ես դուրս չգայի պայքարի, հրաժարվեի գոտեմարտից, այսօր այս ուղեգիրը ինձ չէր հասնի:

Կարծում եմ, այդպես պետք է լիներ, ճակատագրով որոշված էր, որ ինչպես էլ լինի, ես պետք է այս Օլիմպիական խաղերին էլ մեկնեմ եւ դուրս գամ մրցագրոգ:

Ուրախ եմ, որ ստացա Ռիո-2016-ում իմ երկիրը ներկայացնելու հնարավորություն: Երազանքս, ցանկությունս, նպատակս ու ամբողջ ուժերս կենտրոնացնելու միակ ձգտումս օլիմպիական ոսկե մեդալն է։ Գուցե մեծ երազանք ունեմ, բայց ես այդ մեդալի մասին երազել եմ մանկուց»։

Լուսինե Շահբազյան

 

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում