NEWS.am Sport-ը ներկայացնում է Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին երկու մասնակիցներին:
Գեորգի Կետոեւ, ազատ ոճի ըմբշամարտ, 97 կգ քաշային կարգ:
Ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 11-ին Թբիլիսիում:
Գեորգի Կետոեւը մինչեւ 2016 թվականը հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում: 2007թ. աշխարհի չեմպիոն է, 2008 թ. Եվրոպայի չեմպիոն, Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2009 թ. Եվրոպայի փոխչեմպիոն: 2016 թվականից հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում:
Հայաստանի հավաքականի կազմում անձնական մարզիչն է Արայիկ Բաղդադյանը:
Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է Մոնղոլիայի վարկանիշային մրցաշարում:
Ռիո-2016-ի մրցագորգ դուրս կգա օգոստոսի 21-ին:
Գեորգի Կեոտեւ
Գեորգի, որտե՞ղ ես ծնվել, մեծացել: Պատմիր քո մասին:
Ծնվել եմ Թբիլիսիում, բայց պատանեկությունս եւ երիտասարդությունս անցել է Օսիայում: Թբիլիսիում լավ մարզադպրոց չկար, որոշեցի լավ մարզադպրոց հաճախելու համար տեղափոխվել Օսեթիա, մտածեցի մի որոշ ժամանակ կմարզվեմ, կվերադառնամ Վրաստան, բայց մնացի այնտեղ:
Մանկության տարիներին չափազանց ակտիվ ու շարժուն երեխա եմ եղել, բայց դաստիարակված: Մեր ընտանիքում երկու երեխա ենք՝ ես եւ ավագ եղբայրս: Չնայած ես եմ տան փոքրը, բայց ամենաաշխույժը ես էի:
Ինչպիսի՞ն է եղել քո մուտքը մեծ սպորտ: Ինչո՞ւ հենց ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ:
Հայրս է երիտասարդ տարիներին զբաղվել ըմբշամարտով: Մեզ էլ այդ ուղղությամբ տարավ: Սկզբում որոշ ժամանակ ես ու եղբայրս զբաղվել ենք մարմնամարզությամբ Վրաաստանում 9 տարի: Հետո շարունակեցինք ըմբշամարտով զբաղվել: Ոճերի ընտրությունը պատահական է եղել՝ հենց սկզբից ազատ ոճով եմ սկսել մարզվել ու այդպես շարունակվել է: Թե ինչու հենց ըմբշամարտն ընտրեցի ինձ համար կյանքի մասնագիտություն, չեմ կարող ասել. ուղղակի սկսեցի մարզվել այս մարզաձեւով: Նույն հաջողությամբ կարող էի զբաղվել ֆուտբոլով կամ մեկ այլ սպորտով:
Մուտքս լուրջ սպորտ չեմ հիշում, թե որ մրցաշարով է եղել, միայ հիշում եմ, թե որ քաշային կարգում էի հանդես գալիս՝ 25-26 կգ: Առաջին հաղթանակս այս քաշային կարգում եմ ունեցել, երբ դեռ մարզվում էի Վրաստանում:
Ի՞նչ դժվարությունների ու խոչընդոտների ես հանդիպել մարզական կարեիրայումդ:
Յուրաքանչյուր մարզիկի համար իր ընտրած մարզաձեւը բարդ է: Մեր մարզաձեւն էլ շատ բարդ է, իր դժվարություններն ունի: Երբ մարդ իր համար սպորտը դարձնում է մասնագիտություն, կյանքի ուղեկից, առաջ են գալիս սպորտի դժվարությունները, խոչընդոտները, հիասթափությունները: Բայց դրանք պրոֆեսիոնալ մարզիկի համար չեն: Չեմ կարծում, թե կհայտնվի մի մարզիկ եւ կասի, որ իր ընտրած մարզաձեւը հեշտ է: Եթե ուզում ես հաջողությունների հասնել, նախ պետք է դժվարությունների միջով անցնես: Մարզիկի կյանքը նման է ռոբոտի կյանքի՝ ամենօրյա մարզումներ հստակ ժամերի, օրը մի քանի անգամ, անձնական քաշ պահելու, գցելու, ավելացնելու խնդիր կա, որն ամենաբարդ գործընթացն է:
Բայց սպորտի ամենամեծ դժվարությունը պարտվելն է, պարտվողի դերում լինելը եւ այդ կոչումը վատ իմաստով կրելը այնքան ժամանակ մինչեւ չես հաղթել: Ես ինքս ծանր եմ տանում պարտությունները:
Ի՞նչ նախասիրություններ ունես սպորտից դուրս:
Սիրում եմ համակարգչային խաղեր խաղալ, ֆիլմեր դիտել, ընկերներիս հետ ուղղակի զբոսնել:
Եթե քո կյանքում չլիներ սպորտը...
Չգիտեմ ես հիմա՝ ուր կլինեի ու ինչ կանեի: Վստահ՝ տանը չէի նստի, ինչ-որ բանով կզբաղվեի: Ես չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր իրենց չեն գտնում այս կյանքում, ինչ-որ բանով չեն զբաղվում՝ կարեւոր չի սպորտում լինի, թե մեկ այլ բնագավառում: Իմ կյանքում եղել է շրջան, որ ես հեռացել եմ սպորտից: Մի քանի տարի դադար վերցրեցի, իմ կյանքում չկար սպորտը: Բայց դրանով կյանքս չավարտվեց: Ես հանգստացա, կտրվեցի ամեն ինչից, սպորտից: Բայց որոշ ժամանակ անց նորից ունեցա մարզվելու ցանկություն ու վերադարձա:
Ինչպե՞ս կբնութագրես ինքդ քեզ:
Լավ, դաստիարակված մարդ եմ՝ ընտանիքիս նվիրված, աշխատանքիս ու շրջապատիս նվիրված սովորական մարդ եմ: Ես շատ հեշտ շփվող մարդ եմ, հատկապես երբ շփման ընթացքում չեմ հիասթափվում մարդկանցից, նվիրվում եմ անսահման: Ես նաեւ ընկերասեր մարդ եմ: Համարում եմ, որ մարդ առանց ընկերոջ մարդ չէ:
Գեորգի դու արդեն փորձառու հայր ես՝ 2 երեխաների: Ինչպե՞ս ես համատեղում ընտանեկան կյանքն ու սպորտը:
Պատվավոր եւ փորձառու հայր եմ, 2 հրաշք երեխաների՝ 5 տարեկան ավագ որդիս է, իսկ կրտսեր որդիս դեռ մեկ տարեկան է: Ապագա օլիմպիական չեմպիոնների հայր եմ (ծիծաղում է): Իրականում կատակ եմ անում: Գուցե իմ երեխաներից ոչ մեկն էլ չցանկանա իմ հետքերով գնալ: Երբեք նրանց չեմ ստիպի սպորտով զբաղվել, մասնավորապես ըմբշամարտով: Եթե գենետիկան իր խոսքն ասի, գուցե նրանցից մեկն ինքնակամ գնա իմ հետքերով: Ես ուղղակի երջանիկ կլինեմ: Եթե նրանցից մեկը գա, խորհուրդ հարցնի, թե որ մարզաձեւն ընտրի իրեն կյանքի ուղի, ես կասեմ՝ ազատ ոճի ըմբշամարտ: Յուրաքանչյուր հայր, եթե նա նույնպես նախկինում մարզիկ է եղել, երազում է, որ իր երեխան նույնպես սպորտով շարունակի եւ հասնի բոլոր այն տիտղոսներին, որոնց ինքը չի կարողացել հասնել:
Իսկ դու լա՞վ հայրս ես:
Այո, շատ: Սիրում եմ հոր դերը, կերպարը: Շատ դժվար է համատեղել սպորտն ու ընտանիքը, լինել հաջողակ եւ սպորտում, եւ ընտանիքում. կարոտում ես երեխաներիդ, կնոջդ, իսկ նրանց հետ եղած ժամանակ սպորտն ես կարոտում: Միայն անսիրտ պետք է լինես, որ ընտանիքիդ չկարոտես, հեշտ տանես երկարատեւ բաժանումները: Իսկ ես սիրտ ունեմ:
Քեզ երջանիկ մարդ համարում ե՞ս:
Իհարկե. ես ամեն ինչով եմ երջանիկ, ունեմ հրաշալի երեխաներ, հիասքանչ կին, ինձ հարազատ եւ սիրելի մարդիկ կողքիս են, առողջ են. էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար: Պարտադիր չէ օլիմպիական չեմպիոն կամ աշխարհի չեմպիոն դառնաս, նոր զգաս երջանկությունը կամ քեզ երջանիկ մարդ համարես: Միայն բավարար է այն, որ ընտանիքումդ առողջությունն ամուր հիմքեր ունեն, բոլորը առողջ ու կողքիդ լինեն:
Դու Հայաստանի նախավերջին օլիմպիականն ես: Ինչպե՞ս ընդգրկվեցիր Հայաստանի հավաքականում եւ ի՞նչ նշանակություն ունի քեզ համար Ռիո-2016-ում Հայաստանը ներկայացնելը:
Ես մեկ անգամ մասնակցել եմ Օլիմպիական խաղերին եւ գիտեմ, հասկանում եմ՝ ինչ են Խաղերը, որի մասին երազում է յուրաքանչյուր մարզիկ: Ես մեծ սիրով համաձայնել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում եւ ցանկանում եմ ամեն ինչ անել՝ Հայաստանի պատիվը բարձր պահելու, ինձ հավատացողների եւ վստահողների սպասելիքները արդարացնելու համար: Կարծում եմ չկա մի մարզիկ, որ մասնակցի Օլիմպիական խաղերին ու ներքուստ օլիմպիական մեդալով իրեն չպատկերացնի, չերազի ու չձգտի այդ երազանքին: Ես նույնպես դրանց շարքին եմ դասվում, ես նույնպես ինձ տեսնում եմ մեդալակրի դերում, հավատում եմ ներքուստ ինքս ինձ: Իմ երազանքն է՝ դառնալ օլիմպիական չեմպիոն: Ես մեկ անգամ արդեն վայելել եմ Օլիմպիական խաղերի մեդալակիր լինելու բերկրանքը՝ բրոնզե մեդալակիր: Հիմա երազում եմ ոսկե մեդալի մասին: Հույս ունեմ, որ երազանքս կիրականանա:
Ես վերջերս եմ համալրվել Հայաստանի ազգային հավաքականը: Ինձ շատ է դուրս գալիս այս թիմը, Ձեր երկիր: Ես ինձ այստեղ լավ եմ զգում: Կփորձեմ մեդալի տեսքով պատասխանել այն լավ ընդունելությանն ու ջերմությանը, որին արժանացա Հայաստանի թիմի անդամ դառնալուն պես:
Դավիթ Սաֆարյան, ազատ ոճի ըմբշամարտ, 65 կգ քաշային կարգ:
Ծնվել է 1989 թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանի Չերկեսկ քաղաքում:
Անձնական մարզիչն է՝ Աբդուլա Մագոմեդովը:
Մինչեւ 2011 թվականը Դավիթ Սաֆարյանը Ռուսաստանի հավաքականի անդամ է եղել, դարձել է Ռուսաստանի չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն է եղել:
Հայաստանի հավաքականի կազմում 2012 թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր է, 2013 թ. աշխարհի չեմպիոն է: Մասնակցել է Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերին: 2013 թ. ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ: Պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Դավիթ Սաֆարյանը Ռիո-21016-ի ուղեգիր վարկանիշային մրցաշարերում չնվաճեց, բայց նրան փոխանցվեց Սերբիայում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարի եզրափակիչ հասած, ուղեգիր նվաճած, հետագայում դոպինգի համար որակազրկված ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու ուղեգիրը։
Դավիթ Սաֆարյան
«Ռիո-2016-ի ուղեգիր նվաճելս մի փոքր բարդ ստացվեց: Վարկանիշային մրցաշարերում ես ուղեգիր չնվաճեցի: Սերբիայի վարկանիշային մրցաշարից հետո, ուկրաինացի ըմբիշը, ով դարձավ այդ մրցաշարի ոսկե մեդալակիր, որակազրվեց: Սերբիայի մրցաշարում ես նվաճեցի բրոնզե մեդալ: Բայց քանի որ ուղեգիր տրվում էր միայն եզրափակիչի մասնակիցներին, ես բրոնզե մեդալի համար պայքարին արդեն չէի էլ ցանկանում մասնակցել: Մի տեսակ հիասթափված էի, քանի որ նպատակս օլիմպիական ուղեգիր նվաճելն էր: Բայց Արայիկ Բաղդադյանի խորհրդով դուրս եկա մրցագորգ. նա թույլ չտվեց, որ հուսախաբ լինեմ, այլ՝ շարունակ ասում էր, որ թեկուզ ուղեգիր այլեւս չեմ ստանա այս մրցաշարում, միեւնույն է իրավունք չունեմ հետ կանգնելու: Եվ ես նրա խորհրդով գոտեմարտեցի եւ բրոնզե մեդալ նվաճեցի: Ուկրաինացի ըմբիշը որակազրկվեց, եւ նրա ուղեգիրը բաժին հասավ ինձ: Նշանակում է՝ եթե ես դուրս չգայի պայքարի, հրաժարվեի գոտեմարտից, այսօր այս ուղեգիրը ինձ չէր հասնի:
Կարծում եմ, այդպես պետք է լիներ, ճակատագրով որոշված էր, որ ինչպես էլ լինի, ես պետք է այս Օլիմպիական խաղերին էլ մեկնեմ եւ դուրս գամ մրցագրոգ:
Ուրախ եմ, որ ստացա Ռիո-2016-ում իմ երկիրը ներկայացնելու հնարավորություն: Երազանքս, ցանկությունս, նպատակս ու ամբողջ ուժերս կենտրոնացնելու միակ ձգտումս օլիմպիական ոսկե մեդալն է։ Գուցե մեծ երազանք ունեմ, բայց ես այդ մեդալի մասին երազել եմ մանկուց»։
Լուսինե Շահբազյան
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։