13:30  ,  18 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի վերջին ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցը

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին 4 ներկայացուցիչներ Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ) հանդես են գալու ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում, որը մեկնարկելու է օգոստոսի 19-ին:

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Երեւանի ժամանակով 20:15-20:45-ը տեղի կունենա 57 կգ եւ 74 կգ քաշային ըմբիշների կշռման արարողությունն ու վիճակահանությունը:

Առաջինը օգոստոսի 19-ին պայքարի մեջ կմտնի 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, որը նախնական գոտեմարտերը կսկսի Երեւանի ժամանակով 17:00-ից:

Լեւան  Բերիանիձեն կմեկնարկի օգոսոտոսի 20-ին եւ նույնպես նախնական գոտեմարտերը կսկսի Երեւանի ժամանակով 17:00-ից, իսկ 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը եւ Գեորգի Կետոեւը հանդես կգան Օլիմպիական խաղերի վերջին օրը ու նախնական գոտեմարտերը կանցկացնեն Երեւանի ժամանակով 15:30-ից:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը եւս Ռիո-2016-ին մեկնել էր 4 մարզիկով եւ մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին: Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվել արծաթե մեդալով:  Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում