00:24 17 օգոստոսի, 2016Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը դարձավ օլիմպիական փոխչեմպիոն: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի 66 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը կողմնակալ մրցավարության պատճառով պարտվեց աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվեց արծաթե մեդալով: Միհրանը պարտվեց կեցցեների ու ծափահարությունների ներքով:
Առաջին մրցափուլի միջնամասում Միհրանին ծնկած դիրք նստեցրին պասիվության համար, բայց հայ ըմբիշը հաջող պաշտպանվեց եւ միավոր չտվեց մրցակցին: Քիչ անց Միհրանը Շտեֆանեկին դուրս հրեց գորգից եւ վաստակեց մեկ միավոր՝ այդ առավելությունը պահպանելով մինչեւ 30 վայրկյանանոց ընդմիջումը:
Երկրորդ մրցափուլի սկզբնամասում Հարությունյանը ստացավ հոնքի պատռվածք եւ գոտեմարտը դադարեցվեց մոտ մեկ րոպեով: Շուտով այն շարունակվեց եւ գոտեմարտի ավարտից 1 րոպե առաջ Միհրանին դարձյալ պարտեր նստեցրեին, բայց նա արագ ոտքի կանգնեց, թեեւ Շտեֆանեկը մեկ միավոր վաստակեց, քանի որ հայ ըմբիշը ստացել էր երկրորդ զգուշացումը: Վերջնամասում Միհրանը շատ ավելի ակտիվ էր, սակայն սերբ ըմբիշին այդպես էլ պասիվություն չտվեցին, ինչը խայտառակություն էր: Դավոր Շտեֆանեկը հաղթեց վերջինը միավոր վաստակելու շնորհիվ եւ դարձավ Սերբիայի պատմության առաջին օլիմպիական չեմպիոնն ըմբշամարտում:
Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթելով եգիպտացի Ահմեդ Կահկին, իսկ քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով ուժեղ էր գտնվել աշխարհի 2013թ. չեմպիոն, հարավկորեացի Հանսու Ռյուից, որը դրանից առաջ պայքարից դուրս էր թողել Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Տամաշ Լորինցին: Կիսաեզրափակիչում էլ Հարությունյանը 4:1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռասուլ Չունաեւին:
Օգոստոսի 16-ին պայքարի մեջ է մտնել նաեւ աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ), որը եւս դուրս է եկել եզրափակիչ եւ ոսկե մեդալը կվիճարկի կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի հետ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաեւ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:
Սա Հայաստանի երկրորդ արծաթե մեդալն էր Ռիո-2016-ում: Հայաստանի առաջին մեդալն օգոստոսի 15-ին նվաճել էր 19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որը երկրորդ տեղն էր գրավել 105 կգ քաշային կարգում: Անկախ Հայաստանի պատմության մեջ հայ մարզիկները ծանրամարտում առաջին անգամ են նվաճել արծաթե մեդալ:
Ռիո-2016, հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Տղամարդիկ, 66 կգ
1. Դավոր Շտեֆանեկ (Սերբիա)
2. Միհրան Հարությունյան (Հայաստան)
3. Ռասուլ Չունաեւ (Ադրբեջան), Շմագի Բոլկվաձե (Վրաստան)
Միհրան Հարությունյանը ծնվել է 1989 թվականի մարտի 29-ին Էջմիածնում:
Միհրանը 2009 թ. աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն է, 2011թ. Ռուսաստանի չեմպիոն, 2015թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն է, 2015թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում զբաղեցրել է երկրորդ տեղը: Ռիո-2016-ի ուղեգիը նվաճել էր 2015թ. աշխարհի առաջնությունում:
Ամուսնացած է, ունի դուստր: Անձնական մարզիչն է Սամվել Գեւորգյանը:






The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.