01:38  ,  16 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Մաքսիմ Մանուկյանի քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց ռուսաստանցի Չակվետաձեն

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 85 կգ քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Դավիդ Չակվետաձեն: Եզրափակիչում 23-ամյա Չակվետաձեն 9:2 հաշվով հաղթեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելենյուկին՝ նվաճելով ռուսների 10-րդ ոսկե մեդալը Ռիո-2016-ում:

85 կգ քաշայինների պայքարին մասնակցում էր նաեւ Մաքսիմ Մանուկյանը, որը որակավորման փուլում 0:3 հաշվով պարտվել էր հունգարացի Վիկտոր Լյորինցին եւ լքել պայքարը:

130 կգ քաշայինների չեմպիոնի տիտղոսը նվաճեց կուբացի Նունյես Լոպեսիը, որը եզրափակիչում ուժեղ գտնվեց թուրք Ռիզա Կայալպից եւ դարձավ եռակի օլիմպիական չեմպիոն: Բրազիլիան ներկայացնող Էդուարդ Սողոմոնյանն այդ քաշային կարգի առաջին գոտեմարտում ժամանակից շուտ պարտվել էր վրացի Լակոբի Կախալային եւ դուրս մնացել պայքարից:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ, Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պայքարի մեջ էր մտել օգոստոսի 14-ին եւ 75 կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտում պարտվել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Դանիել Ալեքսանդրովին, որն էլ պարտություն էր կրել հաջորդ փուլում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Ռիո են մեկնել նաեւ Միհրան Հարությունյանը (66 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ), որոնք մեդալների համար կպայքարեն օգոստոսի 16-ին:

Ռիո-2016, հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Տղամարդիկ, 85 կգ

1. Դավիդ Չակվետաձե (Ռուսաստան)

2. Ժան Բելենյուկ (Ուկրաինա)

3. Ջավիդ Գամզատով (Բելառուս), Դենիս Կուդլա (Գերմանիա)

130 կգ

1. Նունյես Լոպես (Կուբա)

2. Ռիզա Կայալպ (Թուրքիա)

3. Սերգեյ Սեմյոնով (Ռուսաստան), Շաբահ Սարիատի (Ադրբեջան)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում