15:46  ,  15 օգոստոսի, 2016

Կրկնակի օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասով. Առաջին անգամ ուշագնաց եղա գորգում

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 75 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճած ռուս Ռոման Վլասովը պատմել է, որ ուշագնաց է եղել կիսաեզրափակիչ գոտեմարտի ժամանակ:

«Մրցակիցը խեղդում էր ինձ, իսկ մրցավարը նույնիսկ նկատողություն չտվեց նրան: Փառք Աստծո, որի ինձ հնարավորություն տվեցին պայքարել մինչեւ վերջ եւ հաղթել այդ գոտեմարտում: Ի՞նչ էի զգում այդ պահին, ես ուշագնաց եղա: Նման բան երբեք չէր եղել, որ ես կորցնեի գիտակցությունս: Ուշքի գալով հասկացա, որ պետք է շարունակեմ պայքարել, որ ոչինչ դեռ չի ավարտվել:

Ալեքսանդր Կարելինի ռեկորդը գերազանցել, երեւի, հնարավոր չէ: Այդ մարդն ամենաշատն է արել սպորտի համար: Այս հաղթանակը ցանկանում եմ նվիրել նրան: Կարելինն այն մարդն է, որի շնորհիվ ես դարձա կրկնակի օլիմպիական չեմպիոն»,- Վլասովի խոսքը մեջբերում է «Газета.Ru»-ն:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կարելինն Օլիմպիական խաղերի եռակի ոսկե մեդալակիր է (1988, 1992, 1996, մինչեւ 130 կգ), աշխարհի 9-ակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության 12-ակի հաղթող: Ռիո-2016-ի 75 կգ քաշայինների պայքարին մասնակցել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը, որը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Դանիել Ալեքսանդրովին եւ լքել պայքարը: Լոնդոնի Օլիմպիական խաղերի եզրափակիչում Արսեն Ջուլֆալակյանին հաղթել էր հենց Ռոման Վլասովը: Ռիո-2016-ում ռուսաստանցին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր Լոնդոն-2012-ի 66 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճած Կիմ Հյոն Ուին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս