15:46 15 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 75 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճած ռուս Ռոման Վլասովը պատմել է, որ ուշագնաց է եղել կիսաեզրափակիչ գոտեմարտի ժամանակ:
«Մրցակիցը խեղդում էր ինձ, իսկ մրցավարը նույնիսկ նկատողություն չտվեց նրան: Փառք Աստծո, որի ինձ հնարավորություն տվեցին պայքարել մինչեւ վերջ եւ հաղթել այդ գոտեմարտում: Ի՞նչ էի զգում այդ պահին, ես ուշագնաց եղա: Նման բան երբեք չէր եղել, որ ես կորցնեի գիտակցությունս: Ուշքի գալով հասկացա, որ պետք է շարունակեմ պայքարել, որ ոչինչ դեռ չի ավարտվել:
Ալեքսանդր Կարելինի ռեկորդը գերազանցել, երեւի, հնարավոր չէ: Այդ մարդն ամենաշատն է արել սպորտի համար: Այս հաղթանակը ցանկանում եմ նվիրել նրան: Կարելինն այն մարդն է, որի շնորհիվ ես դարձա կրկնակի օլիմպիական չեմպիոն»,- Վլասովի խոսքը մեջբերում է «Газета.Ru»-ն:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կարելինն Օլիմպիական խաղերի եռակի ոսկե մեդալակիր է (1988, 1992, 1996, մինչեւ 130 կգ), աշխարհի 9-ակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության 12-ակի հաղթող: Ռիո-2016-ի 75 կգ քաշայինների պայքարին մասնակցել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը, որը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Դանիել Ալեքսանդրովին եւ լքել պայքարը: Լոնդոնի Օլիմպիական խաղերի եզրափակիչում Արսեն Ջուլֆալակյանին հաղթել էր հենց Ռոման Վլասովը: Ռիո-2016-ում ռուսաստանցին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր Լոնդոն-2012-ի 66 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճած Կիմ Հյոն Ուին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.