16:33  ,  14 օգոստոսի, 2016

Հարություն Մերդինյանը՝ Ռիոյից. «Վա բանկ» պետք է գնամ այսօր եզրափակիչում

Եզրափակիչում մասնակցելու եմ 6-րդը։ Մինչեւ այդ ելույթ ունեցողների արդյունքներից ելնելով, տեղում մարզիչիս հետ կորոշենք՝ բարդ ծրագրով հանդես գալ, թե  որակավորման փուլի նույն ծրագրով։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության նժույգի վարժությունում Ռիո-2016-ի եզրափակիչ (8 մասնակից) դուրս եկած Հարություն Մերդինյանը։

Հարություն, դու փայլեցիր Ռիո-2016-ի որակավորման փուլում։ Ինչպե՞ս հաջողվեց։

Շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց հաղթահարել որակավորման փուլը։ Այն վարժությունը, որով հանդես եկա որակավորման փուլում, իմ ոչ բարդացված ծրագիրն էր։ Սա այն նույն ծրագիրն էր, որով հանդես էի եկել Եվրոպայի առաջնությունում։ Որակավորման փուլում այս վարժությունն արեցի 16․7 միավորանոց բարդությունից։ Այս բարդությունն ինձ բավականացրեց եզրափակիչ դուրս գալու համար։

Բարդ ծրագիրդ եզրափակիչի համա՞ր է։

Դեռ վերջնական որոշված չէ: Ինձանից առաջ հանդես եկող մասնակիցների ծրագրերից կկողմնորոշվենք: Տեղում կորոշեմ, թե որ ծրագիրը ներկայացնեմ։ Եթե հարկ լինի բարդացնելու, դա կանեմ։ «Վա բանկ» պետք է գնամ:

Բարդ վարժությունս սկսում է 17․2 բարդությունից։  Եթե հարկ լինի բարդացված ծրագիրը ներկայացնել, ուրեմն պետք է շատ մաքուր կատարեմ, հակառակ դեպքում իմաստ չի ունենա այդ բարդության վարժություն կատարելս։

Ռիո-2016-ը քո առաջին Օլիմպիական խաղերն են։ Քեզ համար ինչո՞վ  առանձնացավ օլիմպիական մրելույթը մյուս մրցաշարերից։

Սա իմ առաջին Օլիմպիական խաղերն են, բայց լարվածություն չունեի որակավորման փուլում։ Չէի զգում, որ օլիմպիական մրցահարթակում եմ եւ իմ առաջին օլիմպիական մրցելույթն է։ Եվրոպայի առաջնությունից ավելի քիչ էի լարված։ Կարծում եմ՝ պայմանավորված էր նրանով, որ կարողացա ավելի ճիշտ տրամադրել ինձ այդ պահին։ Ամեն ինչ նորմալ էր, ոչ լարված էի, որ խառնված։

Եզրափակիչում ո՞ր երկրների ներկայացուցիչներին ես տեսնում քեզ մրցակից։

Այստեղ ինձ մրցակից եմ համարում երկու բրիտանացի մարզիկներին, ովքեր միշտ եղել են ինձ համար ուժեղ մրցակից, ֆրանսիացի մարզիկն է, ով նույնպես բարդ ծրագիր է անում, ուժեղ են նաեւ ուկրաինացի, ռուս մարզիկները։ Բոլորն էլ ուժեղ են, տիրապետում են գործիքին, վարպետներ են։

Եզրափակիչում ի՞նչ հույսեր ունես։

Առաջինն աշխատելու եմ անել իմ վարժությունը մաքուր եւ առանց վրիպումների։ Իսկ թե մեդալն ի՞նչ գույնի կլինի, արդյունքները ցույց կտան։Ուղղակի պետք է այդ պահին կենտրոնանալ եւ անել այն, ինչ կարողանում ես։ Հետո արդեն պարզ կլինի, թե ում նյարդերը տեղի տվեցին, ով դիմակայեց։

Իսկ քո մոտ նյարդերը ե՞րբ են տեղի տալիս՝ նժույգի առջեւ կանգնած, թե՞ վարժությունը կատարելիս։

Նման կարեւորագույն մրցաշարերում երկու դեպքում էլ, լինում է նժույգի մոտ՝ մեկնարկի կանգնած, երբեմն էլ վարժության ընթացքում։ Բայց եզրափակիչում պետքէ ամեն ինչ անեմ, որ խուսափեմ նյարդային խնդիրներից։

Հարություն, NEWS.am Sport-ը քեզ հաջողություն է մաղթում Ռիո-2016-ի եզրափակչում։

Շնորհակալ եմ։ Կձգտեմ հանդես գալ իմ հնարավորոթյունների առավելագույնով։

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով