04:33  ,  7 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հարություն Մերդինյանը եզրափակիչում է, Արթուր Դավթյանը լքեց պայքարը

Հարություն Մերդինյանը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության եզրափակիչի ուղեգիր եւ կպայքարի մեդալի համար:

Նժույգի վարժության որակավորման փուլում Եվրոպայի գործող չեմպիոն, աշխարհի 2015թ. առաջնության բրոնզե մեդալակիր Մերդինյանը հավաքեց 15.583 միավոր եւ զբաղեցրեց չորրորդ տեղը:

Արթուր Դավթյանը հենացատկում գրանցեց 14.566 միավորով եւ, գրավելով 11-րդ տեղը, լքեց պայքարը: Որակավորման փուլից եզրափակիչ են դուրս գալիս 1-8-րդ տեղերը գրաված մարմնամարզիկները: Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 14-ին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Հայաստանի մարզիկներից պայքարի մեջ էին մտել նաեւ բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը եւ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, որոնք հաջող հանդես չէին եկել: Հովհաննիսյանը 49 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում 27:30 (0:3) հաշվով պարտվել էր իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ լքել պայքարը, իսկ 60 կգ քաշային Դավթյանը մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվել էր ռուսաստանցի Բեսլան Մուդրանովը, որը հաղթել էր յուկոյով եւ պայքարից դուրս թողեց հայ մարզիկին: Բեսլան Մուդրանովը հաղթել էր այդ քաշային կարգում՝ նվաճելով Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը Ռիո-2016-ում:

Օգոստոսի 7-ին Հայաստանի ներկայացուցիչներից կմեկնարկեն մարմնամարզիկ Հուռի Գեբեշյանը եւ 69 կգ քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում