16:58  +04,  6 օգոստոսի, 2016

«Մի օլիմպիականի պատմություն». Հարություն Մերդինյան (ֆոտո)

NEWS.am Sport-ի  «Մի օլիմպիականի պատմություն» շարքի հերոսը Ռիո-2016-ում  Հայաստանի հույսերից մեկն է՝ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար, աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, 2016 թ. Եվրոպայի չեմպիոն,  2015թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում երրորդ տեղը զբաղեցրած եւ պարզապես լավ մարդ Հարություն Մերդինյանը:

Ռիո-2016-ի օլիմպիականը 29 տարեկան է: Մարզիկի անձնական կյանքում դեռ փոփոխություններ չկան: Բայց NEWS.am Sport-ի հետ զրույցում անկեղծացել է, որ արդեն մտածում է իր ընտանիքը կազմելու, հայր դառնալու մասին: Բայց մինչ անձնական կյանքը դասավորելը, այսօր՝ օգոստոսի 6-ին Հարություն Մերդինյանը մի շատ կարեւոր մրցելույթ ունի՝ Ռիո-2016-ի օլիմպիական մեկնարկ: Մինչ մեկնարկի դուրս գալը, ներկայացնենք բարի, համեստ, մի քիչ ամաչկոտ ու իրատես Հարություն Մերդինյանին այլ դիտանկյունից:

Հարություն, ինչպե՞ս է անցել մանկությունդ, ի՞նչ հիշողություններ ունես։

Ծնվել եմ Երեւանում: Հետաքրքիր մանկություն եմ ունեցել: Աշխույժ, խաղեր սիրող, շատ ընկերներ ունեցող երեխա եմ եղել: Չնայած 5 տարեկանից մայրս ինձ տանում էր մարզումների ու երեկոյան նոր վերադառնում էինք տուն, դա չէր ազդում իմ բակ իջնելու ու խաղալու վրա. եթե նույնիսկ 10 րոպե ժամանակ էի գտնում ինձ համար ազատ, վազում էի դուրս ընկերներիս հետ խաղալու:

Ինչպիսի՞ն է եղել քո մուտքը մեծ սպորտ, ինչո՞ւ հենց մարմնամարզություն։

Մարմնամարզությունն ընտրել եմ հայրիկիս խորհրդով: Ինքն է շատ սիրել այս մարզաձեւը եւ միշտ ցանկացել է, որ իր որդին դառնա մարմնամարզիկ: Մայրս էլ դեմ չի եղել հորս ցանկությանը, ամեն օր ինձ մարզումների մայրս է տարել:

Սկսել եմ 5 տարեկանից: Սկզբից հաճախել եմ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոց՝ մարզիչ Սոս Սարսգյանի մոտ: 1998 թվականից մարզիչիս հետ տեղափոխվեցինք Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց՝ Հակոբ Սերոբյանի մոտ: Մինչեւ հիմա մարզիչս Սոս Սարսգյանն է, Հակոբ Սերոբյանի հետ համատեղ մարզվում ենք: Մեր տեղափոխվելու պատճառներից մեկն այն էր, որ հավաքականը մարզվում էր Ալբերտ Ազարյանի մարզադպրոցում, բացի այդ, այստեղ պայմաններն ավելի լավ էին:

Հիշում եմ առաջին մրցանակս. Կիրովականի մրցումներում, հիմա չեմ հիշում ինչ մրցումներ էին, առաջին տեղ էի զբաղեցրել եւ որպես մրցանակ նվեր էի ստացել դեղին խաղալիք ավտոմեքենա, մակնիշն էլ Mercedes: Հիշում եմ, որ շատ էի ուրախացել մրցանակիս համար: Մինչեւ հիմա պահում եմ այդ մեքենան:

Ի՞նչ դժվարությունների ես հանդիպել մարզական կարիերայում եւ ի՞նչպես ես հաղթահարել դրանք:

Մարզական կարիերայում հիասթափություններ շատ եմ ունեցել: Եղել են պահեր, որ նստել եւ մտածել եմ, որ այլեւս չեմ ցանկանում մարզվել, հոգնել եմ: Բայց այդ հիասթափությունները կարճ կյանք ունեցող պահեր են եղել, որոնց պատճառը հիմնականում եղել է լարվածությունը, հոգնածությունը: Ուրիշ այլ՝ լուրջ պատճառ չի եղել, որ իմ ընտրած մասնագիտությունիցս հիասթափվեմ: Այս մարզաձեւն այնքան է մտել կյանքիս մեջ, այնքան է դարձել իմը, որ 1-2 օր հետո մոռանում են ցանկացած հոգնածություն, հիասթափություն ու կարոտում մարզումները, վերադառնում մարզադահլիճ ու շարունակում:

Մի քանի բառով ինչպե՞ս կնկարագրես ինքդ քեզ։

Պարտաճանաչ, աշխատասեր, պատասխանատվության մեծ զգացումով: Չեմ սիրում, երբ ինձ խաբում են. ինձ շատ հեշտ կարող է ցավացնել միայն իմ ամենահարազատ մարդը՝ խաբելով:

Ի՞նչն  ես գնահատում մարդկանց մեջ։ Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա քո ընկերը:

Դիմացինիս մեջ գնահատում եմ մաքրությունը, ճշտապահությունը, պարզությունը: Յուրաքաչյուր մարդու մեջ գնահատում եմ ինքն իրեն հարգելու ունակությունը: Եթե ինքդ քեզ հարգես, կսկսես հարգել նաեւ դիմացինիդ: Եթե ինքդ քեզ հարգես, ուրեմն չես կարող ինքնասեր չլինել:

Ինձ համար ընկերը թանկ մարդ է. կյանքի մի մասնիկ, ով յուրաքաչյուր պարագայում կողքիդ է: Երբեմն լինում են այնպիսի հարցեր, որ քո խնդիրների մասին չեն իմանում ծնողներդ, այլ առաջին մարդն ում հետ կիսվում ես, ընկերդ է: Այնպես որ, մարդ իր կյանքում պետք է լավ ընկեր ունենա:

Իմ ընկերներն ինձ շատ են օգնում, երբեք չեն խանգարում, չեն կտրում ինձ մարզումներից. անգամ եղել է՝ իրենք են ասել, գնա, մարզվիր, դու մեր պատիվն ես: Ինձ համար այս խոսքերն ամեն ինչ արժեն:

Ի՞նչ երազանք ունես:

Երազանքներ չունեմ: Երազել առհասարակ չեմ սիրում: Երազելն անիմաստ է, որովհետեւ երազանքն իրականում անհասանելի բան է: Ես սովորաբար նպատակ եմ դնում իմ առջեւ եւ փորձում հասնել այդ նպատակին: Բայց նպատակներս սահմաններ են ունենում, երբեք անհասանելի նպատակների մասին չեմ մտածում: Իրականում միշտ պետք է մտածես նրա մասին, ինչը հասանելի է կյանքում: Իսկ երազել կարող ես շատ բաների մասին, որոնց երբեք այդպես էլ չես հասնելու: Երազանքն ուղղակի հույս է, որ ներշնչում ես քեզ: Ռեալիստ եմ:

Այդ դեպքում, ի՞նչ նպատակներ ունես:

Այս պահին օլիմպիական մեդալին հասնելու դժվարագույն ճանապարհն եմ իմ առջեւ դրել որպես նպատակ: Արել եւ անում եմ ամեն ինչ, որ նպատակիս հասնեմ: Ցանկանում եմ, այնպես անել, որ Խաղերից հետո հետ հայացք գցեմ, ու հասկանամ, որ չկար մի բան, որ ես բաց եմ թողել եւ չեմ արել: Ճանապարհի բոլոր բարդություններն անցել եմ:

Իսկ կարիերայից դուրս, նպատակս ընտանիք կազմելն է, երեխաներ ունենալը: Ցանկանում եմ արդեն իմ ընտանիքն ունենալ եւ իմ ծնողների հետ միասին երջանիկ ապրել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ