20:47  ,  6 օգոստոսի, 2016

Կարեն Աղամալյանը՝ Ռիոյից. Արթուր Հովհաննիսյանը երկրորդ ռաունդում աջ ձեռքը վնասեց եւ չէր կարողանում հարվածել

Արթուր Հովհաննիսյանից դժգոհ եմ, որ պարտվեց, բայց նաեւ գոհ եմ, որ լավ դրսեւորեց իրեն ռինգում մինչեւ երրորդ ռաունդը։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռիոյից ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը՝ մեկնաբանելով Ռիո-2016-ում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանի պարտությունը: 49 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում նա 0:3 հաշվով պարտվեց իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ լքեց պայքարը:

«Արթուր Հովհաննիսյանը առաջին երկու ռաունդներում հավասար պայքար էր տանում։ Իր հնարավորությունների չափով փորձում էր միավորներ վաստակել։ Բայց մրցակիցը հավասար ուժեր ունեցող տղա էր ու բարդ էր լինում միավոր վերցնելը։ Առաջին երկու ռաունդները լավ բռնցքամարտ ցույց տվեց, բայց վերջին ռաունդում թուլացավ։

Հոգնածությունը չէր պատճառը, այլ երկրորդ ռաունդում աջ ձեռքը վնասեց եւ չէր կարողանում հարվածել։ Այժմ էլ այտուցված է ձեռքը։ Արդյունքում 0։3 հաշվով պարտվեցինք, բայց էլի կնշեմ, որ առաջին երկու ռաունդներում հավասար պայքար էր գնում։

Արթուրի մրցակիցն ուժեղ, պինդ տղա էր, բայց ուժեղ չէր Արթուրից։ Հավասար ուժեր ունեին բռնցքամարտիկները ռինգում։ Դժգոհ եմ, որ պարտվեց, բայց նաեւ գոհ եմ, որ իրեն լավ դրսեւորեց օլիմպիական ռինգում։ Հասկանում եմ, որ դեռ 20 տարեկան տղա է, բայց այսօր նա ռինգում թույլ չէր իր մրցակցից։

Այստեղ ամեն ինչ նորմալ է, մթնոլորտը լավ է, մեզ, տղաներին խանգարող որեւէ բան չկա։

Վաղը ռինգ է դուրս գալու Վլադիմիր Մարգարյանը։ Վլադիմիրի մրցակիցն անծանոթ բռնցքամարտիկ է մեզ համար, չենք տեսել նրա մենամարտերը»,- ասաց Կարեն Աղամալյանը։

Օգոստոսի 7-ին Երեւանի ժամանակով 01:00-ին (օգոստոսի 8) մեկնարկելիք մենամարտում 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը կմրցի Ֆիջիի ներկայացուցիչ Ուինսթոն Հիլի հետ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով