18:51  ,  1 օգոստոսի, 2016

Նոր համալրումներ Երեւանի «Արարատում»

Նոր մրցաշրջանին պատրաստվող Երեւանի «Արարատի» կազմը համալրվեց նոր ֆուտբոլիստներով: Թիմ է վերադարձել դարպասապահ Արամ Հայրապետյանը, որը մասնակցեց «Բանանցի» եւ «Ալաշկերտի» հետ ստուգողական հանդիպումներին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պաշտպան Արգիշտի Պետրոսյանի նախորդ ակումբն էր Լիբանանի «Հոմենեթմենը»: Հակոբ եւ Արամ Լոռեցյաններն «Արարատ» են տեղափոխվել «Ալաշկերտից»: Նրանք ժամանակին հանդես են եկել «Արարատի» կազմում:

 «Արարատին» է միացել նաեւ վերջին շրջանում Հունաստանում հանդես եկած կիսապաշտպան Կարեն Ավոյանը, ով նույնպես երեւանյան թիմում խաղալու փորձ ունի:

Նոր մրցաշրջանում «Արարատում» հանդես կգան նաեւ երկու աֆրիկացի կիսապաշտպաններ. Aspire Academy-ի սան, հարավաֆրիկացի Հեփի Սիմելելան հանդես է եկել Բելգիայի «Էուպենում», իսկ կոտդիվուարցի Իսմայիլ Բրուն խաղացել է տեղի ASFA եւ Բենինի «Ռեքուինս» ակումբներում:

Ավելի վաղ «Արարատը» պայմանագրեր էր ստորագրել կոտդիվուարցի ֆուտբոլիստներ Նասիմ Աարոն Կպեհիայի եւ Բրաիմա Բրունո Կոնեի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում