20:03  ,  15 հուլիսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Հրաչ Բաբայան (ֆոտո)

NEWS.am Sport-ըշարունակում է ներկայացնել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Հայաստանի օլիմպիականներին: Օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին Ռիո դե Ժանեյրոյում:

Հրաչ Բաբայան, հրաձգություն, 10 մ օդամղիչ հրացան

Ծնվելէ 1996թ. օգոստոսի 1-ին, Երեւանում։

Ամուսնացած չէ։

2014թ. պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, 2014թ. աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մրցանակակիր, 2015-ին Եվրոպական խաղերում 5-րդ տեղ է զբաղեցրել եւ երիտասարդական ռեկորդ սահմանել։

Ռիո-2016-ի ուղեգի րստացելէ «սպիտակ քարտի» շնորհիվ։

Անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:

Ամեն ինչ սկսվեց․․․

Հրաձգության մասին իմացել եմ դասընկերներիցս։ Մի օր ընկերներիս հետ որոշեցինք գալ եւ ընդունվել հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց։ Այդ ժամանակ ես 14 տարեկան էի։ Սկսեցինք մարզվել, որոշ ժամանակ անց ընկերնրես դուրս եկան, իսկ ես մնացի եւ շարունակեցի, քանի որ արդեն հասցրել էի սիրել այս մարզաձեւը։ Մոտ 6 ամիս անց մասնակցեցի իմ կյանքի առաջին մրցմանը, գրավեցի երկրորդ տեղը, ինչն ինձ շատ ոգեւորեց։ Այդպես սկսեցի մարզվել ու ավելի կատարելագործվել այս մարզաձեւում։

Հրաձգությունը յուրահատուկ ու հետաքրքիր մարզաձեւ է։ Այն սիրում է հանգստություն, խաղաղ հոգեվիճակ, համբերություն։ Այս մարզաձեւի «բնավորության գծերը» համապատասխանում են իմ բնավորությանը․ պետք ընդունակ լինես ինքնատիրապետման, ինքդ քո հոգեբանը լինես, որ կարողանաս հաջողության հասնես։ Այս մարզաձեւում դու մրցում ես ոչ թե անհատական ինչ-որ մեկի հետ, այլ ինքդ քեզ հետ:

Ռիո-2016 ուղեգիրը...

Ես մասնակցում եմ Օլիմպիական խաղերին սպիտակ քարտով։ Բայց ես պատրաստ եմ եղել ձեռք բերել ուղեգիր․ իմ արդյունքն ու հնարավորությունները ինձ թույլ տվել են, որ ես կարողանամ ձեռք բերել ուղեգիրը։ Օլիմպիական ուղեգրին շատ մոտ եմ եղել Եվրոպական խաղերում, Եվրոպայի առաջնությունում, բայց երկու անգամն էլ ինչ-ինչ պատճառներով չկարողացա ձեռք բերել։ Բաքվում իմ առաջին փորձն էր մեծահասակների մեջ, երեւի փորձի պակասն էր, իսկ Եվրոպայի առաջնությունում մեկ միավոր չբավարարեց, որ հասնեմ ուղեգրին։ Տխրեցի, որ իմ ուժերով չկարողացա վերցնել այդ ուղեգիր, բայց ուրախ եմ, որ ինձ տրվեց «սպիտակ քարտի» հնարավորություն։

Ես գնում եմ Ռիո․․․

Թեկուզ եւ սպիտակ քարտով եմ մասնակցում Օլիմպիական խաղերին, դա չի նշանակում, որ մեկնում եմ Ռիո ուղղակի մասնակցությունս ապահովելու․ ամենայն լրջությամբ նախապատրաստվում եմ Խաղերին եւ գնում եմ ցույց տալու արդյունք, հանդես գալու այնքանով, որքանով կարողանում եմ։

Սպասումներ, հույսեր...

Դեռ նոր եմ անցում կատարում մեծահասակների հավաքական։ Հիմա չեմ կարող ասել, թե ինչի եմ պատրաստ Ռիոյում, որ տեղի եմ պատրաստ։ Հրաձգությունը անկանխատեսելի մարզաձեւ է, չեմ կարող ասել՝ ինչ է սպասվում ինձ այնտեղ։ Ուժերիս վրա վստահ եմ։ Հույս ունեմ, որ եզրափակիչ փուլ կանցնեմ, իսկ եզրափակիչ փուլ անցնելն արդեն մեծ հաղթանակ կլինի ինձ համար։

Երազում եմ մի օր մի Օլիմպիական խաղերում եղբորս հետ հանդես գալ եւ ներկայացնել Հայաստանը։

Սեյրան Նիկողոսյան (hրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ)

Հրաչիկը վաղուց պետք է վարկանիշ ունենար, բայց որոշ հանգամանքներից ելնելով նրան չհաջողվեց սեփական ուժերով այդ վարկանիշը ձեռք բերել։

Ներկա պահին լավ մարզավիճակում է, ուսումնամարզական հավաք ենք անցկացնելու Լեհաստանում, որտեղ ավելի կկայունանա։ Բրազիլիայում էլ մարզումներ կանցկացնենք, օգոստոսի 7-ին վերջնական գլխավոր մարզումները կանենք, օգոստոսի 8-ին արդեն մեկնարկի դուրս կգա։

Եթե կարողանա ցույց տալ այն արդյունքը, որն այժ անում է, վստահ կմտնի եզրափակիչ։ Իսկ այնտեղ արդեն չեմ կարող ասել ինչ հնարավորություններ կունենա։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում