10:21  ,  7 հուլիսի, 2016

Bild. Հենրիխ Մխիթարյանը սպառնացել էր բոյկոտել «Բորուսիայի» մարզումները

Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը գերմանական ակումբին սպառնացել է չմասնակցել մարզումներին, եթե նրա տրանսֆերը չկայանա, գրում է Bild-ը:

Գերմանական թերթի հերթական համարը նվիրված է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին: Աղբյուրը նշում է, որ բանակցությունների ընթացքում Հենրիխը հաղորդագրություններ է ուղարկել «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին, իսկ վերջին պահին հայտնել է, որ չի միանալու թիմի մարզումներին: 27-ամյա Մխիթարյանն ամեն կերպ փորձել է արագացնել իր տեղափոխությունն անգլիական ակումբ՝ դիմելով տարբեր քայլերի: Bild-ը հիշեցրել է, որ Հենրիխ Մխիթարյանը նույն ոճով էր գործել նաեւ 2013-ին, երբ Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվում էր «Բորուսիա»:

«Բորուսիայի» նախագահ Ռայնհարդ Ռաուբալը հետեւյալ կերպ է մեկնաբանել ստեղծված իրավիճակը. «Տեղափոխության ժամանակ եղան այնպիսի բաներ, որոնք նորմալ հանգամանքներում տեղի չեն ունենում ֆուտբոլիստների տրանսֆերների ժամանակ»:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ներկայացուցչի եւ «Բորուսիայի» միջեւ բանակցություններն ընթանում էին լարված մթնոլորտում եւ Հենրիխի գործակալ Մինո Ռայոլան հանդիպումներից մեկի ժամանակ նույնիսկ աթոռն էր մի կողմ նետել:

Հայ ֆուտբոլիստն Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր՝ եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Տրանսֆերի պաշտոնական արժեքը չի հրապարակվել: Գերմանական Bild-ը նշում է 42 միլիոն եվրոյի մասին, իսկ անգլիական Daily Mail-ը Մխիթարյանի տրանսֆերը գնահատում է 26 միլիոն ֆունտ ստերլինգ: Ավելի վաղ նշվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ընտրելու համար կիսապաշտպանը կստանա 8 միլիոն եվրո բոնուս, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 12 միլիոն եվրո:

«Բորուսիան» նրան 27.5 միլիոն եվրոյով էր ձեռք բերել Դոնեցկի «Շախտյորից»: Գերմանական ակումբի հետ հայ կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում էր 2017-ի ամռանը: «Բորուսիայի» կազմում նա մասնակցել է 140 հանդիպման եւ դարձել 41 գոլի եւ 49 գոլային փոխանցման հեղինակ:

Ավարտված մրցաշրջանում Հենրիխը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե եւ Բունդեսլիգայի ֆուտբոլիստների վարկածով ճանաչվել ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով