00:50  ,  4 հուլիսի, 2016

Եվրո-2016. Ֆրանսիայի թիմն իսլանդացիների հեքիաթը դարձրեց մղձավանջ՝ 5:2 (ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին խաղում Ֆրանսիայի հավաքականը Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում խաղաց Իսլանդիայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 5:2 հաշվով: Հանդիպման ընթացքին տրիբունայից հետեւում էր նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Այս մրցաշարում ֆրանսիացիներն առաջին անգամ աչքի ընկան առաջին խաղակեսում: 12-րդ րոպեին Բլեզ Մատյուիդիի փոխանցումից հետո Օլիվյե Ժիրուն բացեց հաշիվը: 20-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Պոլ Պոգբան տուգանային հրապարակում բոլորից բարձր ցատկեց եւ գրավեց Հանես Հալդոուրսոնի պաշտպանած դարպասը: 43-րդ րոպեին Դիմիտրի Պայետը հաշիվը դարձրեց 3:0: Երկու դեպքում էլ գոլային փոխանցման հեղինակ Անտուան Գրիզմանն էր, որն առաջին խաղակեսի վերջին րոպեին խփեց նաեւ իր գոլը: Գրիզմանը 5 խաղում 4 գոլով մրցաշարի լավագույն ռմբարկուն է:

Ընդմիջումից հետո Կոլբեյն Սիգթորսոնի գոլի շնորհիվ իսլանդացիները կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն երեք րոպե անց Օլիվյե Ժիրուն ձեւակերպեց դուբլ եւ անմիջապես փոխարինվեց: Իսլանդացիները մեկ անգամ էլ աչքի ընկան. Բիրկիր Բյարնասոնը գրավեց Հուգո Լյորիսի պաշտպանած դարպասը: Ավելին անել իսլանդացիները չկարողացան եւ 1/8 եզրափակիչում անգլիացիներին համազգային դեպրեսիայի հասցրած թիմը ավարտեց պայքարը: 

Ֆրանսիա - Իսլանդիա զույգի հաղթողը կիսաեզրափակիչում  հուլիսի 7-ին Մարսելում կմրցի աշխարհի չեմպիոն գերմանացիների հետ, որոնք դուրս են թողել Իտալիայի թիմին: Մյուս կիսաեզրափակիչում հուլիսի 6-ին կմրցեն Պորտուգալիայի եւ Ուելսի թիմերը:

Եվրո-2016, քառորդ եզրափակիչ

Ֆրանսիա - Իսլանդիա՝ 5:2

Օլիվյե Ժիրու, 12, 59, Պոլ Պոգբա, 20, Դիմիտրի Պայետ, 43, Անտուան Գրիզման, 45 - Կոլբեյն Սիգթորսոն, 56, Բիրկիր Բյարնասոն, 84

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Պատրիս Էվրա, Լորան Կոսելնի (Էլյակիմ Մանգալա, 72), Սամուել Ումտիտի, Բակարի Սանյա, Բլեզ Մատյուիդի, Մուսա Սիսոկո, Պոլ Պոգբա, Դիմիտրի Պայետ (Քինգսլի Կոման, 80), Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու (Անդրե-Պյեր Ժինյակ, 60):

Իսլանդիա. Հանես Հալդոուրսոն, Բիրկիր Սեւարսոն, Ռագնար Սիգուրդսոն, Կարի Արնասոն (Սվերիր Ինգասոն, 46), Արի Սկուլասոն, Իոգան Գուդմունդսոն, Բիրկիր Բյարնասոն, Գիլֆի Սիգուրդսոն, Արոն Գունարսոն, Կոլբեյն Սիգթորսոն (Էյդուր Գուդյոնսեն, 83), Յոն Դադի Բոդվարսոն (Ալֆրեդ Ֆինբոգասոն, 46):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս