14:53  ,  3 հուլիսի, 2016

Եվրո-2016. Բուֆոնի եւ Բարցալիի արցունքները. Հիասթափություն եւ շոկ

Իտալիայի հավաքականի դարպասապահ, թիմի ավագ Ջանլուիջի Բուֆոնն ու պաշտպան Անդրեա Բարցալին չեն կարողացել զսպել արցունքները՝ Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչում Գերմանիայի հավաքականից հետախաղյա 11 մետրանոցներով կրած պարտությունը մեկնաբանելիս:

«Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Եթե թիմը կազմակերպված է, մարտավարական միտք ու արժեքներ ունի, ապա ամեն ինչ հնարավոր է, բայց այս անգամ չհերիքեց: Կոնտեն գովասանքի խոսքեր ասաց մեզ, նա հպարտ էր մարզել այս ֆուտբոլիստներին: Մենք պայքարեցինք մինչեւ վերջին կաթիլ քրտինքը: Մենք հոգի տվեցինք այս մրցաշարում: Բոլորս էլ ունենք արցունքի պատճառներ: Այնքան մոտ էինք նպատակին: Ահավոր է մտածել, որ Գերմանիան երեք անգամ վրիպեց 11 մետրանոցների ժամանակ, բայց դա մեզ չհերիքեց: Չեմ կարող ասել, որ սրանից ավելի վատ է եղել: Այս պարտությունն իսկական շոկ է: Երկու տարի առաջ աշխարհի առաջնությունում մենք ցավում էինք, որ չարեցինք այն ամենը, ինչը կարող էինք: Այս անգամ մենք կարող էինք հաղթել: Այժմ այս բեռով պետք է վերադառնալ տուն»,- ասել է Բուֆոնը:

«Ցուցադրեցինք առավելագույնը: Այսօրվա պարտությունը կզրոյացնի մեր բոլոր նվաճումներն այս մրցաշարում: Կմնա միայն հիասթափությունը: Մի քանի տարի հետո ոչ ոք չի հիշի, թե ինչքան ջանք ենք գործադրել խաղադաշտում: Մենք վայելում էինք այս առաջնությունը եւ շատ էինք ցանկանում շարունակել պայքարը»,- ասել է Բարցալին:

Կիսաեզրափակիչում Գերմանիայի մրցակիցը կլինի Ֆրանսիա - Իսլանդիա զույգի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով