01:49  ,  3 հուլիսի, 2016

Եվրո-2016. Գերմանիան հետխաղյա 11 մետրանոցներով ուժեղ էր Իտալիայից (ֆոտոշարք)

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը նվաճեց Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր:

1/4 եզրափակիչում Բունդեսթիմը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Եվրոպայի փոխչեմպիոն իտալացիներին, որոնք նախորդ փուլում պայքարից դուրս էին թողել Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիային: Բորդոյում կայացած հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:

Առաջին խաղակեսն անցավ առանց գոլային պահերի եւ ավարտվեց 0:0 հաշվով: Գերմանացիներն ավելի շատ էին լինում գնդակով, սակայն իտալացիների գրագետ պաշտպանությունը Յոահիմ Լյովի թիմին թույլ չէր տալիս հաճախ մոտենալ մրցակցի դարպասին: Թիմերը շատ զգույշ էին գործում, ինչն անդրադառնում էր խաղի դիտարժանության վրա:

Ընդմիջումից հետո գերմանացիներն ունեին հսկայական առավելություն: Խաղի առաջին իրական գոլային պահը եղավ 54-րդ րոպեին, երբ գերմանացի Թոմաս Մյուլերի հարվածից հետո «Ռոմայի» կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին իտալացիներին փրկեց գոլից: Գերմանիայի առավելությունն աստիճանաբար մեծանում էր, իսկ իտալացիները երկրորդ խաղակեսի սկզբնամասում չէին կարողանում դուրս գալ սեփական կիսադաշտից: Բունդեսթիմն առավելությունը գոլի վերածեց 63-րդ րոպեին, երբ հակագրոհի արդյունքում աչքի ընկավ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը: Գոլից հետո էլ Գերմանիան պահպանում էր առավելությունը եւ քիչ անց ունեցավ եւս մեկ իրական գոլային պահ, սակայն Մարիո Գոմեսը վրիպեց դարպասի առջեւից: Իտալացիներին չէր հաջողվում կազմակերպել գրոհներ: Իտալիայի թիմին թարմություն էր պետք, սակայն Անտոնիո Կոնտեն չէր շտապում կատարել փոխարինումներ: Աշխարհի չեմպիոնը վստահ քայլերով գնում էր դեպի հաղթանակը, բայց Ժերոմ Բոատենգը փչացրեց ամեն բան: 78-րդ րոպեին Մյունխենի «Բավարիայի» պաշտպանը ձեռքով խաղաց սեփական տուգանայինում, իսկ Լեոնարդո Բոնուչին 11 մետրանոցից խփեց Իտալիայի թիմի պատասխան գոլը: Այդ գնդակը վստահություն հաղորդեց իտալացիների գործողություններին, իսկ վերջնամասում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Ավելացված 30 րոպեներին Գերմանիան ավելի լավ տեսք ուներ, բայց գոլեր չգրանցվեցին եւ նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որն ավելի դիպուկ իրացրեց Գերմանիան: Հարվածաշարն անցավ շատ լարված ու դրամատիկ պայքարում, եւ թիմերը հաղթողին որոշեցին միայն 9-րդ հարվածի ժամանակ: Գերմանիայից դիպուկ էին՝ Տոնի Կրոսը, Յուլիան Դրաքսլերը, Մատս Հումելսը, Ջոշուա Կիմիխը, Ժերոմ Բոատենգը եւ հաղթական հարվածն իրացրած Յունաս Հեկտորը, իսկ Թոմաս Մյուլերը, Մեսութ Օզիլն ու Բաստիան Շվայնշտայգերը վրիպեցին: Իտալիայից դիպուկ հարված կատարեցին՝ Լորենցո Ինսինյեն, Անդրեա Բարցալին, Էմանուելե Ջակերինին, Մարկո Պարոլոն ու Մատիա Դե Շիլիոն, իսկ Սիմոնե Զազան, Գրացիոնո Պելեն, Լեոնարդո Բոնուչին ու Մատեո Դարմիանը չկարողացան գրավել դարպասը:

Հատկանշական է, որ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում Գերմանիայի հավաքականն առաջին անգամ հաղթեց իտալացիներին: Թիմերի միջեւ նախորդ 8 պաշտոնական խաղերում Իտալիան տարել էր 4 հաղթանակ եւ 4 անգամ գրանցվել էր ոչ ոքի:

Հիշեցնենք, որ Եվրոպայի նախորդ առաջնությունում Իտալիան կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել Գերմանիային, իսկ եզրափակիչում 0:4 հաշվով պարտվել էր իսպանացիներին:

Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել էին Պորտուգալիայի եւ Ուելսի հավաքականները: Գերմանացիներն էլ եզրափակիչի ուղեգրի համար պայքարելու են Ֆրանսիա - Իսլանդիա զույգի հաղթողի հետ:

Եվրո-2016, 1/4 եզրափակիչ

Գերմանիա – Իտալիա՝ 1:1

Մեսութ Օզիլ, 63 - Լեոնարդո Բոնուչի, 78 (11մ)

11 մետրանոցներով՝ 6:5

Գերմանիա. Մանուել Նոյեր, Բենեդիկտ Հյովեդես, Ժերոմ Բոատենգ, Մատս Հումելս, Յոնաս Հեկտոր, Սամի Խեդիրա (Բաստիան Շվայնշտայգեր, 16), Տոնի Կրոս, Ջոշուա Կիմիխ, Մեսութ Օզիլ, Թոմաս Մյուլեր, Մարիո Գոմես (Յուլիան Դրաքսլեր, 72):

Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի (Սիմոնե Զազա, 120+1), Էմանուելե Ջակերինի, Ստեֆանո Ստուրարո, Ալեսանդրո Ֆլորենցի (Մատեո Դարմիան, 87), Մատիա Դե Շիլիո, Մարկո Պարոլո, Էդեր (Լորենցո Ինսինյե, 105 ), Գրացիանո Պելե:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս