09:52  ,  3 հուլիսի, 2016

Անտոնիո Կոնտե. Իտալիան չունի այնպիսի հրաշալի սերունդ, ինչպիսին ունեն Գերմանիան կամ Իսպանիան

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Գերմանիայի դեմ Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի խաղում պարտություն կրելուց հետո ամփոփել է իր աշխատանքը ազգային հավաքականում:

«Շատ ծանր էր աշխատանքն ազգային թիմում: Երբեմն տպավարություն էր, որ ամբողջ Իտալիան է իմ դեմ: Միայն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էր ինձ աջակցում: Լրագրողները մշտապես քննադատում էին: Հույս ունեմ՝ իմ աշխատանքով բոլորին ապացուցեցի, որ քննադատողները սխալ էին:

Այս մրցաշարում Իտալիայի հաջողության միակ շանսը ծանրագույն աշխատանքն էր՝ գործարանային աշխատանք: Չեմ ասում, որ մեր ֆուտբոլիստները տաղանդավոր չեն, բայց պետք է նայել ճշմարտության աչքերին եւ ընդունել, որ Իտալիան այժմ չունի այնպիսի հրաշալի սերունդ, ինչպիսին ունեն Գերմանիան կամ Իսպանիան: Բայց տղաները կարողանում են աշխատել եւ ունեն իրենց տեղը ֆուտբոլի աշխարհում: Էլ չեմ ասում, թե ինչքան շատ են սիրում իրենց հավաքականը:

Դեռ Եվրո-2016-ից առաջ որոշել էի հեռանալ ազգային հավաքականից, թեեւ Ֆրանսիայում հաճախ էր ինձ այցելում մնալու մասին միտքը: Բայց դա հնարավոր չէ: Այժմ իմ աշխատանքը «Չելսին» է: Կցանկանայի նոր աշխատանքից առաջ ոչ մի հանգստյան օր չունենալ՝ Իտալիան հասներ եզրափակիչ: Իսկ հիմա կունենամ մեկ շաբաթ արձակուրդ եւ կսկսվի աշխատանքս Անգլիայի Պրեմյեր լիգայում»,- Կոնտեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Գերմանիա - Իտալիա հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, հետխաղյա 11 մետրանոցներով աշխարհի չեմպիոն Գերմանիան հաղթել է 6:5 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով