18:50  +04,  6 հունիսի, 2016

Ռոբերտ Էմմիյան. ՄՕԿ-ը հաստատել է Հայաստանի 4 աթլետների օլիմպիական ուղեգրերը

Այս օրերին հայ աթլետները տարբեր միջազգային մրցաշարերում պայքարում են օլիմպիական ուղեգրերի համար։ Օլիմպիական ուղեգիր նվաճելու, օլիմպիական նորմատիվ լրացնելու կարգի եւ սպասվող եւս մի քանի ուղեգրերի մասին NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է հեռացատկի Եվրոպայի, ԽՍՀՄ  բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ:

Պարոն Էմմիյան, շնորհավորում եմ՝ հայ աթլետների օլիմպիական ուղեգրեր նվաճելու կապակցությամբ։ Մեր նախորդ զրույցներում Դուք նշել էիք, որ 2-3 ուղեգրի հույս ունեք։

Շատ շնորհակալ եմ։ Անչափ ուրախ ու հպարտ եմ, որ մեր աթլետները Հայաստանի պատիվը բարձր պահեցին, մենք կարողացանք օլիմպիական նորմատիվներ լրացնել եւ ունենալ արդեն հաստատված 4 օլիմպիական ուղեգիր։

Մեր 4 ուղեգրերը նվաճել են Ամալյա Շառոյանը, Լեւոն Աղասյանը, Գայանե Չիլոյանը եւ Դիանա Խուբեսերյան։ Այժմ սպասում ենք 5-րդ ուղեգրի հաստատմանը․ միջազգային ֆեդերացիա ենք ուղարկել Լիլիթ Հարությունյանի նորմատիվը։ Մեր մարզուհին սպորտի միջազգային կարգի նորմատիվ է արել, լավ մարզիկ է եւ կուզենամ, որ թույլտվություն ստանա։

Առաջին ուղեգիրը նվաճեց աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ, հեռացատկորդ Ամալյա Շառոյանը՝ Ալբանիայում կայացած վարկանիշային մրցաշարում: Հեռացատկորդը գրանցել է 6մ 72 սմ եւ գերազանցել Օլիմպիական խաղերի համար նախատեսված 6մ 70 սմ նորմատիվը: Հաջորդ ուղեգրերը մեզ հասան Արտաշատում կայացած աթլետիկայի Հայաստանի առաջնությունից։ Այստեղ նախ՝ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց եռացատկորդ Լեոն Աղասյանն, ով եռացատկում գրանցեց 16 մ 85 սմ արդյունք, որը հենց օլիմպիական նորմատիվ էր:

Հայաստանի առաջնությունում 200 մետր վազքում մեր օլիմպիական ուղեգրերի քանակը եւս 2-ով ավելացրեցին վազորդուհիներ Դիանա Խուբեսերյանը եւ 15-ամյա Գայանե Չիլոյանը։

Մեր մարզաձեւը տարիք չի ճանաչում։ Ես ուրախ եմ, որ Գայանե Չիլոյանին հաջողվել է լրացնել օլիմպիական նորմատիվը։ Ճիշտ է նա դեռ շատ երիտասարդ է, բայց Օլիմպիական խաղերը նրա մարզական կարիերայի նոր սկիզբ կլինի, մեծ փորձ կլինի եւ իր դրական ազդեցությունը կունենա հետագա մարզական կարիերայի վրա։ Անկեղծ կլինեմ, Գայանե Չիլոյանը հեռու կլինի օլիմպիական բարձր արդյունքների, լավագույնների մեջ մտնելուց, բայց լավ փորձ ձեռք կբերի մյուս Օլիմպիական խաղերի համար։

Պարոն Էմմիայն, աթելտիկայում ի՞նչ կարգով է տրվում օլիմպիական ուղեգիրը։ Ինչպես Դուք շեշտեցիք, աթլետներից 3-ը նորմատիվները լրացրել են Հայաստանի առաջնությունում։  Սա նշանակում է՝ ազգային առաջնությունները օլիմպիական վարկանիշայի՞ն  կարող են լինեն։

Օլիմպիական խաղերի համար կան հատուկ օլիմպիական նորմատիվներ, որոնք յուրաքանչյուր աթլետ ցանկացած միջազգային եւ նաեւ ազգային առաջնության ժամանակ կարող է լրացնել։ Լրացնելուց հետո այդ նորմատիվներն ուղարկվում է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիա, որը Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ քննարկում է լրացված նորմատիվը եւ տվյալ երկրի ֆեդերացիային մարզիկի անունով ուղարկում պատասխանը՝ դրական կամ բացասական։ Այդպես մենք արդեն լրացրել ենք մինչ օրս մեր օլիմպիական նորմատիվները, ուղարկել ենք միջազգային ֆեդերացիա, ստացել ենք պատասխանները՝ դրական։ Այս պահին սպասում ենք Լիլիթ Հարությունյանի պատասխանին։ Առջեւում ունենք դեռ մի քանի կարեւոր միջազգային մրցաշարեր՝ Մալթայում, որտեղ կայանալու է Եվրոպայի թիմային առաջնությունը։ Այստեղից հետո կմեկնենք Բալկանյան երկրների միջազգային մրցաշարին։ Այս երկու մրցաշարերը եւս օլիմպիական նորմատիվ լրացնելու հնարավորություն են տալիս։ Սպասում եմ, որ մեր մարզիկները մի քանի ուղեգիր էլ կվերցնեն։

Աթլետիկայում ամեն ինչ այլ է, քանի որ համարվում է Օլիմպիական խաղերի առաջին մարզաձեւը։ Դա է պատճառը, որ մասնակից երկրները մեծ թվով աթլետներով են ներկայանում Խաղերին։ Ես շատ մեծ ցանկություն ունեմ, որ մեր մարզիկները իրենց նորմատիվները լրացնեն միջազգային խոշոր մրցաշարերում, իրենց արդյունքները բարելավեն հենց Օլիմպիական խաղերում։

Այժմ մարզիկների տրամադրությունը լավ է, նրանց վստահությունը համեմատաբար մեծացել է, ուրախ են, որ ունենք ուղեգրեր։ Ես հավատում եմ մեր մարզիկներին, որ կկարողանանք մեծ թիմով մեկնել Ռիո։ Իմ ցանկությունն ու երազանքն է՝ մեծ օլիմպիական թիմով մասնակցել Օլիմպիական խաղերին։

Ի՞նչ սպասելիքներ ունեք հայ աթլետներից Ռիո-2016-ում։

Մեծ հույսեր եմ կապում Լեւոն Աղասյանի եւ Ամալյա Շառոյանի հետ։ Շատ հավանական է, որ նրանք կարողանան պայքարել եզրափակիչների համար։ Սպասելիքներն այդքան էլ մեծ չեն։ Մենք փորձում ենք ամեն հնարավորն անել մեր մարզիկների համար, որ պայմաններ ունենան մարզվելու համար, որ հավաքներ ունենան Հայաստանում եւ Հայաստանից դուրս, որ շատ միջազգային մրցաշարերի մասնակցեն, խոշոր մրցաշարերում բարձր տեղեր գրավեն։ Բայց դեռ շատ ժամանակ  եւ ահռելի աշխատանք է պետք մեզ, որպեսզի Օլիմպիական խաղերում եզրափակիչներում հայտնվելու մասին մտածենք։ Սպասում եմ լավ մասնակցություն:

Ի՞նչ նախաօլիմպիական մարզումային փուլ կանցնեն աթլետները եւ որտե՞ղ։

Նախատեսում ենք 3 փուլով օլիմպիական ուսումնամարզական հավաքներ։ Դեռեւս վերջնական որոշված չէ, ես այս հարցը պետք է քննարկեմ մարզիկների անձնական մարզիչների հետ։ Բայց նպատակս է օլիմպիական թիմով հավաք անցկացնել Սոչիում, ապա Ծաղկաձորում եւ վերջինը Ֆրանսիայում։ Այնտեղից արդեն ամբողջ թիմով կմենենք Ռիո։

Շատ կուզեի, որ իմ երազած ռետինե ծածկույթով վազքուղին մինչեւ Ռիո-2016-ը պատրաստ լիներ եւ մենք մարզվեինք մեր սեփական բարձրակարգ, միջազգային ստանդարտներին համապատասխանող վազքուղու վրա Երեւանում։ Հույսս չեմ կորցնում, ես ամեն րոպե, վայրկյան սպասում եմ Հայաստանի կառավարության փոխանցմանը։ Ինչպես արդեն ասել եմ, միայն մնացել է, որ Հայաստանի կառավարությունը փոխանցի գումարը, միջազգային ֆեդերացիան եւս վայրկյան-վայրկյան սպասում է այդ գումարին, որպեսզի մի քանի օրերի ընթացքում ժամանեն Հայաստան եւ սկսեն կառուցումը։

Հ.Գ. «Ռոբերտ Էմմիյան. Պատմական իրադարձություն էր, երազանքս  մոտ է իրականություն դառնալուն» հրապարակման մեջ NEWS.am Sport-ն անդրադարձել է նախագծի արժեքին, որը կազմում է մոտ 1 միլիոն եվրո: Բայց միջազգային եւ Եվրոպայի ֆեդերացիաները Ռոբերտ Էմմիյանի շնորհիվ վազքուղին պատրաստ են կառուցել 380 հազար եվրոյով, որից 160 հազարը օժանդակում են այս երկու ֆեդերացիաները: Հայաստանի կառավարությունը պետք է տրամադրի 220 հազար եվրո, որի համաձայնությունը տվել են ՀՀ նախագահը եւ վարչապետը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս