19:22  +04,  28 մարտի, 2016

Հակոբ Սերոբյան. Տղաները վախեցրին աշխարհի չեմպիոններին

Աշխարհի գավաթի խաղարկությունում մեր մարմնամարզիկները լավ վախեցրին աշխարհի չեմպիոններին: Նրանք անձամբ էին մոտենում մեզ եւ շնորհավորում՝ խոստովանելով, որ հայ մարմնամարզիկները, իրոք, ուժեղ տղաներ են: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Դոհայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որն ամփոփեց Քաթարի մայրաքաղաքում ավարտված աշխարհի գավաթի խաղարկությունում հայ մարզիկների մրցելույթները:

Դոհայում հայ մարմնամարզիկները նվաճել էին երեք մեդալ: Հարություն Մերդինյանը ոսկե մեդալակիր էր դարձել նժույգի վարժությունում, իսկ օղակների վարժությունում Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը նվաճել էին համապատասխանաբար արծաթե եւ բրոնզե մեդալները: Հենացատկորդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը գրավել էր չորրորդ տեղը:

«Աշխարհի գավաթի խաղարկությունում մեր տղաների ելույթներից շատ գոհ եմ, նրանք հրաշալի կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրները: Հարություն Մերդինյանը կատարյալ հանդես եկավ նժույգի վարժությունում՝ հավասարը չունենալով: Մեզ համար շատ կարեւոր էր այս վարժությունում հրաշալի հանդես գալը, քանի որ Հարությունի հետ պայքարի մեջ էին մտել նաեւ Ուկրաինան ներկայացնող ադրբեջանցի լեգեոնականները, որոնց համար մեծ գումարներ են սովորաբար վճարում: Բայց թե՛ նժույգի վարժությունում, թե՛ հենացատկում մերոնք պայքարից դուրս թողեցին ադրբեջանցիներին: Ես գիտեի, որ Հարություն Մերդինյանը հավասարը չի ունենա այս վարժությունում»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Ըստ գլխավոր մարզիչի՝ օղակների վարժությունում հայ մարմնամարզիկների արծաթե եւ բրոնզե մեդալները հավասարազոր էր ոսկե մեդալին: Հակոբ Սերբոյանի խոսքով՝ Վահագն Դավթյանն արժանի էր ոսկե մեդալի:

«Շատ բարդ պայքար ստացվեց օղակների վարժությունում, որտեղ Վահագն Դավթյանի ու Արթուր Թովմասյանի հետ պայքարի մեջ էր պտել օղակների վարժության աշխարհի չեմպիոն, հույն Էլեֆտերիոս Պետրոնիասին: Վահագն Դավթյանն էլ, Արթուր Թովմասյանն էլ վախեցրեցին աշխարհի չեմպիոնին իրենց հրաշալի կատարումով, գրեթե հավասար էին նրանց միավորները: Իսկ եթե ավելի անկեղծ լինեմ, Վահանգն Դավթյանը մեր աչքին ավելի լավ կատարեց իր վարժությունը, քան աշխարհի չեմպիոնը: Նա շատ լավ կատարեց իր վարժությունը եւ վստակեց կարիերայի ամենաբարձր միավորը՝ 15.800: Կարծում եմ՝ նա հաղթեց, պարզապես նրա հետ պայքարում էր աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը: Գաղտնիք չէ, որ մեր մարզաձեւը փոքր-ինչ սուբյեկտիվ է եւ մրցավարների շնորհիվ ոսկե մեդալը հասավ հույն մարմնամարզիկին: Բայց, որ լավ վախեցրեցին աշխարհի չեմպիոններին, դա հաստատ է, քանի որ նրանք անձամբ մոտեցան մեզ եւ շնորհավորեցին՝ խոստովանելով, որ հայ մարմնամարզիկները փայլեցին օղակների վարժությունում եւ, իրոք, ուժեղ տղաներ են: Բոլորը հետաքրքրվում էին, թե նրանք ինչ սնունդ են օգտագործում, որ այդքան ուժեն են: Ես էլ կատակով ասում էի, որ ոչինչ չեն ուտում, դրա համար էլ այդքան ուժեղ են, եւ ուղղակի հայ են, իսկ հայերը շատ ուժեղ են»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Մեկնաբանելով Արթուր Դավթյանի ելույթը՝ հավաքականի մարզիչի նշեց, որ նրան խանգարեց ձեռքի վրիպումը:

«Արթուրը եւս փայլեց: Նա եւս գերազանց հանդես եկավ, բայց մեզ համար ամենակարեւորն առաջիկայում կայանալիք Ռիո-2016-ի փորձամրցումն ու օլիմպիական ուղեգիրը ձեռք բերելն է: Արթուրը բոլոր գործիքների վրա բավական լավ աշխատեց եւ բազմամարտի համար բավական բարձր միավորներ վաստակեց: Զբաղեցրեց չորրորդ տեղը, բայց դա վատ արդյունք չեմ համարում: Առաջին ցատկը գերազանց կատարեց, բայց երկրորդի ընթացքում նրա ձեռքը սայթաքեց: Սա նրա վրիպումն էր, բայց ես այնքան ուրախ եմ, որ շուտ կողմնորոշվեց եւ ցատկն ավարտեց: Դա կարող էր միայն Արթուր Դավթյանն անել: Նա իսկական մասնագետ է եւ իր տարիքի համեմատ, իրոք, պրոֆեսիոնալ է: Չեմ զայրանում, որ Արթուրը մեդալ չնվաճեց, քանի որ նրա խնդիրն աշխարհի գավաթի խաղարկությունը չէր, մենք ավելի կարեւոր մրցում ունենք: Ոչինչ, որ մեդալ չնվաճեց: Ուրախ եմ, որ նա վնասվածք չստացավ»,- ընդգծեց մարզիչը:

Հակոբ Սերոբյանի խոսքով՝ Հայաստանի հավաքականին արդեն ընդունում են որպես ուժեղ մրցակից:

«Ես՝ որպես գլխավոր մարզիչ, շատ գոհ եմ տղաների ելույթներից, մենք ունենք երեք մեդալ եւ միայն Հայաստանն է, որ աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճել է երեք մեդալ. սա շատ մեծ ուրախություն է մեզ համար: Իսկ ամենակարեւորն այն է, որ բոլորն իսկապես մեր առջեւ խոնարհվում են, որպես ուժեղ հավաքական՝ ծանոթ լինելով մեր պայմաններին եւ հնարավորություններին: Զարմանում են, թե ինչպես կարելի է ունենալ այդքան ուժեղ մարզիկներ՝ մարզվելով նման պայմաններում:

Շուտով կվերադառնանք Հայաստան եւ ամբողջ ուժով կնախապատրաստվենք ապրիլին կայանալիք թեստ-իվենթին: Կարեւորն օլիմպիական ուղեգիր նվաճելն է»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ