17:33 7 փետրվարի, 2016Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում փետրվարի 6-ին քննություններ էին: Տարբեր տարիքի մոտ 80 մարզիչներ մասնակցեցին մարզչական որակավորման քննության: Թեստային համակարգով անցկացվող քննության ընթացքին հետեւում էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:
NEWS.am Sport-ի թղթակիցը եւս հետեւեց քննության ընթացքին եւ զրուցեց Արթուր Գեւորգյանի հետ:
«Սա մարզչական որակավորման քննություն է, որը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Մենք դեռ ոչ մի մարզաձեւում նման օրինակ չենք ունեցել: Մեր մարզիչներն՝ ըստ ԱԻԲԱ-ի միջազգային կանոնակարգի, այնտեղ հանձնում են քննություն, որպեսզի ունենան որակավորում եւ իրավունք՝ իրենց մարզիկներին ներկայացնել աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին: Կանոնակարգը թելադրում է, որպեսզի մեր երկրի ներսում եւս անցկացնենք նմանօրինակ քննություն: Այն մարզիչները, ովքեր չեն հաղթահարի որակավորման փուլը Հայաստանում, իրավունք չեն ունենա մարզիկներ ներկայացնել Հայաստանի առաջնությանը: Այսօր դեռ մեկ աստղի քննությունն է, մարզիչների որակավորման կարգը լինելու է մինչեւ 3 աստղ: Առայժմ դեռ պրիմիտիվ հարցեր են, 150 հարցից ընտրված է 25 հարց՝ թեստային տարբերակով: Հետագա փուլերը կլինեն եւս 2 եւ 3 աստղի քննություններ: Այս քննություններին չեն մասնակցում միայն այն մարզիչները, ովքեր արդեն ԱԻԲԱ-ից ունեն 1, 2 եւ 3 աստղանի որակավորում: Նրանք այսօր մեխանիկորեն կստանան որակավորման հավաստագրեր: Իսկ եթե չհաղթահարեն, հաջորդ տարի կրկին կփորձեն: 25 հարցից սխալվելու երեք իրավունք ունեն: Այնպիսի հարցեր են, որ իրենք պարտավոր են տիրապետել: Նման հավաստագրերով մենք օրինականացնում ենք մարզիչների մուտքը բռնցքամարտ: Պատահական մարդիկ այլեւս չեն լինի բռնցքամարտում եւ ոչ մի կառույց ինքնագործունեությամբ չի զբաղվի»,- ասաց Արթուր Գեւորգյանը:
Նշենք, որ քննություն հանձնող մարզիչներն անհարմար իրավիճակում էին հայտնվել, քանի որ առաջին անգամ էին մասնակցում որակավորման քննությանը: Արթուր Գեւորգյանն էլ նկատողություններով, իրար չհուշելու, չխանգարելու հորդորներով շրջում էր քննասենյակում:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.