13:16  ,  8 հունվարի, 2016

NEWS.am Sport NewYear. Հայ մարզիկներն ու նրանց մայրերը. Դավիթ Սաֆարյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է հայ մարզիկներին եւ նրանց մայրերին նվիրված ամանորյա շարքի վերջին հերոսին՝ ազատ ոճի ըմբշամարտի 2013թ. աշխարհի չեմպիոն, 2013թ. Հայաստանի լավագույն մարզիկ Դավիթ Սաֆարյանին:

«Ես քեզ անչափ սիրում եմ, մամ: Իմ բոլոր հաղթանակները քեզ են նվիրվում: Ուզում եմ քեզ միշտ տեսնել առողջ, ուրախ ու ժպտերես: Շնորհավոր, Նոր տարի: Ես կփորձեմ այս տարի քո երազանքը իրականություն դարձնել՝ օլիմպիական ոսկե մեդալ նվաճել»:

Դավիթ, ինչպիսի՞ն էր անցած տարին քեզ համար եւ ի՞նչ նպատակներով ես մտել 2016 թվական:

Անկեղծ կլինեմ՝ անցյալ տարին այդքան էլ հաջող չէր ինձ համար, ես ավելիին էի սպասում, բայց ինձ մոտ չստացվեց հաջողություն գրանցել նախաօլիմպիական տարում: Ես ցանկանում էի ուղեգիր նվաճել, բայց չստացվեց: Այս տարի շատ կարեւոր տարի է բոլորիս համար, ես իմ առջեւ խնդիր եմ դրել նվաճել օլիմպիական ուղեգիր: Ունենք 3 վարկանիշային մրցաշար, եւ ես ամեն գնով պետք է կարողանամ օլիմպիական ուղեգիր նվաճել:  2015-ում անհաջողություններիս պատճառը սպորտային բախտն էր, որը չունեցա անցած տարում եւ մեծ հույս ունեմ, որ սպորտային բախտն ինձ կժպտա այս՝ նոր ու շատ կարեւոր տարում:

Ո՞րն է քո ամանորյա երազանքը 2016-ի համար:

Երազանքս օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելը: Սա յուրաքանչյուր մարզիկի երազանքն է, եւ օլիմպիական տարում հենց այս երազանքն էլ կարծում եմ պահել է յուրաքանչյուր մարզիկ: Դրանից այն կողմ այլ երազանք այս պահին չունեմ եւ հենց այդ երազանքն էլ պահել եմ Ամանորի գիշերը: Իսկ մինչ այդ երազանքի իրականացումը դեռ պետք է մասնակցության հնարավորություն ձեռք բերեմ:

Հավատո՞ւմ ես Ամանորի հրաշքներին, երազանքների իրականացմանը:

Նոր տարին իմ ամենասիրելի տոներից մեկն է: Սա հրաշքների տոն է, երազանքների իրականացման տոն, եւ ես էլ անմասն չեմ մնում Ամանորի գիշերը երազանք պահելուց եւ հավատում եմ, որ իրականանում են այդ երազանքները:

Նոր տարին ինձ համար ջերմության, ընտանեկան համերաշխության, միասնության տոն է, այդ օրը բոլորն իրենց ընտանիքներով տոնական սեղանի շուրջ համախմբված դիմավորում են տարին՝ լի հույսերով, երազանքներով, նպատակներով: Մեր ընտանիքի համար էլ Ամանորը այն առանձնահատուկ տոներից է, որ նշում ենք բոլոր անդամներով եւ պարտադիր Հայաստանում: Արդեն ավանդույթի է վերածվել ամեն տարի Նոր տարուն ընտանիքով գալ Հայաստան եւ Երեւանում մեծ ընտանիքով՝ հարազատներով ու բարեկամներով  դիմավորել Նոր տարին:

Տոնական սեղանի պատրաստությունների ու տոնածառը զարդարելու հարցում օգնո՞ւմ ես ընտանիքիդ անդամներին եւ ո՞րն է մայրիկիդ պատրաստած ամենասիրելի ուտեստը տոնական սեղանից:

Տոնածառ ամեն տարի դնում ենք, զարդարում ենք միասին, դա էլ իր հերթին մի յուրահատուկ տոնի է վերածվում, տոնական տրամադրությամբ է լցվում տունը: Տոնական սեղանից իմ ամենասիրելի ուտեստը հայկական ավանդական խոզի բուդն է, բայց մայրիկիս պատրաստածը:

Նոր տարին ինձ համար առանձնանում է նաեւ նվերներ տալով եւ ստանալով: Սիրում եմ, երբ բոլորը միմյանց նվերներ են տալիս, ուրախացնում, սիրո խոսքեր ասում: Ես էլ եմ մասնակցում այդ ամենին եւ ամենաշատը սիրում եմ նվերներ տալ Նոր տարուն: Առաջին նվերս միանշանակ մայրիկիս եմ տալիս, հետո մյուսներին:

Ասացիր, որ մայրիկիդ ես առաջինը նվեր տալիս, իսկ հաճա՞խ ես արտահայտում քո որդիական սերը նրա նկատմամբ:

Իրականում, ես շատ կարոտում եմ իմ ծնողներին, մասնավորապես, մայրիկիս: Երբ քաղաքից հեռանում եմ, մարզումներ, մրցումներ, ամենաշատը, ում կարոտում եմ՝ մայրս է, ծնողներս: Ինձ համար ծնողները եւ, առանձնապես, մայրը սրբություն է: Մենք հիմնականում հեռավորության վրա ենք շփվում մայրիկիս հետ, նա շատ է անհանգստանում ինձ համար, մենք մշտապես կապի մեջ ենք, զանգում ենք միմյանց, ես էլ իմ հերթին անհանգստանում եմ նրա՝ ինձ համար անհանգստության համար:

Ես չեմ կարող ուղղակի բառերով նկարագրել, թե որքան եմ նրան սիրում: Մենք շատ մտերիմ ենք: Երեւի բոլորն էլ իրենց մայրերի մասին այդ կարծիքը կասեն, որ նրանց նմանը չկա, ես նույնպես ասում եմ՝ կարծում եմ նրա նման մայր աշխարհում չկա: Նույնիսկ շատ հաճախ կարիք էլ չկա բառերով ասել՝ մամ, ես քեզ շատ եմ սիրում: Հեռավորության վրա այդ սերը ես ավելի շատ եմ զգում եւ ստանում եւ գուցե մի զանգն էլ բավարար է, որ նա հասկանա, որ այդ պահին ուզում եմ ասել՝ քեզ շատ եմ սիրում:

Սկզբում նա դեմ էր, որ ազատ ոճի ըմբշամարտով զբաղվեմ, չէր թողնում մարզվեի, բայց հետագայում, երբ արդեն արդյունքներ եղան, ու նա զգաց, որ դա իմ կյանքն է, իմ ընտրությունը, քիչ-քիչ համակերպվեց:

Իրականում, շատ դժվար է արտաբերել «սիրում եմ քեզ» բառերը, հատկապես ծնողներին, բայց ես փորձում եմ հաճախ ասել մայրիկիս, որպեսզի նա դրա պակասը երբեք չգա:

Եվ քո բարեմաղթանքը 2016-ում...

Կուզեմ, որ այս տարին հայկական սպորտի պատմության մեջ ամենահիշվող տարին լինի՝  Ռիո-2016-ում ունենանք ոչ թե մեկ, այլ մի քանի օլիմպիական չեմպիոններ:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով