00:10  ,  18 դեկտեմբերի, 2015

Թիերի Անրի. «Չելսին» հեռացրեց իր պատմության եւ ֆուտբոլի լավագույն մարզիչին

Բրիտանական հեռուստատեսությունում այժմ ֆուտբոլային փորձագետի եւ մեկնաբանի դերում հանդես եկող «Յուվենտուսի», «Արսենալի», «Բարսելոնայի», Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին մեկնաբանել է ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունը:

«Խաղացողները եւս պետք է պատասխան տան արդյունքի համար, բայց չի կարելի մարզիչից հետո հեռացնել նաեւ խաղացողներին եւ կարեւոր չէ՝ լավն են նրանք, թե վատը: «Չելսին» հեռացրեց իր պատմության եւ ֆուտբոլի լավագույն մարզիչին: Որոշ հանդիպումներում թիմն անհաջող էր խաղում ոչ Մոուրինյոյի մեղքով: Խաղացողները խաղում էին առանց ցանկության եւ անփույթ:

«Չելսիին» անհրաժեշտ են փոփոխություններ, կայծ է անհրաժեշտ: Այսօր տխուր օր է ակումբի երկրպագուների համար: Մամուլը եւս կորուստ կրեց: Հույս ունեմ, որ Ժոզեն կվերադառնա»,- Անրիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Մոուրինյոն կարիերայի ընթացքում երկրորդ անգամ էր զբաղեցրել «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնը։ Նրա հետ լոնդոնյան ակումբը երեք անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն, դարձել է Անգլիայի գավաթակիր, երեք անգամ էլ հաղթել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում։

Օգոստոսի 7-ին «Չելսին» չորս տարվա պայմանագիր էր կնքել Մոուրինյոյի հետ։ Ոչ պաշտոնական տվյալներով, ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար ակումբը Մոուրինյոյին պետք է վճարի 40 միլիոն ֆունտ ստերլինգ։

Ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան ակումբը 16 հանդիպումներից 9-ում պարտություն է կրել եւ 15 միավորով 16-րդ տեղում է։

«Չելսիի» մարզիչի թեկնածուներ են համարվում Խուանդե Ռամոսը, Բրենդան Ռոջերսը, Գուս Հիդինկը, Խոսեպ Գվարդիոլան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում