17:39  +04,  21 սեպտեմբերի, 2015

Անկախ Հայաստանի բոլոր չեմպիոնները

Անկախ Հայաստանը 24 տարեկան է: 24 տարի առաջ հայ մարզիկները վերջապես հնարավորություն ունեցան տիտղոսներ նվաճելիս բարձրացնել Հայաստանի դրոշն ու հնչեցնել հայոց հիմնը: Սա յուրաքանչյուր մարզիկի երազանքն է:

ԽՍՀՄ դրոշի ներքո հայ մարզիկները բազմաթիվ հաղթանակներ են գրանցել՝ նվաճելով Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները. հաղթանակների կողքին բացակայում էր միայն անկախ Հայաստան անունը:

1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո հայկական սպորտի համար սկսվեց նոր դարաշրջան: 1988-ի Սպիտակի երկրաշարժ տարած եւ Արցախի ազատամարտի բովում գտնվող հայ ժողովրդի համար անկախացումից հետո սպորտային հաջողությունները իսկական տոն էին:

Անկախ Հայաստանի օլիմպիական չեմպիոնները

1992 թվականի Բարսելոնայի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 5 օլիմպիականներով՝ նվաճելով 4 մեդալ, սահմանելով համաշխարհային ռեկորդ, որը մինչ օրս անգերազանցելի է: Իսրայել Միլիտոսյանը, Մնացական Իսկանդարյանը, Հրաչյա Պետիկյանը դարձան չեմպին, իսկ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը նվաճեց արծաթե մեդալը:

Բարսելոնայի Օլիմպիական խաղերին նախկին ԽՍՀՄ հանրապետությունները վերջին անգամ հանդես եկան ընդհանուր թիմով՝ յուրաքանչյուրն իր դրոշով եւ օրհներգով:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում օլիմպիական չեմպիոն, ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը վերհիշեց Բարսելոնայի Օլիմպիական Խաղերը:

«Երջանիկ եմ եւ հպարտ, որ հայոց եռագույնը, որպես Հայաստանը՝ անկախ հանրապետության խորհրդանիշ, բարձրացվել է իմ պատվին, երբ ես դարձա օլիմպիական չեմպիոն: Դա 1992 թվականի հուլիսի 29-ին էր՝ Բարսելոնայում: Ես միայն հպարտություն եմ զգում՝ լինել անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնը: Բայց ոչ պաշտոնապես էր, քանի որ մենք հանդես էինք գալիս նախկին ԽՍՀՄ ընդհանուր թիմով: Սակայն ամեն մեկս իրավունք ունեինք ներկայացնել մեր երկիրը, հնչեցնել մեր երկրի հիմնը, ծածանել մեր երկրի դրոշը: Այսօրվա պես հիշում եմ այդ օրը, աննկարագրելի վայրկյաններ էին, երբ հնչեց Հայաստանի հիմնը՝ «Մեր հայրենիք, ազատ, անկախ...»: Ինձանից հետո եւս երկու անգամ մեր թիմն աշխարհին ապացուցեց, թե որքան ուժեղ են անկախ Հայաստանի մարզիկները՝ օլիմպիական չեմպիոններ դարձան Հրաչյա Պետիկյանը, Մնացական Իսկանդարյանը, ունեցանք նաեւ փոխչեմպիոն՝ Ալֆրեդ Տեր-Մկրտչյան:

Շնորհավորում եմ Հայաստանի անկախության տոնի առթիվ եւ ցանկանում եմ, որ անկախ Հայաստանի սպորտային հաջողությունները շարունակական լինեն, Օլիմպիական խաղերում կրկին բարձրացվի անկախ Հայաստանի եռագույնը, հնչի մեր հիմնը: Դա ուղղակի երջանկություն է յուրաքանչյուր մարզիկի համար: Բոլորս միահամուռ աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի օլիմպիական չեմպիոններ ունենանք»,- պատմեց օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը:

Օլիմպիական խաղերում հայ մարզիկների հաղթանակներն այսքանով չսահմանափակվեցին: 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանն արդեն որպես անկախ պետության ներկայացուցիչ դարձավ օլիմպիական չեմպիոն՝ հնչեցնելով Հայաստանի հիմնը եւ ծածանելով Հայաստանի եռագույնը։

Շախմատի Հայաստանի հավաքականը երեք անգամ դարձավ Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն՝ 2006, 2008, 2012թվականներին:

Անկախ Հայաստանի աշխարհի չեմպիոնները

24-ամյա անկախ Հայաստանն աշխարհի առաջնություններում չեմպիոնական ուղին սկսվեց 1993 թվականին: Առաջին չեմպիոնը դարձավ բռնցքամարտիկ Նշան Մունչյանը:

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոններն են՝  Աղասի Մանուկյան (1993թ.), Մնացական Իսկանդարյան (1994թ.),  Վաղինակ Գալստյան (2001թ.), Արսեն Ջուլֆալակյան (2014թ.), Արթուր Ալեքսանյան (2014, 2015թթ.):

Ազատ ոճի ըմբշամարտ՝ Արայիկ Գեւորգյան  (1995,1997, 1998թթ.), Արամ Մարգարյան  (2002թ.), Դավիթ Սաֆարյան (2013թ.):

Ծանրամարտ՝ Նազիկ Ավդալյան (2009թ.), Տիգրան Մարտիրոսյան (2010թ.):

Սամբո՝ Գագիկ Ղազարյան (1991թ.), Գուրգեն Թութխալյան (1991թ.), Արթուր Գրիգորյան (1991թ.), Հովիկ Մանուկյան (1993թ.), Երվանդ Գրիգորյան (1997, 1998թթ.),  Քրիստինե Նաջարյան(1998, 2004թթ.), Արեւիկ Կարապետյան (1999թ.),  Աշոտ Դանիելյան (2010թ.), Մավրիկ Նասիբյան (2014թ.):

Հրաձգություն՝ Երջանիկ Ավետիսյան (1994, 1999, 2001, 2006թթ.):

Նավամոդելային սպորտ` Հրաչյա Շահազիզյան (1994, 2001, 2003, 2011թթ.):

Աշխարհի չեմպիոններ են նաեւ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական՝Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Ռոբերտ Հովհաննիսյան (2011թ.):

Անկախ Հայաստանի Եվրոպայի չեմպիոնները

Հունահռոմեական ըմբշամարտ՝ Մնացական Իսկանդարյան (1991, 1992 թթ.), Ալֆրեդ Տեր-Մկրտչյան (1992թ.), Արմեն Նազարյան (1994, 1995թթ.), Կարեն Մնացականյան (1997, 2006 թթ.), Վահան Ջուհարյան (2004թ.), Մովսես Կարապետյան (2005թ.), Ռոման Ամոյան (2006, 2011թթ.), Յուրի Պատրիկեեւ(2008, 2009թթ.), Արսեն Ջուլֆալակյան (2009թ.), Արթուր Ալեքսանյան (2012, 2013, 2014թթ.):

Ազատ ոճի ըմբշամարտ՝ Արմեն Մկրտչյան (1994թ.), Անուշավան Սահակյան (1994թ.), Արայիկ Գեւորգյան (1995, 1997, 1998թթ.), Մարտին Բերբերյան (2004թ.), Դավիթ Սաֆարյան  (2013թ.):

Ծանրամարտ՝ Խաչատուր Քյափանակցյան (1993թ.), Աշոտ Դանիելյան (1999, 2000թթ.), Գեւորգ Դավթյան (2006, 2007թթ.), Հռիփսիմե Խուրշուդյան (2007թ.), Մելինե Դալուզյան (2007, 2008թթ.), Նազիկ Ավդալյան (2008թ.), Տիգրան Մարտիրոսյան (2008թ.),  Առաքել Միրզոյան (2009թ.), Գեւորգ Պողոսյան (2010թ.), Տիգրան Գ. Մարտիրոսյան (2008, 2010, 2015թթ.):

Բռնցքամարտ՝ Իսրայել Հակոբկոխյան (1991թ.), Էդվարդ Համբարձումյան (2008թ.), Հովհաննես Դավթյան (2008թ.), Հրաչիկ Ջավախյան (2010թ.):

Հրաձգություն՝ Երջանիկ Ավետիսյան (1991, 1994, 2000, 2001, 2012 թթ):

Ձյուդո՝ Արմեն Նազարյան (2005թ.):

Սամբո՝ Վահան Խոջոյան (1999թ.), Գոհար Գեւորգյան (1999թ.), Քրիստինե Նաջարյան (1999, 2001թթ.), Երվանդ Գրիգորյան (2003թ.), Վաչիկ Վարդանյան (2011թ.), Տիգրան Կիրակոսյան (2014թ.):

Թաեքվոնդո՝ Արման Երեմյան (2008թ.):

Անկախ Հայաստանի Եվրոպայի չեմպիոններ են եղել շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ Սմբատ Լպուտյան, Արտաշես Մինասյան, Աշոտ Անաստասյան, Լեւոն Արոնյան, Արշակ Պետրոսյան (1999թ.) եւ կանանց հավաքականը՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Նելլի Աղինյան (2003թ.):

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ