20:54  ,  23 հուլիսի, 2015

Եվրոպայի լիգա. «Ալաշկերտը» հաղթեց «Կայրաթին», բայց լքեց պայքարը

Երեւանի «Ալաշկերտը» նույնպես ավարտեց ելույթը ֆուտբոլի Եվրոպայի լիգայում, որի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 2։1 հաշվով հաղթեց ղազախական «Կայրաթին», սակայն պայքարը լքեց Ալմաթիում 0:3 հաշվով կրած պարտության պատճառով: 

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած պատասխան խաղի սկզբնամասն անցում էր փոխնիփոխ գրոհներով ու հավասար պայքարում: Առաջին իրական գոլային պահն ունեցան տանտերերը, սակայն 13-րդ րոպեին «Ալաշկերտի» նորեկ Արաուժո Դոս Սանթոսը չկարողացավ հարմար դիրքից գրավել դարպասը: Առաջին խաղակեսի միջնամասում ղազախները մի պահ նկատելի առավելություն էին ստացել եւ ստեղծեցին մի քանի իրական գոլային պահեր, սակայն չհաջողվեց բացել հաշիվը, ինչն արեցին դաշտի տերերը: 27-րդ րոպեին Արարատ Առաքելյանը տուգանային հարվածով առաջ մղեց «Ալաշկերտին»: Առաջին խաղակեսի վերջնամասում դաշտի տերերն ավելի հաճախ էին գրոհում, բայց հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: «Կայրաթի» պատասխան գոլը խփեց կոտդիվուարցի հարձակվող Ժերար Գոուն եւ թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում ղազախներն ունեցան 100 տոկոսանոց գոլային պահ, բայց Գեւորգ Կասպարովն իր թիմին փրկեց գոլից: Երկրորդ խաղակեսը դիտարժանությամբ զիջում էր առաջինին, իսկ խաղի տեմպն ավելի ցածր էր: «Կայրաթն» ուներ նկատելի տարածքային առավելություն եւ կորցրեց մի քանի գոլային պահ։ «Ալաշկերտի» սակավաթիվ գրոհները եւս վտանգ պարունակում էին, իսկ ավելացված ժամանակում Դոս Սանթոսը, օգտվելով մրցակցի պաշտպանի եւ դարպասապահի սխալից, հաղթանակ պարգեւեց Աբրահամ Խաշմանյանի թիմին: 

Հիշեցնենք, որ «Ալաշկերտն» այս տարի էր նորամուտը նշել եվրագավաթներում՝ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում 2 խաղերի արդյունքում հաղթելով շոտլանդական «Սենթ Ջոնսթոնին»: «Կայրաթի» հաջորդ մրցակիցը լինելու է խորվաթական «Ռիեկայի» եւ շոտլանդական «Աբերդինի» դիմակայության հաղթողը:

Ավելի վաղ Եվրոպայի լիգայից դուրս էին մնացել նաեւ Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչները՝ փոխչեմպիոն Երեւանի «Ուլիսն» ու բրոնզե մեդալակիր Գյումրիի «Շիրակը»: «Ուլիսը» որակավորման առաջին փուլում ճանապարհը զիջել էր Մալթայի «Բիրկիրկարային», իսկ գյումրեցիները բոսնիական «Զրինսկիի» արգելքը հաղթահարելուց հետո երկրորդ փուլում պարտվեցին շվեդական ԱԻԿ-ին:

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Ալաշկերտ» (Հայաստան) - «Կայրաթ» (Ղազախստան) – 2:1 (առաջին խաղ՝ 0:3)

Արարատ Առաքելյան, 28, Արաուժո Դոս Սանթոս, 90+4 - Ժերար Գոու, 45+3

«Ալաշկերտ». Գեւորգ Կասպարով, Ֆոֆանա Սեկու, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Կարեն Մուրադյան (Արամ Հովսեփյան, 78), Խորեն Վերանյան (Գեւորգ Պողոսյան, 58), Սերգեյ Ուսենիա, Արամ Բարեղամյան, Արտակ Գրիգորյան, Արաուժո Դոս Սանթոս, Նորայր Գյոզալյան (Միհրան Մանասյան, 58)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով