12:20  ,  19 հունիսի, 2015

Հայաստանի մարզիկները՝ Եվրոպական խաղերում. Արամ Ավագյան

Եվրոպական Խաղերը շարունակվում են: Հայաստանը Եվրոպական խաղերում արդեն ունեցել է 13 մասնակից 4 մարզաձեւում՝ հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, թաեքվոնդո եւ հրաձգություն: Հայաստանի թիմը դեռ մեկ մեդալ է նվաճել: Հունահռոմեական ըմբշամարտում Միհրան Հարությունյանը 66 կգ քաշայինների պայքարում դարձել է փոխչեմպիոն:

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել Եվրոպական խաղերում Հայաստանի մասնակիցներին:

Արամ Ավագյան, բնռցքամարտ, 56 կգ քաշային կարգ:

Ծնվել է 1991 թվականի հունվարի 18-ին: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ է, Հայաստանի բազմակի չեմպիոն, 2012 թվականի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն, 2013 թվականի Եվրոպայի մեծահասակների բրոնզե մեդալակիր, 2013 թվականին ընդգրկվել է Հայաստանի 10 լավագույն մարզիկների շարքում:

«Ինձ համար նշանակություն չունի, թե այս մրցումները որտեղ են անցկացվում: Բարձր կարգի մրցում է: Կարեւորում ենք ռինգում լավ բռնցքամարտելը, գեղեցիկ մենամարտ անցկացնելը: Թե Բաքվում ինձ ինչպես կընդունեն, որպես հայ մարզիկ, ինձ չի անհանգստացնում, իմ գերագույն խնդիրը բարձր արդյունքով մենամարտ անցկացնելն է: Հոգեբանական ճնշումներին տեղիք չեմ տա, որ ինձ վրա ազդեն: Ես եմ իմ հոգեբանը եւ ինքս ինձ տրամադրողը: Իմ ծնողները այն բացառիկներից էին, որ կողմ էին Բաքու մեկնելուս եւ ինձ ոգեւորում էին, հորդորում, որ ես որպես հայ տղամարդ պետք է անպայման մասնակցեմ եւ լավ հանդես գամ Բաքվում: Ես կանեմ ամեն հնարավոր բան, որպեսզի մեդալ նվաճեմ: Ես նպատակ ունեմ մեդալով վերադառնալ հայրենիք»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արամ Ավագյանը:

Արամ Ավագյանը ռինգ դուրս կգա հունիսի 19-ին: Նա ուժերը կչափի բուլղարացի Ստեֆան Իվանովի հետ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս