16:43  +04,  15 հունիսի, 2015

Սամվել Գեւորգյան. Մեծ հաղթանակի օր էր բոլորիս համար, մեր դրոշը բարձրացվեց Բաքվում

Մեծ հպարտություն եմ զգում, որ մենք հայ ենք, որ եկել հասել ենք այստեղ, որ մասնակցել ենք, մեդալ ենք նվաճել, եռագույնը բարձրացրել։ Ամբողջ թիմն է զգում հպարտություն։ Ճիշտ է՝ մեդալը արծաթ է, բայց իմ եւ ամբողջ մեր պատվիրակության համար այս արծաթը 10 հատ ոսկե մեդալ արժե։ Լավ կլիներ, որ հիմն էլ հնչեր այստեղ՝ Բաքվում, բայց չկարողացանք։ Երեւի ինչ-որ պատճառներ կային, որ թույլ չտվեցին կամ չկարողացանք մենք հասնել այդ նպատակակետին։

Ամփոփելով Բաքվում ընթացքող Եվրոպական խաղերում հայ հունառոմեական ըմբիշների մրցելույթները՝ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Եվրոպական առաջին մարզական խաղերում Հայաստանի պատվիրակության անդամ, հունահռոմեական ըմբիշներին Բաքու ուղեկցած Սամվել Գեւորգյանը։

Պարոն Գեւորգյան, որպես գլխավոր մարզիչ, Հայաստանի թիմին Բաքու տանելու պատասխանատվությունը այս անգամ դրված էր Ձեր ուսերին։ Ամփոփեք մարզիկների մրցելույթները Բաքվում։

Շնորհավորում եմ բոլորիս արծաթե մեդալի կապակցությամբ։ Ես ամբողջ թիմից գոհ եմ։ Մեր տղաները մեծ աշխատանք արեցին, համառ պայքար տարան, տղամարդու պես կռվեցին բոլորն էլ։ Ոչ մեկից դժգոհ չեմ։ Ես, Էդիկ Սահակյանը եւ մյուսները շատ գոհ ենք։ Բոլորն էլ շատ լավ մասնակցեցին։ Ամեն ինչ արեցին այս պայմաններում, որքան կարողացան։ Անկեղծ կլինեմ, այստեղ՝ մրցումային դահլիճումշատ լարված մթնոլորտ էր տիրում։ Լարված մրցումներ էին։ Մարզչական կազմն ամեն ինչ արեց, որպեսզի գոնե դրոշը բարձրացնենք Բաքվում։ Լավ կլիներ, որ հիմն էլ հնչեր այստեղ՝ Բաքվում, բայց չկարողացանք։ Երեւի ինչ-որ պատճառներ կային, որ թույլ չտվեցին կամ չկարողացանք մենք հասնել այդ նպատակակետին։

Ես Միհրանի պատասխանատու մարզիչն եմ, երբ նա լինում է Հայաստանում։ Նա շատ լավ ըմբիշ է, նա կարող է մեզ դեռ շատ ուրախացնել։ Ես հավատում էի եւ հավատում եմ Միհրանի ուժերին, որ նա դեռ մեծ նվաճումներ կունենա։ Միհրան Հարությունյանը մեզ բոլորիս շատ ուրախացրեց։ Մեզ համար սա ոսկի է։ Կարծում եմ՝ բոլորն էլ տեսան, թե ինչ տեղի ունեցավ մրցագորգում, թե ինչպես մրցավարները աջակցեցին ռուս ըմբիշին։

Միհրան Հարությունյանի գոտեմարտում մրցավարական կողմնապահություն կար։ Կարծո՞ւմ եք, որ հատուկ մտածված էր։

Կողքից նայողները շատ են ասում, որ հատուկ մտածված էր Միհրան Հարությունյանի գոտեմարտում ռուս ըմբիշին մրցավարների աջակցությունը։ Ես չեմ ցանկանում պատճառներ փնտրել, թե ինչու այդպես եղավ, կամ մեղադրանքներ ներկայացնել։ Փաստն այն է, որ այդ մասին խոսում են մասնագետները եւ բոլորը տեսան, թե ինչ կատարվեց գորգում։ Ես միայն կասեմ, որ մեծ հաղթանակի օր էր բոլորիս համար, մեր դրոշը բարձրացվեց, մեր թիմը համառ պայքարի դուրս եկավ, բոլոր չորս տղաներն էլ հերոսաբար կռվեցին։

75 կգ քաշային Կարապետ Չալյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում։ Ձեր մեկնաբանությունը։

Կարապետ Չալյանը առաջին իսկ գոտեմարտից պարտվեց։ Պատճառն այն էր, որ նա բաց թողեց պարտերը։ Նա պայքարեց աշխարհի եւ Եվրոպայի մրցանակակիր դանիացու հետ, ով եզրափակիչ դուրս գալուց վերջին րոպեին պարտվեց ուկրաինացուն եւ մեր մարզիկը հնարավորություն չունեցավ շարունակելու պայքարը բրոնզե մեդալի համար։ Իմ կարծիքով եթե դանիացին  հաղթեր եւ ճանապարհ բացեր Կարապետ Չալյանի համար, գուցե մեր մարզիկը կարողանար բրոնզե մեդալ նվաճել։

Մաքսիմ Մանուկյանի մրցելույթին ի՞նչ գնահատական կտաք։

Մաքսիմ Մանուկյանը շատ լավ հանդես եկավ։ Նա գրագետ ու գեղեցիկ գոտեմարտեր վարեց։ Հատկապես, հիացմունքի էր արժանի ադրբեջանցու հետ գոտեմարտը՝ որում ուղղակի տապալեց ադրբեջանցուն՝ 9։0 հաշվով պարտության մատնելով։ Մաքսիմը բոլորիս շատ ուրախացրեց, բոլորս արդեն մեծ հույսեր ունեինք, բայց Մաքսիմ Մանուկյանը մի քիչ շուտ գորգ բարձրացավ, շուտ կանչեցին եւ նա չհասցրեց հանգստանալ ադրբեջանցու հետ գոտեմարտից հետո։ 

Իսկ Ռոման Ամոյանն, ինչպես նախորդ զրույցում ասացի, ամեն ինչ արեց, որպեսզի մեդալ նվաճի, միայն թե վնասվածքները նրանից ուժեղ գտնվեցին։

Ի՞նչ տպավորություններով եւ տրամադրությամբ է Հայաստանի թիմը վերադառնում Բաքվից։

Մեզ այստեղ շատ լավ պաշտպանեցին, մեր թիկնապահները նույնիսկ ասում էին՝ ավելի լավ է մեզ ինչ-որ բան լինի, քան ձեզ։ Մեզ ուղղակի խնդրում էին, որ սադրանքների չենթարկվենք, հանդիսատեսի սուլոցներին ու բղավոցներին ուշադրություն չդարձնենք, մենք էլ ինչքան կարողանում էինք, փորձում էին անուշադրության մատնել։ Բայց դա ասելով չէ, կամ որոշելով չէ։ Յուրաքանչյուր հայ էլ, ով այստեղ գտնվի, կզգա, կտեսնի, կհասկանա վերաբերմունքը։

Մաքսիմ Մանուկյանը, Կարապետ Չալյանը եւ Ռոման Ամոյանը շատ վատ են տանում առանց մեդալի Հայաստան վերադառնալու փաստը։ Նրանք բոլորն էլ կռվող տղաներ են, եւ բոլորն էլ այստեղ արժանի էին մեդալի։ Ես ասել եմ եւ ասելու եմ, որ արծաթե մեդալը միայն Միհրան Հարությունյանինը չէ, դա բոլորիս մեդալն է։ Մենք ամբողջ թիմով ենք նվաճել այդ մեդալը։ Միահամուռ ուժերով, բոլորս միմյանց օգնելով Բաքվում՝ բարձրացրեցինք մեր եռագույնը, ինչի համար ուրախ ենք ու հպարտ։

Մեծ հպարտություն եմ զգում եւ ոչ միայն ես, այլեւ մեր ամբողջ թիմը, որ մենք հայ ենք, որ եկել հասել ենք այստեղ, որ մասնակցել ենք, մեդալ ենք նվաճել։ Ճիշտ է՝ արծաթ է, բայց իմ եւ ամբողջ մեր պատվիրակության համար այս արծաթը 10 ոսկի արժե։

Հունահռոմեական ըմբիշների թիմը Հայաստան կվերադառնա հունիսի 16-ի երեկոյան։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ