18:30  ,  14 հունիսի, 2015

Միհրան Հարությունյանն արծաթե մեդալ նվաճեց Բաքվում (ֆոտո)

Միհրան Հարությունյանի պատվին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կբարձրացվի Հայաստանի դրոշը: Հայաստանը ներկայացնող մարզիկն արծաթե մեդալակիր դարձավ Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում:

66 կգ քաշային կարգի եզրափակիչում 26-ամյա Հարությունյանը 0:2 հաշվով պարտվեց ռուս Արտյոմ Սուրկովին: Առաջին մրցափուլն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ երկրորդում ռուս 21-ամյա ըմբիշը վաստակեց 2 հաղթական միավոր:

Եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը կիսաեզրափակիչում 8:5 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Հասան Ալիեւին, 6:0 հաշվով պարտության էր մատնել իսպանացի Սանչես Նավարոյին, 1 րոպե 17 վայրկյանում 8:0 հաշվով առավելության էր հասել բուլղարացի Կոնստանտին Ստասի նկատմամբ եւ 3 րոպե 8 վայրկյանում 9:1 հաշվով ուժեղ էր գտնվել սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչից: 

Նշենք, որ Եվրոպական խաղերի պաշտոնական կայքի Youtube-ի ալիքը հեռարձակել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի գոտեմարտերը, սակայն չցուցադրեց 66 կգ քաշային կարգի մեդալային հանդիպումներն ու Միհրան Հարությունյանի մասնակցությամբ եզրափակիչը: Սա Հայաստանի առաջին մեդալն էր Բաքվում:

Հունիսի 14-ին պայքարի մեջ էին մտել նաեւ 75 կգ քաշային Կարապետ Չալյանը եւ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Չալյանը անհաջող էր մեկնարկել՝ 1/16 եզրափակիչում 1 րոպե 55 վայրկյանում 0:8 հաշվով պարտվելով դանիացի Մարկ Մադսենին եւ դուրս մնալով պայքարից: Մաքսիմ Մանուկյանը չեխ Արտուր Օմարովի, ադրբեջանցի Սաման Տահմասեբիի եւ լիտվացի Ալեքսանդր Կազակեւիչի նկատմամբ հաղթանակներից հետո կիսաեզրափակիչում պարտվել էր Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենյուկին եւ թուրք ըմբիշի հետ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի առաջին մրցումային օրը հանդես էր եկել նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը, ով պարտվել էր 59 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Բաքու էր մեկնել 4 ըմբիշներով: Եվրոպական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը կմեկնարկի հունիսի 17-ին: Այդ ոճում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ՝ Գարիկ Բարսեղյան (57կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61կգ), Դավիթ Սաֆարյան (65կգ), Գրիգոր Գրիգորյան (74կգ), Մուսա Մուրթազալիեւ (86կգ) եւ Լեւան Բերիանիձե (125կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում