13:11  ,  13 հունիսի, 2012

Հայ-ֆրանսիական դիմակայություն աշխարհի չեմպիոնի գոտու համար` օգոստոսին Ռոստովում

Տարիներ առաջ, երբ ստեղծվեց պրոֆեսիոնալ արմֆայթինգի ֆեդերացիան, ես իմ առաջ դրեցի մի խնդիր, այն է՝ որպեսզի Հայաստանում բնակվող հայ մարզիկը կարողանա հռչակվի աշխարհի չեմպիոն, ունենա գոտու վարկանիշ: Այսօր, հունիսի 13-ին այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:

Հունիսի 17-ին, Հայաստանում 10-րդ անգամ տեղի կունենա K-1 եւ մարտեր առանց կանոնների մարզաձեւերի միջազգային մրցաշար: Իսկ օգոստոսին աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտի դուրս կգա առաջին մարզիկը Հայաստանից: Աշխարհի չեմպիոնի գոտու մենամարտը տեղի կունենա Ռուսաստանի Ռոստով քաղաքում: Մենամարտի է դուրս գալու հայ մարզիկ Դավիթ Խաչատրյանը: 70 կգ քաշային կարգում նրա մրցակիցը կլինի սեւամորթ ֆրանսիացի Մամուռ Ֆոլը:

Հայկ Ղուկասյանի խոսքով Ռոստովից իրենց վերադառնալու են գոտիով: 

«Իրականում Հայաստանում ամեն ինչ ունենք, որպեսզի մեր տղաները դառնան չեմպիոն:  Ռուսաստանից կվերադառնանք գոտիով: Մեր խնդրանքով է մենամարտը տեղի ունենալու Ռոստովում, քանի որ այնտեղ շատ հայեր կան,  Դավիթ Խաչատրյանն էլ այնտեղ լավ ճանաչված է: Այնտեղ նա նույնսիկ Ադրբեջանի մարզիկին խայտառակ պարտության է մատնել: Դավիթ Խաչատրյանի հետ մեր հույսերը մեծ են, քանի որ նա հասկանալով է կարողանում մենամարտել ռինգում: Նա երբեք ինձ չի ասել, ես հանձնվում եմ, կամ կպարտվեմ: Նա միշտ ասում է՝ երբ ես մտնում եմ մրցահարթակ, մտնում եմ միայն հաղթելու նպատակով: Մեր հնարավորություններն ավելի մեծ են, քանի որ Դավիթ Խաչատրյանը ավելի շատ է մենամարտել, քան ֆրանսիացի մարզիկը, ում հետ նա կմրցի: Դավիթն ունի 17 մենամարտ, որից 15-ը հաղթանակով, միայն երկուսը` պարտություն: Իսկ այդ երկու մենամարտերի ժամանակ Դավիթ Խաչատրյանը պարտվել է մրցավարների կողմնապահության պատճառով»,- ասաց Հայկ Ղուկասյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում