14:20  ,  5 մայիսի, 2015

Պողոս Պողոսյան. Աշխարհի առաջնությունում սպասումներ ունեմ միայն Տիգրան Մարտիրոսյանից

Այն մեդալները, որոնք եղան Եվրոպայի առաջնությունում, իմ քրտնաջան աշխատանքի արդյունքն են։ Սակայն այս կիլոգրամներով մեր տղաների համար աշխարհի առաջնությունում տխուր կլինի։ Սիրտս ցավում է իմ սաների արդյունքների համար։ Անցյալ տարվա աշխարհի առաջնության ժամանակ ինձ քննադատում էին Ռուբեն Ալեքսանյանի 0-ի համար։ Իսկ հիմա Աղասի Աղասյանի 0-ի համար ո՞ւմ պետք է քննադատեն։ Ինչ վերաբերում է Ռիո-2016-ին, հավաքականն ունի 5 ուղեգիր, որը բերել է Պողոս Պողոսյանը եւ նվիրել իրենց։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը՝ ամփոփելով Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդների մրցելույթները։

Հիշեցնենք, որ տղամարդկանց պայքարում Հայաստանի հավաքականը նվաճել է երեք մեդալ. 77 կգքաշային Տիգրան Մարտիրոսյանը դարձել է չեմպիոն, նույն քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը գրավել է երրորդ տեղը, 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը նվաճել է արծաթե մեդալ։

Պարոն Պողոսյան, Ձեր պաշտոնանկությունից հետո հավաքականը Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ ապրիլին մասնակցեց Եվրոպայի առաջնության եւ վերադարձավ երեք մեդալով։ Որպես հավաքականի նախկին մարզիչ՝ Ձեր սաների մրցելույթներին եւ երեք մեդալին ի՞նչ գնահատական կտաք։

Շնորհավում եմ հավաքականին մրցանակային տեղեր գրավելու համար, չեմպիոն, փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր ունենալու համար։ Շնորհավորում եմ գլխավոր մարզիչին եւս, քանի որ 3 մեդալը լուրջ հաղթանակ է։ Ինչպես Փաշիկ Ալավերդյանն է ուրախացել, այնպես էլ ես եմ ուրախանում իմ սաների համար։ Սա իմ քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Ես երկար տարիներ աշխատել եմ այդ թիմի հետ։ Սակայն թիմային հաշվարկում մեր հավաքականը չգերազանցեց անցյալ տարվա մեր արդյունքը։ Մենք անցյալ տարի Եվրոպայի առաջնությունում գրավեցինք չորրորդ տեղը թիմային հաշվարկում։ Իսկ այս տարի չբարելավեցին այդ արդյունքը։ Դա մտածելու տեղիք է տալիս։ Այս կիլոգրամներով մեր տղաների համար աշխարհի առաջնությունում տխուր կլինի, կիլոգրամները շատ ցածր են։

Այս առաջնությունում ծանրորդներից ովքե՞ր Ձեզ գոհացրեցին,  ովքե՞ր զայրացրեցին։

Սմբատ Մարգարյանի մոտ պոկում վարժությունում առաջընթաց նկատեցի։ Բայց հրում վարժությունում էլի թերացավ։ Անցյալ տարի Եվրոպայի առաջնությունում բարձրացրած կիլոգրամը Սմբատը չբարձրացրեց։

Ինձ բացարձակ չգոհացրեց անցյալ տարվա Եվրոպայի փոխչեմպիոն Վանիկ Ավետիսյանի մցրելույթը։ Նա շատ վատ հանդես եկավ։ Ինձ համար նույնիսկ ցավալի էր, որ արծաթե մեդալակիր տղան չկարողանա կրկնի իր բարձրացրած կիլոգրամները եւ գրավի չորրորդ տեղը։

Աղասի Աղասյանի 0-ն ինձ շատ վրդովեցրեց։ Այն հրում վարժությունից, որից 0 ստացավ, Աղասին մրցումների ժամանակ առանց խնդրի  միշտ բարձրացրել է այդ քաշերը  Ու ինձ համար շատ զարմանալի է, թե այդ քաշից Աղասի Աղասյանն ինչպե՞ս զրո ստացավ։ Կամ եթե զգում էին՝ թույլ է, ինչո՞ւ էին թույլ տալիս մրցահարթակ դուրս գար։ Չէ՞ որ անցյալ տարվա աշխարհի առաջնության ժամանակ ինձ քննադատում էին Ռուբեն Ալեքսանյանի 0-ի համար։ Իսկ հիմա Աղասի Աղասյանի 0-ի համար ո՞ւմ պետք է քննադատեն։

Իսկ ինչ մնում է 105 կգ Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությանը, այդ երիտասարդի կյանքը 5 տարի կարճացրել են։ Անընդհատ փորձարկում են այդ տղային, գերհզոր մրցակիցների դեմ։ Չի կարելի։ Սիմոն Մարտիրոսյանը կարող էր երրորդ տեղ գրավել։ Դա էլ իրենց սխալն է, որ չկարողացավ մրցանակային տեղ գրավեր։ Բայց նա մեդալի հավակնորդ էր միանշանակ։

77 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը ոսկե մեդալի հավակնրդ էր։ Նա ոչ թե երրորդ տեղի, այլ չեմպիոնության համար պետք է պայքարեր։ Անդրանիկ Կարապետյանի մրցելույթներն ինձ շատ դուր եկավ, իրականում նա ավելի շատ պատրաստված էր, քան մյուսները։

Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի մասին ի՞նչ կասեք։

Երկար տարիներ Տիգրան Մարտիրոսյանը, չկարողանալով իր տեղը գտնել խոշոր մրցաշարերում, կարողացավ չեմպիոնի տիտղոսը նվաճել, սա շատ գովելի է։ Վերջապես չեմպիոն է դարձել։ Տիգրանի համար սա իրոք հաղթական վերադարձ էր, մեծ նվաճում։ Նա այս նվաճումից ավելի կզգաստանա։ Վերջապես իր համար նա ճանապարհ հարթեց։ Մեծ սպորտում երկար տարիների պարտությունները, հիասթափությունները շատ են կոտրում մարզիկին, բարդ է շատ։ Նա հավաքվեց եւ ապացուցեց, որ այդ քաշային կարգում նա ուժեղագույնն է։ Բայց այս կիլոգրամների վրա Տիգրան Մարտիրոսյանը 20 կգ պետք է ավելացնի աշխարհի առաջնության համար։

Թիմում տակտիկական փոփոխություն, նորություն նկատեցի՞ք։

Նորություն չեն մտցրել թիմում։ Ես չտեսա մի քաշային կարգ, որ ասեի, սա նորություն էր։ Ես այնտեղ չտեսա ու չհասկացա, թե հավաքականի գլխավոր մարզիչն ով էր, երկրորդն ով էր, անձնական մարզիչներն ովքեր էին։ Քաշային կարգեր կային, որ ես գլխավոր մարզիչին նույնիսկ չէի էլ տեսնում։ Չէի հասկանում, թե այնտեղ ինչ էր կատարվում։ Հավաքականի գլխավոր մարզիչը առաջին շարքում պետք է կանգնած լինի։

Այն արդյունքները, որ եղավ Եվրոպայի առաջնությունում, դա իմ քրտնաջան աշխատանքի արդյունքն էր։ Այս մարզիկներն իմ սաներն են, ես նրանց հետ երկար ճանապարհ եմ անցել, ուրախացել եմ, տխրել եմ, դժվարություններ անցել, հիասթափություններ հաղթահարել։ Այժմ սիրտս ցավում է իմ սաների այս արդյունքների համար՝ Աղասի Աղասյանի 0-ի համար, Վանիկ Ավետիսյանի չորրորդ տեղի համար, Անդրանիկ Կարապետյանի բրոնզե մեդալի համար։

Աշխարհի առաջնությունում սպասումներ ունեմ միայն Տիգրան Մարտիրոսյանից։ Նա շատ պետք է աշխատի։ Իսկ մնացած քաշերի համար խոսելն անիմաստ է։ Ինչ վերաբերում է Ռիո-2016-ին, հավաքականն ունի 5 ուղեգիր, որը բերել է Պողոս Պողոսյանը եւ նվիրել իրենց։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով